Պատրանք է, թե ՄԱԿ-ի ԱԽ-ն էականորեն տարբերվող արձագանք է տալու․ Հակոբ Բադալյան
copy image url

Պատրանք է, թե ՄԱԿ-ի ԱԽ-ն էականորեն տարբերվող արձագանք է տալու․ Հակոբ Բադալյան

Ներքին 3 տարի առաջ - 22:19 27-08-2021

Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, նաև այլ ոչ պաշտոնական աղբյուրներից գիշերվա հանգիստը ընդհատվեց ահազանգով, որ Ադրբեջանը նորից նախապես պլանավորված հանցագործություն է կատարել հայ բնակչության հանդեպ:

Ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ 3 ժամից ավելի փակել են Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհը՝ Դավիթ Բեկ գյուղի մոտ և հրաժարվում են բացել՝ հանցավոր կերպով սահմանափակելով մարդկանց, ողջ քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների, կանանց, տարեցների, ազատ տեղաշարժը՝ խախտելով մարդկանց կյանքի, ազատ տեղաշարժման և միջազգայնորեն երաշխավորված այլ կենսական իրավունքները:

Հայտարարության մեջ ՄԻՊ Արման Թաթոյանը շեշտել էր. «Այդքան զգուշացնում եմ այս վտանգի մասին ու ասում եմ, թե պետությունը ինչ պետք է անի ու հրատապ անի…Պետք է դադարեցնել պետական սահմանի հետ կապված հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկելը: Պետությունն այդ կերպ ինքն իրեն դնում է սահմանափակումների մեջ, ստիպված է լինում դիմել միայն միջազգային ռազմաքաղաքական ատյաններ, դառնում է աշխարհաքաղաքական գործընթացների զոհը և չի կարողանում պատշաճ պաշտպանել իր բնակչությանը, նրա իրավունքներն ու ազատությունները: Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունները միայն օգտվում են դրանից:Ադրբեջանական զինված ծառայողներին մեր գյուղերի մոտից և ճանապարհներից հեռացնելու գործողությունների հիմքում պետք է դնել նաև մարդու, սահմանային կոնկրետ բնակչի իրավունքների պաշտպանությունը ու այդ հիմքով պետք է օգտագործել միջազգային մեխանիզմները (հատուկ սահմանների հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան և այլն)»:

Օգոստոսի 26-ի առավոտյան ԱԱԾ-ն հանդես եկավ պաշտոնական հաղորդագրությամբ, ըստ որի՝ ԱԱԾ սահմանապահները վերահսկում են իրավիճակը, շրջափակման մեջ մնացած մարդիկ բանակցությունների արդյունքում տարհանվել են ապահով, բայց շարունակում է փակ մնալ Գորիսից Կապան տանող ճանապարհը, որի ապաշրջաակման համար ԱԱԾ և ՌԴ սահմանապաները միասին շարունակելու են ինտենսիվ բանակցությունները:

Ինչպես հետո պարզ դարձավ, ճանապարհները ոչ միայն չբացվեցին, այլև ադրբեջանական զինված ծառայողները ժամեր անց փակեցին նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը, նաև՝ Իրան-Հայաստան հիմնական ճանապարհը՝ էականորեն սահմանափակվելով է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ, Որոտան Բարձրավան գյուղերի, Կապան համայնքի Նոր Առաջաձոր գյուղի թաղամասի կապը ՀՀ մյուս բնակավայրերի հետ, խոչընդոտ դառնալով բնակչության բժշկական ծառայություններից օգտվելու իրավունքի իրացմանը, իսկ հացն ու սնունդը բնակչությանն ապահովում են խաղաղապահները: ՀՀ ՊՆ-ի հաղորդագրությամբ, այս սադրանքն ադրբեջանցիները հիմնավորում են սահմանին հայ սահմանապահի կողմից ադրբեջանցի զինվորին սվինահարելու միջադեպի հետ, ինչը ՊՆ-ն հերքում է,սակայն պատրաստակամ է փաստերը, տեղեկությունները երկուստեք քննարկել: Հիշեցնենք, որ միջադեպին չարձագանքեց պաշտոնապես ԱԳՆ-ն, սակայն արձագանքել են վարչապետ Փաշինյանը, նաև իշխանական այլ պաշտոնյաներ: Վարչապետը նշել է, որ այս քայլերով Ադրբեջանը փորձում է նախ և առաջ ՀՀ խաղաղության օրակարգը վարկաբեկել, վնասել իրենց եռակողմ պայմանավորվածությանը, ճանապարհների, կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացը խաթարել, բայց անկախ դրանից՝ կա այլընտրանքային ճանապարհ Տաթևով և պետք է օգտվել դրանից՝ իր խոսքում ճանապարհի փակ հատվածները անվանելով ադրբեջանական անվանումներով և համարելով ադրբեջանական տարածք, ինչը լայն ու խիստ բացասական քննադատության արժանացավ, իսկ ԱԺ փոխնախագահ Ռուբինյանն ասվածին հավելել է, որ սրանով Ադրբեջանը ցանկանում է իր կեղծ, մտացածին օրակարգն առաջ տանել՝կապված միջանցքային և տարածքային պահանջների և այլ հարցերի հետ:

Ստեղծված տագնապալի իրավիճակի,պատճառների և Ադրբեջանի հետապնդած նպատակների մասին զրուցեցինք քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ: Վերջինս շեշտեց՝ բոլորիս համար ակնհայտ է, որ այս ամենը պատերազմի հետևանք է, և հիմա քննարկել՝ ինչի համար այսպես եղավ, իզուր է, ավելի ճիշտ է՝ կենտրոնանալ հետագա անելիքների, լուծումներ գտնելու վրա: Նրա խոսքով, Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդում: Նախ՝ Ալիևը հասկանում է՝ ռազմական հաղթանակը իրադարձային է, ինչպես Արցախյան առաջին պատերազմի մեր հաղթանակը, փոխել է ստատուս քվոն, բայց տարածաշրջանային ստրատեգիական բոլոր հարցերը մնում են չլուծված, որովհետև այստեղ բախվում են ոչ միայն Հայաստան-Ադրբեջան շահերը, այլև գերտերոթյունների շահերի բախումը, որտեղ Ադրբեջանի շահերն ինչ-որ չափով ստորադասվելու են՝ համաձայն գերտերությունների, փոխզիջման են տանելու: Այդ իսկ պատճառով Ալիևը փորձում է իր առավելություններն ամրապնդել, օգտագործել մեծ տերությունների քաղաքական խաղում՝ օգտագործելով իր առավելությունները Հայաստանի դեմ և դրանք շահարկել Մինսկի խմբի համանախագահող երկրների, նաև Թուրքիայի հանդեպ, որն իր՝ Ադրբեջանից տարբեր շահեր ունի: Ալիևի այս սադրանքները, որոնք ունենալու են կրկնություն, ուղղված են նաև Հայաստանի ներքաղաքական կյանքի ապակայունացմանը, թուլացմանը, ներհասարարկական հուզումների առաջացմանը, դիմադրողականության նվազեցմանը՝ հաշվի առնելով նաև մեր ներքին քաղաքական լարվածությունը, պառակտվածությունը:

Ալիևն այս ճանապարհին խնդիրներ ունի Ռուսաստանի հետ, որը բավականին բարդ իրավիճակում է հայտնվել, երկակի դրության մեջ: Մի կողմից չեն կարող կոշտ արձագանքել իրենց ռազմավարական գործընկերներ Թուրքիային, ածանցյալ Ադրբեջանին, մյուս կողմից՝ չի կարող իր ռազմավարական դաշնակցից՝ Հայաստանից, նոր զիջումներ կորզել՝ հաշվի առնելով չարաբաստիկ պատերամից հետո

Հայաստանում հակառուսական բավականին բացասական տրամադրությունների բարձր մակարդակը: Բաքուն այսպիսով ստիպում է ՌԴ-ին, որ Հայաստանից նոր զիջումներ պահանջի:

Հակոբ Բադալյանի կարծիքով, այս իրավիճակն օգտակար է նաև Մինսկի խմբի մյուս գերտերությունների համար, որովհետև այս միջադեպերով կարող են տարածաշրջանի հիմնական խաղացող, այս խնդրի բեռի տակ ճկված ՌԴ-ին ճնշել, օգտագործել նրա դեմ՝ իրենց օրակարգերը ,շահերը առաջ տանեելու համար: Այս իրավիճակում արագ փոփոխություններ սպասել դժվար է: Կովկասի խնդիրն ուժային մեծ կենտրոնի համար իրենց հարաբերությունների շղթայի մի մասն է ընդամենը, իրենց դիտարկման դաշտը բավականին լայն է՝ Միջին Ասիա՝ Աֆղանստան, Սիրիա, Ուկրաինա, հետևաբար մեր հանդեպ քաղքականությունը կախված է այս դաշտերում տիրող իրավիճակից, դիրքային պայքարից, փոփոխություններից:

Միջազգային կառույցներին դիմելու հարցով մեր զրուցակիցն ասաց, որ այստեղ ևս հայանպաստ որոշումներ կայացնելու ռեալ երաշխիքներ չկան: Մեր հանրությունն այս առումով պատրանքներ, սպասելիքներ ունի:

«Մենք, օրինակ, ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված հայտարարություն, որտեղ չկա որևէ դատապարտող կոչ Ադրբեջանի դեմ, այլ ընդամենն ասվում է, որ Հայաաստանն ու Ադրբեջանը իրենց խնդիրներն ու օրակարգը կարող են առաջարկություններով ներկայացնել և լուծել իրենց հովանու ներքո: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Անվտագության խորհուրդ դիմելուն, պետք է հաշվարկել նախապես, թե ինչպիսի էական, նպաստավոր արձագանք կարող ենք ստանալ խորհրդից, եթե նրա մշտական հինգ անդամներից երեքը Մինսկի համանախագահներն են, բացի դրանից, պետք է հաշվի առնել՝ ոչ մշտական անդամ երկրների դիրքորոշումն ինչպիսին կլինի: Այս առումով մենք անհաջող փորձ ունենք 2020 թ․պատերազմի ընթացքում հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու նպատակով հրավիրված նիստի տապալման օրինակը, բացի դրանից, այս հուլիսին մեր ՄԱԿ-ի ներկայացուցիչը դիմում գրեց ՄԱԿ-ի ԱԽ-ին, բայց ինչպես տեսնում ենք, ինչ-որ շահագրգռվածություն չկա արագ ընթացք տալու և հարցը քննարկելու համար նիստ հրավիրելու ուղղությամբ, որովհետև հիմա ավելի կարևոր հարցեր կան. Աֆղանստանում ծավալվող դրամատիկ դեպքերի զարգացումն է այսօր գերտերությունների առաջնային, բավականին բարդ խնդիրը: Անկեղծ լինենք և երազանքներ, ավելորդ հույսեր չունենանք. ՄԱԿ-ի ԱԽ-ի համար հիմա այդքան էլ հրատապ, էական նշանակություն ունեցող խնդիր չի կարող լինել մեր տարածքի մի քանի կիլոմետրի հարցը:

Այն միայն մեզ համար է ցավոտ, սկզբունքային խնդիր: Հետևաբար այս ամենը հաշվի առնելով՝ Հայաստանի գլխավոր խնդիրն ու նպատակը պետք է լինեն հնարավորինս արագ, ինտենսիվ բարեփոխել, զարգացնել պաշտպանական կառույցները, միջոցները, ուրիշ հուսալի, արդյունավետ միջոց չկա մեր դեպքում: Այս առումով իշխանությունների արած քայլերից եզրակացնում եմ, որ արվում են ինտենսիվ քայլեր, ավելին՝ կդժվարանամ ասել, չեմ տիրապետոում, բացի դրանից՝ մենք տեսանք կոշտ, անհանդուրժող պատասխաններ Եասխի, Գեղարքունիքի մարզի որոշ դիրքերի վրա ագրեսիայի, հարձակման փորձերի դեմ և այդպես կշարունակվի՝ ըստ ինձ:

Այս միջադեպի վրա դա չի տարածվում, որովհետև իրենք իրենց տարածքում են ճանապարհ փակել, չեն մտել Հայաստանի տարածք՝ ըստ այդ հատվածների ներկայիս կարգավիճակի, իսկ Հայաստանի սահմանների հանդեպ բլիցկրիգները կարծես դադարել են կամ ակտիվ չեն փորձերը: Ալիևի հայտարարություններն արվում են և արտաքին և ներքին լսարանի համար: Սեփական հանրության մոտ ամենակարողի և ամենահզորի կերպարն է ամրապնդում՝ պատասխանելով այն ներքին հարցադրումներին, թե ինչու Բաքուն վերջնականապես չի լուծել Արցախի խնդիրը պատերազմով, մյուս կողմից՝ նպատակ ունի հայ հանրության մեջ հակասական տրամադրությունները, լարվածությունը խորացնի: Ես հստակ հիշում եմ, որ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո էլ նա հոխորտալից ասում էր գրեթե նույն բաները, որ եթե Հայասանը ունակ չէ ինքնուրույն իր ինքնապաշտպանությունը, անվտանգությունը ապահովելու, ապա նա լիարժեք անկախ պետություն չէ, և պետք է խոսել, բանակցել միանգամից ՌԴ-ի հետ: Այնպես որ պետք է ընդունենք, որ ինքնուրույն չենք կարող վերազինել բանակը, բարձրացնենք մարտունակությունը, չենք կարող առանց ՌԴ-ի: Այստեղ կարևոր եմ համարում ՊՆ-ի հայտարարությունը, որ միայն նոր զենքեր ենք ձեռք բերելու:

Ճիշտ չէ Ալիևի հայտարարությունները լայն քննարկման առարկա դարձնել, ավելորդ հուսահատական հույզերով լցվել, թուլանալ, այլ պետք է միասնականության, համերաշխության հասնել, միայն կենտրոնանալ մեր իրականության, մեր խնդիրների վրա:

Այսօր Հայաստանի համար կարևոր է համահայկական ներուժի կենտրոնացումը, որովհետև Հայաստանի մարտահրավերները մեր կարողություններից ծանր են, ըստ այդմ՝ էական, գործնական քայլերը պարտադիր են համահայկական ողջ ներուժի կենտրոնացումը,համագործակցումը,ներքին կայունթյան ապահովումը»:

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC