Ինչպես հայտնի է, մարդ ապրում է միաժամանակ երկու աշխարհում՝ ֆիզիկական և հոգևոր, կամ երկու կյանք է ապրում՝ կենսաբանական և սոցիալական։ Մարդու համար առավել կարևոր իրադարձությունները տեղի են ունենում երկրորդ՝ հոգևոր, մշակութային կամ նույն ինքը՝ սոցիալական իրականությունում։ Այդ աշխարհը փոփոխվում է, այն ունեցել է անտիկ շրջան, միջին դարեր, վերածնունդ, նոր և նորագույն շրջաններ՝ յուրաքանչյուրն իր առանձնահատկություններով, առաջնահերթ իմաստներով, արժեքներով և մարդու կյանքում այս կամ այն երևույթի գերակայությամբ՝ իրավունք, կրոն, կապիտալ և այլն։
Որպեսզի ավելի լավ հասկանանք, թե ինչ է մեր օրերում տեղի ունենում Հայաստանում, պետք է իմանանք այն փոփոխությունները, որոնք կրում է ոչ միայն հայկական աշխարհը, այլ առհասարակ մարդու աշխարհը։
Իսկ մարդու կողմից իր նպատակների, կարիքների, իղձերի համար ստեղծված աշխարհը փիլիսոփայական-մշակութաբանական առումով անցել է մի քանի փուլեր։
Սկզբնական շրջանում, որն անվանվում է մարդկության մանկություն և համընկնում է դիցաբանությունների տիրապետման և նոր կրոնական համակարգերի ձևավորման դարաշրջանների հետ, աշխարհը Տաճար էր, և այդ տաճարում կային սրբություններ՝ աստվածներ, ազգեր, նախնիներ, երեխաներ և այլ: Երբ աշխարհը տաճար էր, կյանքը պարգև էր, իսկ ապրելը՝ արարողություն:
Հետո աշխարհը վերածվեց Շուկայի, որտեղ ամեն ինչ ունի սակարկվող գին: Երբ աշխարհը վերածվեց շուկայի, կյանքը դարձավ առևտուր։ Այս փոփոխության դեմ էր պայքարում Հիսուսը՝ տաճարից վաճառականների վտարման աստվածաշնչյան հայտնի սյուժեում։ Այն ժամանակ արդեն մարդու աշխարհում տաճարն իր տեղը սկսեց զիջել շուկային, սրբությունները՝ առևտրին, արժեքները՝ եկամտին։
Իսկ հիմա աշխարհը Թատրոն է: Ինչպես ավանդական թատրոնում, այս թատրոն դարձած կյանքում էլ դերասանները փորձում են գրավել հանդիսատեսի ուշադրությունը: Տարբերությունն այն է, որ այստեղ արդեն բոլորը և՛ դերասան են, և՛ հանդիսատես։ Երբ աշխարհը դառնում է թատրոն, կյանքը դառնում է դեր, իսկ այդ դերը խաղացող մարդը դառնում է ընդամենը կերպար: Իսկ կերպարը միշտ կրում է դիմակ:
Հիմա, եթե դառնանք Հայաստանին, կհասկանանք, որ հայտնվել ենք մի հրեշավոր թատերական ներկայացման մեջ, որտեղ հայաստանյան հասարակությանը վերապահված են միաժամանակ և՛ դերասանի, և՛ հանդիսատեսի դերերը։ Եվ մենք այս ողբերգության սյուժեի մասնակցի կարգավիճակում ընտրում ենք իշխանություն, հետո նայում, թե ինչ է այն անում մեր սրբությունների, ազգային նպատակների, երկրի և պետության հետ, ապա հանդիսատեսի կարգավիճակում՝ զարմանում և զայրանում․․․
Թատրոն դարձած աշխարհում բոլոր դերերը բաշխված են և դրսևորվում են հասարակության բեմականացված կյանքում։ Իսկ ելքը․․․ եթե մենք չենք կարող նոր սցենար գրել, որով կփոխարինեինք այս հրեշավոր ներկայացումը, որում ապրում ենք, ապա առնվազն կարող ենք մեզ համար նոր դերեր ստեղծել և վարպետորեն խաղալ դրանք՝ բեկում մտցնելով ընդհանուր սյուժեի մեջ։