Արտահերթ ընտրություններ 2021-ի քարոզարշավին մնացել է երկու օր, սակայն նախընտրական կրքերը ոչ միայն չեն հանդարտվում, այլև հանրային կերպարների նորանոր շրջանակներ են ընդգրկում: Եվ այսպես…
ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը գրել է, որ Նիկոլ Փաշինյանը հոգևարքի մեջ է. «Ամենուր հարձակվում է «Ազատություն» կուսակցության գրասենյակների և մեզ հարող մարդկանց վրա։ Այսպես, այսօր հարձակվել են «Ազատության» Կապանի գրասենյակի վրա և պոկել ու պատառոտել բոլոր պաստառները։ Սպասում ենք ոստիկանության բացատրություններին (եթե, իհարկե, իրենք չեն)։ Իսկ Եղեգնաձորում ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկել 5 (այս պահի տեղեկատվությամբ) երիտասարդի։ Նրանց ոստիկաններն ու կարմիր բերետավորները դաժան ծեծի են ենթարկել։ Երիտասարդների մեղքն է՝ նիկոլին մեջքով կանգնելը և նրան դավաճան ու հողատու բնորոշելը (իբր սխա՞լ ա)։
«Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր հանդիպումներ է ունեցել Կոտայքի մարզում: Մասնավորապես, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ընտրողների հետ հանդիպմանը ևս մեկ փաստաթուղթ է հրապարակել, ըստ որի՝ անհետ կորածների թիվը 1.064 է: «Այս չմարդը, այս ստահակը, ելույթ ունենալով ԱԺ-ում, հայտարարում է, որ անհետ կորածների թիվը 321 է: Հիմա սրան ի՞նչ ասես»,- ասել է Սարգսյանը։
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արթիկցիների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ 2018-ին իշխանության ենք բերել մի քաղաքական թիմ, եթե կարելի է նրանց թիմ կոչել, որը կադրային ռեսուրսի առումով զրոյական դիրքում է եղել և ներկայումս էլ շարունակում է գտնվել այդ դիրքում՝ արժեզրկելով բոլոր կառույցներն ու պաշտոնները: «Մենք լուրջ աշխատանք պետք է տանենք, որպեսզի վերադարձնենք մարդկանց կորցրած վստահությունը: Կարող են մարդիկ վստահություն չունենալ իշխանության հանդեպ, բայց երբ չեն հարգում, դա կատաստրոֆիկ է: Գործող իշխանությունը 3 տարում ԱԱԾ 5 ղեկավար փոխեց, Գլխավոր շտաբի պետի 4 փոփոխություն եղավ, Էկոնոմիկայի 3 նախարար փոխվեց և սա այն դեպքում, երբ Հայաստանը անվանգության առումով լուրջ սպառնալիքների առջև է կանգնած, երբ տնտեսությունը ճգնաժամի մեջ է և այլն: Իսկ Արտաքին գործերի նախարարության վիճակի մասին էլ չխոսեմ. կառույցն իր տեղում է, բայց դիվանագիտական ոլորտում զրոյական վիճակ է: Չգիտեմ՝ ինչպես որակավորեմ այդ քայլերը՝ դիվերսիա, թե հիմարություն: Մեր հիմնական նպատակն է կառուցել ազգային պետություն, լուծել անվտագության հարցերը: Ես մեծ փորձ ունեմ այդ ոլորտում, ուստի արեք հնարավորը՝ համոզելու այն մարդկանց, ովքեր դեռ չեն կողմնորոշվել, իրենց ձայնը տալ «Հայաստան» դաշինքին»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:
Նրան սատարող «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանն էլ հայտարարեց, որ զառանցող և հոգեվարքի մեջ գտնվող իշխանությանը մնացել է 96 ժամ. «Հիմա մեր հասարակությունը մաքրվում է: Հարյուր հազարավորների մարդիկ գալիս են «Հայաստան» դաշինքի հետևից: Այսօր ամոթ է , որ չընտրեք ու չսատարեք Ռոբերտ Քոչարյանին, որը մի տեսակ բրենդ է դարձել, լավ բրենդ: Ընտե՛ք 24 համար, 24-ը ճիշտ է»:
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, պատասխանելով Պետրոս Ղազարանի հարցին՝ կապված Արցախի խնդրի լուծման հետ, ասաց, որ հիմա շատ դժվար է լուծել Արցախի հարցը․ «Այն ժամանակ փոխզիջելու բան ունեինք, հիմա ոչինչ չունենք, որի համար Ադրբեջանը կհամաձայնի ինչ-որ ստատուս քվոյի պահպանման։ Մենք կորցրինք զիջելու հնարավորությունը։ Մենք չենք խոսել Ղարաբաղը տալու մասին, խոսել ենք փոխզիջման մասին։ Այսօր Ղարաբաղի հարցը իսկապես կարող էր դառնալ միջազգային հարց՝ ՄԱԿ-ի մակարդակի քննարկելիք հարց»։ Նրա խոսքով, Արցախի հարցում հիմա Հայաստանը ոչ մի վճռական ձայն չունի։ Նա վտանգավոր համարեց Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն այն մասին, որ իր նպատակն է վերադարձնել Շուշին և Հադրութը․ «Նա կարող է փորձանք բերել մեր գլխին։ Ինչպե՞ս է նա վերադարձնելու Հադրութը և Շուշին։ Ադրբեջանը պետք է պայուսակները հավաքի և գնա՞։ Դա հնարավոր է միայն պատերազմով։ Այսինքն, Ռոբերտ Քոչարյանը Հայաստանին, հայ ժողովրդին խոստանում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր արյուն։ Ո՞վ է Ադրբեջանին ստիպելու, որ գնա, Ռուսաստա՞նը։ Այդպիսի բան գոյություն չունի»։
Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել, որտեղ ընդգծում է, որ հունիսի 20-ի ընտրություններն ու հետագա գործընթացները վճռական նշանակություն են ունենալու ոչ միայն Հայաստանի, այլև ողջ հայության համար: Ըստ նրա՝ ընտրություններն արտահերթ են՝ պայմանավորված նրանով, որ ներկա իշխանությունը երկիրը հասցրել է մեծ աղետի: Մենք կորցրել ենք ոչ միայն տարածքներ և հազարավոր երիտասարդ կյանքեր, այլև մեր հեղինակությունն ու ինքնիշխանությունը, մեր անվտանգությունը, մեր քիչ թե շատ ներքին համերաշխությունը և մեր հավատն ապագայի նկատմամբ: Հետևաբար` այս ընտրությունները պետք է լուծեն մի կարևորագույն հարց՝ ձերբազատվել այս իշխանությունից: «Ընտրությունների ժամանակ ես միշտ կողմնակից եմ եղել, որպեսզի մարդիկ քվեարկեն ըստ իրենց քաղաքական ճաշակի՝ չանտեսելով նաև փոքր, բայց հրապուրիչ ծրագրեր ու գաղափարներ ունեցող ուժերին՝ քաղաքական դաշտում բազմազանություն ապահովելու նպատակով: Բայց այս վճռական պահին, երբ մենք լուծում ենք այս իշխանությունից ազատվելու կարևորագույն խնդիրը, իրավիճակը թելադրում է ձայնը տալ այն ուժերին, որոնք ակնհայտորեն ունեն անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորություն, պատրաստ են համախմբվել վարչապետի միասնական թեկնածուի շուրջ և լի են վճռականությամբ ու փորձով փոխելու ստեղծված իրավիճակը»,- ասել է Վազգեն Մանուկյանը:
Այս ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Վայքում հայտարարեց, որ երեկ Սյունիքում կուսակցության քարոզարշավը քանդել է ոմանց կողմից սարքած «կարտչնի դոմիկը»: «Ոմանք միֆեր էին կառուցել, որ ինչ-որ քաղաքական պրոցեսներ են սկսել, որ «կռելու» են: Ասում եմ, իրենք քյարփինջ են կռելու Հայաստանում դպրոցներ ու ճանապարհներ կառուցելու համար: Ու էդ քյարփինջն ու մյուս շինանյութը դուք, սիրելի՛ քաղաքացիներ, պետք է բարձեք իրենց ուսերին»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ Սյունիքում հետցնցումներ են սկսվել: «Ես զգուշացրել էի կոմբինատի ղեկավարությանը, որն այսօր ի դեպ հայտարություն է տարածել, որ աշխատողների հանդեպ ճնշում չկիրառի: Դուք անցել եք կարմիր գիծը, ինչը նշանակում է, որ մեր կապույտ չագուչը ձեր գլխին է ջարդվելու: Հայտարարեք, չհայտարարեք՝ ձեր հարցը լուծված է, դա ժամանակի հարց է: Հանգիստ սպասեք ձեր դատավճռին: Թավշյա հեղափոխությունը սկսեց Շիրակից, իսկ չագուչի հեղափոխությունը սկսվելու է Սյունիքից »,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:
Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը կրկին բոլորին հունիսի 17-ին հրավիրեց Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու պողպատե հեղափոխության գլխավոր փորձին:
Ջերմուկ քաղաքում էլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե քաղաքացին որոշի, որ ներկայիս իշխանությունը պետք է հեռանա, իրենք դա չեն վիճարկի: «Մյուս քաղաքական ուժերը չեն պատկերացնում, որ այսօր սովորական քաղաքացին է ընտրողը, ոչ թե քաղաքական էլիտան: Սիրելի՛ ժողովուդ, եթե որոշեք, որ մենք պետք է հեռանանք՝ կհեռանանք, չենք վիճարկի ձեր որոշումը, բայց թե որոշեք, որ պետք է մնանք ու ծառայենք ձեզ, ուրեմն այդպես էլ կլինի: Չնայած լավ չենք ծառայել: Հանդիպումների ժամանակ ես տեսնում եմ, որ մեր քաղաքացին վճռական է տրամադրված: Երբ նայում եք աչքերիս, դուք, հաստատ, ավելին եք տեսնում ու կարդում, քան ես ասում եմ, քանի որ իշխանության և ժողովրդի մեջ մեծ հոգևոր կապ կա: Դրա արդյունքն է, որ մենք կարողացանք պաշտպանել մեր պետությունը քաղաքացիական բախումներից: Ուստի՝ խոնարհվում եմ ձեր առաջ, որ պինդ կանգնեցիք ձեր տեղում: Ի վերջո, ինչքան ուժեղ է քաղաքացին, այնքան ուժեղ է պետությունը, և այս ընտրություններում հաղթելու է միայն մեկ սուբյեկտ՝ ՀՀ քաղաքացին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ընտրություններում հաղթանակ ունենալու մասին լավատեսական նոտա է հղել ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը. «Բացահայտեմ, որ երեկ երեկոյան ստացել եմ մեր ուսումնասիրությունների տվյալները։ Դրանք իրականացվել են խոշոր քաղաքներում և ոչ թե հեռախոսազանգերով, այլ շփումներով։ Այս պահին ԼՀԿ-ն գտնվում է երրորդ տեղում: Որևէ տոկոս հիմա չեմ հրապարակելու, ընտրությունների օրը կտեսնենք, որ ինչ ասում եմ՝ այդպես էլ կա»:
Նիկոլ Փաշինյանի ելույթների արձագանքել է Դադիվանքից հեռացած վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը. «Այսօրվա կապիտուլյանտ, հողատու, դավաճան վարչապետ կոչեցյալը իր անունը, իր պիտակը ջնջելու համար փորձում է թիրախավորել, սեւացնել բոլորին, նրա համար սրբություններ չկան: Բայց կապիտուլյանտը չի հասկանում, որ դավաճանի պիտակը Վասակ Սյունեցու վրայից անգամ հազար վեց հարյուր տարի հետո չի մաքրվել: Ինքը չի հասկանում, որ Նիկոլ անունը իր սերնդի ու գերդաստանի համար պատուհաս է դառնալու հավետ»:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ հայտարարություն է տարածել և անթույլատրելի որակել գործող վարչապետի պաշտոնակատարի կողմից մուրճի անընդհատ ցուցադրությունն ու պատկերավոր համեմատություններ անելը, ինչը մարդկանց մոտ կարող է առաջացնել մուրճով հարցեր լուծելու պատկերացումներ: «Մշտադիտարկումը վկայում է, որ մուրճի հետ կապված բառապաշարն ավելի է բռնության հետ ասոցացվում (օրինակ՝ «սա ժողովրդի չագուչնա, ու հունիսի 20-ին այս չագուչը իջնելուա ձեր դատարկ գլուխներին» և այլն): Անթույլատրելի է իրավապահ մարմիններով սպառնալը նախընտրական քարոզարշավի մասնակից մյուս քաղաքական ուժերի («ուզում է Ոստիկանության դուբինկաների տակ ընկնել» և այլն): Մտահոգիչ է համատեքստը, որում անընդհատ օգտագործվում է «պողպատե մանդատ» արտահայտությունը՝ ասոցացվելով մարդու իրավունքների խախտումների հետ»,- նշել է ՄԻՊ-ը: