Ներքին 5 տարի առաջ - 15:57 13-08-2021

Աննախադեպ իրավիճակ՝ Ստեփանակերտում. մեքենաներով շուրջօրյա ջուր է բաժանվում բնակիչներին

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում երաշտի պատճառով ստեղծվել է արտակարգ իրավիճակ, քաղաքի 30 տոկոսում ջուր չկա: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը «Ջրմուղ կոյուղի»-ի հետ համատեղ ստեղծել են աշխատանքային խումբ և 5 մեքենաներով թաղամասերում շուրջօրյա ջուր են հասցնում բնակիչներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ջրմուղ-կոյուղի» ընկերության տնօրեն Գագիկ Պողոսյանը նշեց, որ վերջին 40 օրը Ստեփանակերտում անձրևներ չեն տեղացել, իսկ օդի ջերմաստիճանը 30 աստիճանից չի իջել:

«Բացի դրանից, Ստեփանակերտ քաղաքում 10-15 հազար տեղահանված բնակիչ է ապրում: Այսինքն` եթե մինչև պատերազմը Ստեփանակերտում ապրում էր 60-61 հազար բնակիչ, այս պահին ապրում է 75 հազար մարդ: Բնականաբար, ջրի ծախսը ավելացել է, ու քաղաքը սնուցող ջրերն էլ պակասել են: Դրանից առաջացել է այս քաոսային վիճակը: Այս պահի դրությամբ քաղաքի 30 տոկոսում ջուր չկա: Աշխատում ենք մնացած 70 տոկոսը պահել, որ դա էլ չնվազի: Քաղաքում 5 մեքենաներով շուրջօրյա ջուր ենք բաժանում բնակիչներին այն թաղամասերում, որտեղ ջուր չկա: Արդեն շահագործել ենք Խորհրդային միությունից մնացած երկու արտեզյան հորերը: Շարունակում ենք գտնել ու շահագործել մնացածը»,- ասաց Պողոսյանը:

Պողոսյանը խոսքով` իրավիճակը աննախադեպ է, օգոստոսի 7-ից մինչև այժմ ջրի խնդրի առաջ են կանգնած: «Սպասում ենք տեղումներ լինեն»,- հավելեց Պողոսյանը:

Հարցին` թե արդյոք ճի՞շտ են այն վարկածները, որ Ադրբեջանը կարող է մասնակից լինել ջրի խնդրի առաջացմանը, Պողոսյանը բացասաբար պատասխանեց:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ փրկարարները վաղ առավոտից մինչև ուշ գիշեր մայրաքաղաքի տարբեր թաղամասերում ջուր են բաժանում բնակիչներին:

«Հրշեջ մեքենաները թաղամաս առ թաղամաս ջուր են բաժանում բնակիչներին, հատկապես բազմաբնակարան շենքերի բնակիչներին»,- ասաց Թադևոսյանը:

Թադևոսյանի խոսքով` իրավիճակը աննախադեպ է. նախկինում էլ եղել են ջրի հետ կապված խնդիր, սակայն նման երկար ժամանակով առաջին անգամ է:

«Փրկարարները շարունակելու են իրենց աշխատանքները, մինչև խնդիրը լուծում չստանա»,- եզրափակեց Թադևոսյանը:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան