Այս ընտրությունները խիստ կարևոր են, սակայն դրանց բովանդակությունը համահունչ չի այդ կարևորությանը․ քաղտեխնոլոգ
copy image url

Այս ընտրությունները խիստ կարևոր են, սակայն դրանց բովանդակությունը համահունչ չի այդ կարևորությանը․ քաղտեխնոլոգ

Ներքին 3 տարի առաջ - 20:00 08-06-2021

Հայաստանում երեկվանից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

Օրագիր.news-ը քարոզարշավի ընթացքի վերաբերյալ զրուցել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։

- Պարո՛ն Բադալյան, երեկվանից արդեն պաշտոնապես մեկնարկեց խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Ինչպիսի՞ քարոզարշավի ենք ականատես լինելու։

- Չնայած պաշտոնական քարոզարշավը 2 օր առաջ է սկսել, սակայն իրականում կարող ենք ասել, որ արդեն 1 ամիս է, ինչ դե ֆակտո քարոզարշավն ընթանում է։ Ասել, որ խիստ որակյալ քարոզարշավ է ընթանում, սուտ կլինի, քանի որ բոլոր ուժերի մոտ էլ լուրջ խնդիրներ, թերություններ կան, սակայն ես հիմա դրանք չեմ թվարկի, որպեսզի հակաքարոզչություն չստացվի։

- Այսինքն՝ այն, որ այս ընտրություններն ամենակարևորն են, չի՞ խոսում այն մասին, որ դրանք նաև բովանդակային ու որակյալ են։

- Այո, այս ընտրությունները խիստ կարևոր ու ճակատագրային են, սակայն դրանց բովանդակությունը համահունչ չի այդ ճակատագրական լինելուն, այսինքն՝ ընտրություններն ինքնին կարևոր են, սակայն դրանց մատուցման ձևն ու դրանց պատրաստվածությունը, չէի ասի, թե այդքան բարձր մակարդակի վրա են։

- Պարո՛ն Բադալյան, այս քարոզարշավում նկատվո՞ւմ է վարչական ռեսուրսի կիրառում, թե՞ դեռևս վաղ է խոսել այդ մասին։

- Իշխող քաղաքական ուժն արդեն իսկ մաքսիմալ առումով կիրառում է իր վարչական ռեսուրսը ու, եթե որևէ այլ ուժ նույնիսկ փորձի ինչ-որ ձևով վարչական ռեսուրս կիրառել, դա անհամեմատելի կլինի իշխող ուժի կիրառածի հետ։

- Դուք էլ նշեցիք, որ ընտրությունների կարևորությունն ու դրանց բովանդակությունը համահունչ չեն։ Ըստ Ձեզ, նման բովանդակազուրկ քարոզարշավը, որը հիմնված է վիրավորանքների, հայհոյանքների, քարոզարշավին ոչ հարիր բառամթերքի վրա, մեզ ո՞ւր է տանելու։

- Մենք հայհոյանքներ, վիրավորանքներ ու ընդհանրապես քարոզարշավին ոչ հարիրի բառապաշար լսել ենք միայն գործող իշխանության կողմից, անձամբ ես հայհոյանքներ չեմ լսել ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ «Հայաստան» դաշինքի, ո՛չ «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից։ Այս ամենը մակարդակի խնդիր է, յուրաքանչյուրն իր ընտրապայքարը տանում է իր ունեցած ինտելեկտուալ մակարդակին համապատասխան։ Եթե ինտելեկտուալ մակարդակը «պլինտուս»-ից ցածր է, բնականաբար նաև ընտրապայքարին ոչ հարիր բառապաշար ենք լսում։ Ինչ վերաբերում է փոխադարձ քննադատություններին, ապա այդ ամենը նորմալ է, ու ընտրապայքարի էությունը հենց դա է, որ թեկնածուները մեկը մյուսին քննադատում են՝ ներկայացնելով մրցակցի չարած գործը։ Իհարկե, եթե դա արվում է նորմալ բառապաշարով։

- Փաստացի, հիմնական պայքարն ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» դաշինքի միջև։ Բացի դրանից՝ երկու ուժերից էլ ո՞ր ուժերը խորհրդարան անցնելու հնարավորություն ունեն։

- Այս պահի դրությամբ, բացի այդ երկու քաղաքական ուժերից, խորհրդարան անցնելու հնարավորություն ունեն նաև «Պատիվ ունեմ» դաշինքն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Մնացած ուժերի մասին այս պահին ոչինչ ասել չեմ կարող, քանի որ դեռևս առջևում քարոզարշավ կա և հնարավոր է՝ դրա ընթացքում որոշակի փոփոխություններ լինեն, ու լրացուցիչ ուժեր հնարավորություն ունենան հաղթահարել ընտրական շեմը։

- Այսինքն՝ քարոզարշավը կարո՞ղ է շրջադարձային ազդեցություն ունենալ։

- Շրջադարձայինը բառը շատ բարձրագոչ է, այդ բառը չօգտագործենք, բայց, այո՛, կարող է որոշակի ազդեցություն ունենալ։ Օրինակ՝ եթե որևէ կուսակցություն 10 մանդատ ստանա, դա շրջադարձային չի լինի, սակայն կարևոր նշանակություն կունենա ու որոշակի փոփոխություն կմտցնի ԱԺ կազմի մեջ։

- Պարո՛ն Բադալյան, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերն արդեն հասանելի են, ի՞նչ եք կարծում՝ այս իրավիճակում հասարակության ընտրության հիմքում ընկած կլինե՞ն քաղաքական ուժերի ծրագրային դրույթներ, թե՞ Հայաստանում երբեք ծրագրային դրույթները կարևոր չեն եղել։

- Նախընտրական ծրագիրը կարևոր է եղել 1990-1991 թվականներին, երբ մարդիկ, բացի կոմունիստական կուսակցության ծրագրերից, ուրիշ ծրագրերի ծանոթ չէին։ Այդ ժամանակ կարդում էին ծրագրերը, սակայն դրանից հետո, երբ որ տեսան, որ քաղաքական ուժերը, որոնք լավ ծրագրեր էին գրել, եկան իշխանության, սակայն իրենց ծրագրերին հակառակ գործեցին ու ծրագրերի դերը նվազեցրին՝ դրանք դարձնելով զուտ նախընտրական պայքարի պարտադիր բաղադրիչ, այլևս այդ հիմքով ընտրություն չկատարեցին։ Հիմա ընտրությունները բացառապես քաղաքական ուժի անցած ուղու կամ անելիքների վերաբերյալ ունեցած պատկերացումների հիման վրա են իրականացնում։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի