Ներքին Խոսք 1 տարի առաջ - 17:00 24-02-2025

Սահմանափակումներն ուշացած են. բանակում զինվորների առողջությունն անտարբերության է մատնված

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Երեկ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ բանակում թոքաբորբի պատճառով զինծառայող է մահացել, ում պատշաճ բուժում տրամադրելու փոխարեն, բարձրացրել են դիրքեր։

Օրեր առաջ էլ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, ինչպես նաև սուր շնչառական վարակների ներթափանցումը և տարածումն անձնակազմի շրջանում կանխելու նպատակով զինված ուժերում հետաձգվել են երդման արարողությունները, սահմանափակվել են տեսակցությունները, ժամանակավորապես արգելվել են ազատարձակումներն ու արձակուրդների տրամադրումը։

Oragir.News-ի հետ զրույցում «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը նշեց՝ այս դեպքը վկայում է տոտալ անտարբերության և առողջապահական խնդիրների նկատմամբ հետևողական չլինելու մասին։ Ըստ նրա՝ եթե իրոք մահվան պատճառը թոքաբորբն է, ապա դա նշանակում է, որ զինված ուժերում առկա է առողջապահության կոմպոնենտի տոտալ բացթողում.

«Այսօր թոքաբորբից, եթե ախտորոշումն այդպիսինն է, որովհետև դրանք վարկածներ են, և պաշտոնական հրապարակում չունենք, ես չեմ ուզում անմեղության կանխավարկածը հանել, բայց եթե իրոք դա մահ է թոքաբորբից, ապա դա խոսում է այն մասին, որ մենք զինված ուժերում առոջապահության կոմպոնենտի տոտալ բացթողում ունենք։ Բացի այդ, Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնը, որը նախարարության ենթակայության ներքո է, իր պարտավորությունների մեջ է մտնում նաև զինված ուժերում հիվանդությունների կանխարգելումն ու վերհսկումը, ինչը չի կատարվում»։

Հարցին՝ ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի նման ցավալի դեպքերը չկրկնվեն՝ առողջպահության փորձագետը պատասխանեց, որ նախևառաջ զորամասերում պետք է կարանտինային ռեժիմ սահմանվի։ «Քանի որ դրանք փակ տարածքներ են՝ զորամասեր և այլն, այնտեղ պետք է կարանտինային ռեժիմ մտցվի. պետք է հստակ ջերմաչափում արվի, հետևեն զինվորների առողջությանը, մասնագիտական թիմեր աշխատեն, որպեսզի հստակ ախտորոշեն հիվանդությունը և միջոցներ ձեռնարկեն։ Ես կարդացի, որ զինվորին հիվանդ վիճակում բարձրացրել են պոստեր, ինչը հիվանդի համար ենթադրում է անբարենպաստ պայմաններ։ Զինվորները նման պայմաններում հերթապահելուց առաջ պետք է հստակ բուժզննում անցնեն, որպեսզի նման դեպքեր չունենանք։ Այժմ ունենք մի պատկեր, երբ զորամասերում բոլորը հիվանդ են, հիվանդությունը չեն ախտորոշում, ինչի հետևանքով էլ ունենում ենք ծայրահեղ ծանր՝ ողբերգական ելք»,- նկատում է նա։

Oragir.News-ի հարցին՝ որքանո՞վ է այս իրավիճակում արդյունավետ տեսակցությունների սահմանափակումն ու երդմնակալության արարողությունների հետաձգումը՝ մասնագետը պատասխանեց, որ արդյունավետ քայլ է, սակայն ուշացած։ Ըստ նրա՝ դեռևս հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին բանակում պետք է պատվաստումներ իրականացվեին, երբ վիրուսները դեռ պիկին չէին հասել, իսկ այժմ դրանք ուշացած են։

«Մենք վիրուսային ծանրաբեռնված պիկ ունեցել ենք դեկտեմբերի վերջից, բայց իրենց սահմանափակումները 2-3 օր առաջ են դրել։ Այսինքն՝ մենք խոսում ենք ուշացած միջոցառումների մասին։ Շատ հայտնի խոսք կա. Զատկից հետո կարմիր ձուն ո՞ւմն է պետք։ Մենք հիմա այդ իրավիճակում ենք. այս միջոցառումները պետք է ձեռնարկվեն, բայց դրան զուգահեռ մենք ունենք հիվանդ զինծառայողներ։ Այստեղ պետք է մասնագիտական թիմերը աշխատեն, պետք է անպայման զորամասերում առողջության հետ կապված հետազոտություններ իրականացվեն, բժշիկներ աշխատեն, գնահատեն իրավիճակը, որպեսզի նման ողբերգական իրավիճակներ չունենանք»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել