Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:46 13-09-2021

Լոլիկի ադրբեջանականն է լավը, ազդակների՝ թուրքականը, կառավարության՝ ՔՊ-ականը. թուրքական ազդակների ու ապաշրջափակման վտանգավոր փուչիկը

Թուրքիայից եկող դրական ազդակներից մինչև երկաթուղին վերագործարկելու ակնարկներ, ու այս ամենը՝ երկրի առաջին դեմքի մակարդակով: Դրան էլ զուգահեռ, ԱԽ քարտուղարի մակարդակով խոսում են Ադրբեջանի հետ վերջնական խաղաղության հասնելու հեռանկարներից: Կառավարության վերջին կես տարվա իդեաֆիքսը դարձել է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը, ընդ որում՝ ամեն գնով: Այնպիսի տպավորություն է, որ դեդլայնը մոտենում է, իսկ անելիքներ դեռ շատ կան:

Ինչևէ: Կառավարությունը ցանկանում է հնարավորինս արագ առևտուր սկսել ոխերիմ հարևանների հետ: Բայց այդ հայտարարությունների ֆոնին դեռ չեն ներկայացրել ոչ մի խելքը գլխին վերլուծություն, թե մենք՝ որպես պետություն, դրանից ի՞նչ ենք շահելու: Չկա ոչ մի հաշվարկ, թիվ, վիճակագրություն, թե մենք ի՞նչ ունենք առաջարկելու այդ պետություններին: Լինելու է առևտո՞ւր, թե վերածվելու ենք տարածաշրջանային «դուքյանի», մենք էլ խանութպանից կվերածվենք «Գիքորի», որին, «էստի համեցեք» գոռալուց բացի, այլ բան չի մնալու:

Հիմա խոսենք ավելի փաստացի ու արաբական աշխարհից մեզ նվեր մնացած ամենաարժեքավոր բանով՝ թվերով:

Նախ, որպեսզի հասկանանք, թե ի՞նչ կկատարվի Հայաստանի տնտեսության հետ այս պայմաններում Թուրքիայի հետ առևտուր սկսելուց հետո, պետք է դիտարկենք արդեն եղած փորձը: Ընդ որում՝ ոչ թե մեր, այն պարզապես չկա, այլ հարևան Վրաստանի: Այդ պետությունը, ի դեպ, մեզնից մի քանի անգամ ավելի լավ մեկնարկային ու աշխարհագրական դիրքում էր գտնվում:

Չնայած բազմաթիվ առավելություններին՝ Վրաստանի տնտեսությունն իր պատմական մաքսիմումը գրանցել է 2003 թվականին: Մինչև օրս, սակայն, այն չի կարողանում հասնել 18 տարի առաջ գրանցած ցուցանիշին:

Դա հենց այն տարին է, երբ իշխանության եկավ Միխեիլ Սաակաշվիլին, և տնտեսական կուրսը փոխեց դեպի Թուրքիա:

Այդ տարիների ընթացքում Վրաստանի շուկան աստիճանաբար լցվեց թուրքական ապրանքով, որին դիմակայել չէին կարող վրացի արտադրողները: Բանը հասավ նրան, որ գյուղատնտեսական ապրանքները գրեթե ամբողջությամբ ներկրվում են Թուրքիայից, ու սա այն պարագայում, երբ երկիրն առանձնապես չի նեղվում բերրի վարելահողերի պակասից: Ավելին՝ Վրաստանը Թուրքիայից սկսեց նույնիսկ խաղող ներկրել: Այս արտահայտությունն այնքան աբսուրդ չէր հնչի, եթե Վրաստանն ամբողջ աշխարհին չներկայանար որպես գինեգործության հնագույն կենտրոններից մեկը: Մեզնից հետո, իհարկե:

Ընդ որում՝ սա էլ այն դեպքում, երբ Վրաստանի տնտեսական կենտրոնը ծավալվում է Թբիլիսիի պարագծով, իսկ դա սահմանից բավականին հեռու է: Սահմանին ավելի մոտ վայրերում, օրինակ՝ Բաթումիում, պատկերն ավելի աղետալի է: Քաղաքն այսօր թուրքական արվարձան է հիշեցնում:

Ամբողջ խնդիրն այն է, որ թուրքական գյուղատնտեսական ապրանքների ծավալն ահռելի է, ինչն էլ իր հերթին ազդում է դրանց գնի վրա: Դրանք չափազանց էժան են ու փաստացի մրցակցությունից դուրս են թողնում տեղական արտադրողներին: Թեև որակապես էապես զիջում են, քանի որ նման ծավալների դեպքում հնարավոր չէ որակ ապահովել, ամեն դեպքում էժան գնի շնորհիվ մեծ պահանջարկ ունեն վրացական շուկայում:

Ըստ տնտեսագետ Հրանտ Միքայելյանի՝ Հայաստանում վիճակն ավելի աղետալի է լինելու: Նախ՝ Հայաստանը, մասնավորապես մայրաքաղաք Երևանը, սահմանին շատ ավելի մոտ է գտնվում, քան վրացական տնտեսական կենտրոնները: Դա իր հերթին կրճատում է տրանսպորտային բազմաթիվ ծախսեր, հետևաբար ապրանքի ինքնարժեքն ավելի ցածր է լինելու, քան Վրաստանում:

Իսկ Ադրբեջանի հետ երկարատև խաղաղության հետևանքներն արդեն տեսնում ենք: Գորիս-Կապան ճանապարհին տեղադրված անցակետը վերջնականապես գերեզման կդնի հայ-իրանական գործակցության վերջին նշույլները:

Հիմա եկեք պարզապես հասկանանք Թուրքիայի տնտեսության ծավալներն ու պարզենք՝ այդ ի՞նչ ունենք մենք Թուրքիային առաջարկելու, որպեսզի կարողանանք դիմակայել սկզբում տնտեսական, հետո էլ՝ ամբողջական ասիմիլյացիային:

Եվ այսպես. գյուղատնտեսություն

Համեմատում ենք բացառապես պաշտոնական այն տվյալները, որոնք արտացոլվում են միջազգային հեղինակավոր վիճակագրական համակարգերում: Theglobaleconomy.com hարթակը մանրամասն վիճակագրություն է ներկայացնում տնտեսության ամենատարբեր ճյուղերում գրանցված արդյունքների վերաբերյալ:

Հիմա եկեք համեմատենք Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի տվյալները՝ մեկ հեկտար վարելահողից քանի՞ կիլոգրամ հացահատիկ է ստացվում:

Աղբյուրը ներկայացնում է մինչև 2018 թվականի տվյալները: Նայենք վերջին երեք տարիները:

2016 թվական

Հայաստան - 1 հեկտար վարելահողից ստացվում է 3.076 կգ հացահատիկ

Ադրբեջան - 1 հեկտար վարելահողից ստացվում է 3.005 կգ հացահատիկ

Թուրքիա - 1 հեկտար վարելահողից ստացվում է 3.105 կգ հացահատիկ

2016-ին պատկերն այդքան էլ հուսահատեցնող չէ: Հիմա դիտարկենք 2017-ը.

Հայաստան - 1975 կգ

Ադրբեջան - 2942 կգ

Թուրքիա - 3257 կգ

2018 թվական

Հայաստան - 2624 կգ

Ադրբեջան - 3014 կգ

Թուրքիա - 3164 կգ

Այս թվերից պարզ է դառնում, որ հացահատիկ իրենց չունենք առաջարկելու, քանի որ բոլոր ասպեկտներով զիջում ենք, ու անգամ մեր ներքին պահանջարկն ենք հազիվ բավարարում:

Գյուղատնտեսական նշանակության հողեր

Թեև այստեղ հարգելի պատճառներ կան հարևաններին զիջելու համար, դե քանի որ տարածքով նրանցից փոքր ենք, բայց առևտրի մեջ դա ոչ ոք չի հարցնելու:

Նույն կայքը հաղորդում է, որ 2018-ի տվյալներով՝ Հայաստանի գյուղատնտեսական նշանակության հողերը կազմել են 16.773 քառակուսի կիլոմետր, Ադրբեջանինը՝ 47.795 քառակուսի կիլոմետր, իսկ այ Թուրքիայինը՝ 378.020 քառակուսի կիլոմետր:

Միայն տարածքի ու դրանով ապահոված ծավալի հաշվին այս երկու պետությունները կարող են խեղդել Հայաստանի գյուղատնտեսությունը: Քանի որ ծավալը շատ է, դա էլ ազդում է գնի վրա: Ինչպես էլ անեն, ադրբեջանական ու թուրքական գյուղմթերքը մի քանի անգամ ավելի էժան է լինելու տեղական գյուղմթերքից: Սրան էլ գումարում ենք արդեն մի քանի տարի բարձր տեխնոլոգիաների կիրառումը գյուղատնտեսության մեջ, ու պատկերն ավելի ամբողջական է դառնում: Արդյունքն էլ երկար սպասեցնել չի տա: Կամ կդադարեն ընդհանրապես գյուղատնտեսությամբ զբաղվելուց, կամ էլ կգնան հարևան երկրում դրանով զբաղվելու: Զավեշտալի է հնչում, բայց լրիվ իրատեսական սցենար է:

Հիմա խոսենք մի ոլորտից, որը վերջին տարիների մեր հպարտության առարկան է:

Բարձր տեխնոլոգիաներ

Հիմա նայենք վիճակագրությունը, թե որ երկիրն ինչքան բարձր տեխնոլոգիական արտադրանք է արտահանում:

Դիտարկենք 2017-ից 2019 թվականներն ընկած ժամանակահատվածը: Չափման միավորը՝ միլիոն ԱՄՆ դոլար:

2017 թվական

Հայաստան - 28.24

Ադրբեջան - 12

Թուրքիա - 3,500.9

2018 թվական

Հայաստան - 36.29

Ադրբեջան - 24.3

Թուրքիա - 3,116.83

2019 թվական

Հայաստան - 45.65

Ադրբեջան - 28.04

Թուրքիա - 4,302.1

Ինչպես տեսնում ենք, բացարձակ թվերով մեր ադյունքներն անգամ մոտ չեն Թուրքիայի արդյունքներին, որպեսզի առաջարկելու ու դիմագրավելու որևէ բան ունենանք: Արդյունքում Թուրքիան կկլանի տնտեսության նաև այս ասպեկտը, ու մասնագետները կամ կլքեն երկիրը, կամ էլ կդառնան թուրքական որևէ ընկերության միջին կարգի մասնագետ:

Սա էլ Թուրքական կապիտալի ներդրման հնարավոր արդյունքները, ընդ որում՝ բավականին մակերեսային վերլուծության արդյունքում: Ցանկացած վիճակագրություն բացարձակ թվերով նայելու դեպքում պարզ է դառնում, թե ինչ է սպասվում մեզ մոտ ապագայում: Փաշինյանական կառավարության միակ հույսը կապիտալի հոսքն է ու քաղաքացիների բարեկեցության բարելավումը, ինչը կմեղմի սոցիալական բողոքի հասունացող ալիքն ու լրացուցիչ լգոտաներ կտրամադրի իրեն: Սակայն օբյեկտիվ կասկածներ կան, որ այդ հոսքերից օգտվելու են միայն մի քանի օլիգարխներ, ներեցեք, խոշոր ձեռներեցներ, որոնք ժամանակին կմտնեն խաղի մեջ ու կկարողանան ներկրման ամենայուղոտ կտորներն իրենցով անել: Բենզին ներկրողի անունն արդեն իսկ շրջանառվում է: Միամտություն է կարծել, թե այս ու ավելի խորքային հաշվարկներ կառավարությունում չեն արել, սակայն, միևնույն է, գնում են այդ գիտակցված ինքնասպանությանը: Ու մենք նորից քարշ կտանք մեր հպարտ գոյությունը՝ «հավերժ սպառողի» դարավոր պիտակը ճակատներիս դաջած, քանի որ ոչ ոք չի մտածում արժեք ստեղծելու մասին:

Ամենից շատ դիտված