Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 17:52 10-06-2021

Անտարբերության մատնված Ներքին Խնձորեսկ տանող միակ ճանապարհը գրեթե ամբողջովին վերահսկելի է թշնամու կողմից

Արցախյան 44-օրյա պատերազմը չավարտվեց միայն մեր պարտությամբ, այն ի հայտ բերեց նորանոր խնդիրներ, որոնք ոչ միայն պարտության հետևանքներն էին, այլև շարունակական անտարբերության ու ալարկոտության:

Սյունիքի սահմանամերձ գյուղերից Ներքին Խնձորեսկի բնակիչները մեն-մենակ՝ առանց պետական աջակցության, կանգնած են թշնամու դիմաց։ Գյուղացիները ոչ միայն կորցրել են իրենց սեփական հողերն ու արոտավայրերը, այլև թշնամին գրեթե ամեն օր անասուններ է գողանում գյուղերից։

Օրագիր.news-ը զրուցեց Ներքին Խնձորեսկի բնակչուհի Հերմինե Դիլանչյանի հետ, որը ներկայացրեց իշխանությունների կողմից անտարբերության մատնված գյուղի վիճակն ու օր օրի աճող վտանգը, որի հետևանքով տեղի բնակչությունը չգիտի՝ վաղվա օրն ինչպես է ապրելու:

1983 թվականին հիմնադրված գյուղը նախկինում սահմանային խնդիրներ չի ունեցել, իսկ այժմ 36 ընտանիք ունեցող գյուղից, որտեղ հաստատվել են նաև արցախցիներ, թշնամին հեռու է ընդամենը 500 մետր:

Անտարբերության մատնեցին մեր գյուղը, որտեղ մարդիկ այնքան լավ հիշողություններ ունեն

«Ներքին Խնձորեսկը երեք կողմից շրջապատված է թշնամով, իսկ գյուղ տանող միակ ճանապարհը գրեթե ամբողջովին վերահսկելի է թշնամու կողմից: Այստեղ չկա ռուսական զորք,այստեղ կա հայկական բանակ, որտեղ զինվորները, կարելի է ասել, պատերազմից հրաշքով փրկվածներն են:Նրանք, իրական պատերազմից փրկվելով, հայտնվել են այսօրյա անորոշության ու տարաբնույթ խնդիրների մեջ»,- նշեց տիկին Հերմինեն:

Նրա խոսքով, երկրում առկա խնդիրները, համատարած անտարբերությունը , անհույս իրավիճակը ազդում են հատկապես բանակի վրա:

«Հաճախ տեսնում ես խնդիրներ, որոնք և շատ փոքր են թվում, բայց շարունակում են մնալ անլուծելի: Երբ մարդիկ փրկվում են պատերազմի սարսափից , աչք են փակում մնացած խնդիրների վրա, կամ էլ մնացածն արդեն խնդիր չեն համարում: 44-օրյա պատերազմի առաջին օրվանից գյուղն արդեն կորցրել էր խաղաղ ապրելու հնարավորությունը»,- տեղեկացրեց նա:

Պատերազմի ողջ ընթացքում գյուղն անսասան մնաց. բնակիչներից ոչ մեկը չլքեց հայրենի ծննդավայրը

«Պատերազմի ամբողջ ընթացքում բնակիչները չլքեցին գյուղը: Մինչև անդառնալի հետևանքներով լի փաստաթղթի ստորագրումը՝ Ներքին Խնձորեսկը հրետակոծվել է, բարեբախտաբար, մարդկային զոհեր չի ունեցել, բայց տներ են ավերվել: Գյուղը, կարելի է ասել, ամբողջովին դուրս է մնացել թե՛ մարզի, թե՛ կառավարության ուշադրությունից: Երբեմն էլ ուղղակի գալիս-գնում են ու ոչինչ էլ չեն անում: Ամենուր երևում է թշնամին. տներից ,պատշգամբներից, դպրոցից ու փողոցից , իսկ քնելուց, իհարկե եթե կարողանում ենք քնել, նաև մեր երազում է հայտնվում»,- կսկիծով պատմեց տիկին Հերմինեն:

Գյուղի նախկին եռանդուն կյանքն այլևս չկա

«Գյուղացիները գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ էին զբաղվում, բայց այժմ նախկին եռանդուն կյանքը մարել է. չկան արոտավայրեր, իսկ առանց դրանց անասնապահությունը չի կարող զարգանալ: Չկան աշխատավայրեր, այլ զբաղմունք կամ ձեռնարկատիրություն հիմնելու հնարավորություն: Անմխիթար վիճակում են ճանապարհները: Պատերազմի ժամանակ գյուղ են տեղափոխվել բազմաթիվ արցախցիներ .հիմա էլ էստեղ են»:

Լավ օրվան հավատացող խնձորեսկցին, այնուամենայնիվ, հուսահատվում է, գլուխն առել է ձեռքերի մեջ, անզորությունից չգիտի՝ ինչ անի

«Ինչքան էլ մարդիկ փորձում են ապրել առօրյա հոգսերով, իրենց կյանքով, բայց միևնույն է պահ է գալիս, որ ընկճվում են, երբ տեսնում են բարենպաստ դիրքավորված թշնամուն: Մինչև հիմա ոչ մեկ չի լքել գյուղը, բայց մարդիկ, բարի լույսի փոխարեն, միայն խաղաղություն երազելով, անտարբեր հայացքով իրար են դիմում՝ ի՞նչ ենք անելու այս պայմաններում, երբ առկա է միայն ներկայիս կառավարության բացարձակ անտարբերությունը, ո՞րն է լինելու մեր անվտանգության երաշխիքը»,- ասաց տիկին Հերմինեն:

Նրա խոսքով, գյուղի խնդիրներն այսքանը չեն: Բնակիչները լուրջ տարաձայնություններ ունեն նաև նախկին համայնքապետի հետ, որն իր մոտեցմամբ ու իր նախասիրությամբ է հողերը բաժանել։ Այժմ գյուղացիները փորձում են հետ ստանալ Մարտուն Արզանյանի կողմից իրենցից խլած հողերը. «Երեք տարի ձգձգվող այս գործը որևէ լուծում չի ստանում, կառավարությունը ժամանակ չունի այցելելու, ոստիկաններն էլ մտածում են, որ տեսողության ու լսողության հետ կապված խնդիրներ ունենք »,- նշեց նա:

Նմանօրինակ պայմաններում, ըստ Հերմինե Դիլանչյանի, գյուղացիների միակ հույսն իշխանության փոփոխությունն է. «Հույս ունենք, որ ընտրություններից հետո կառավարությունը կփոխվի, գյուղում ապրելու հույսի ու լույսի նշույլ կհայտնվի, իհարկե մարդիկ պատերազմ չեն ուզում , բայց շատ դժվար է հարմարվել ու տեսնել թշնամուն ,որը նախկինում հեռու էր գրեթե 150 կմ, իսկ այսօր՝ ընդամենը 500 մ: Պետք է ուժ հավաքենք ու նորագույն տեխնոլոգիաներով՝ առանց զոհերի ու կորուստների, ուղղակի հրաշքներ գործենք»,- ամփոփեց մեր զրուցակիցը:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան