ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որպեսզի պատվաստումը Հայաստանում դառնա համատարած։
«Նախանշանները կան, որ աշխարհը գտնվում է կորոնավիրուսի համավարակի հաղթահարման փուլում եւ սա, առաջին հերթին, կապված է պատվաստանյութերի արտադրության ծավալների հետ։ Վերջին շաբաթվա տվյալներով՝ Հայաստանում ևս կորոնավիրուսի ամենօրյա թվերի որոշակի նվազում ունենք։ Մեր խնդիրների բովանդակությունը պետք է քայլ առաջ քայլ փոփոխվի եւ մեր նպատակը պետք է լինի պատվաստումների հնարավորինս մեծ ծավալով իրականացումը»,- Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակասել է նա:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում պատրաստվել է «կանաչ անձնագրերի» էլեկտրոնային պլատֆորմը, որպեսզի քաղաքացիները հեռախոսների միջոցով ունենան իրենց պատվաստումը հավաստող տեղեկություն, որը նրանց ճամփորդելու հնարավորություն կտա։
«Կարեւոր է ոչ միայն Հայաստանից մեկնողների, այլև Հայաստան եկողների բնականոն հոսքերն ապահովել։ Աշխարհում երկրները հիմա գնահատվում են ըստ նրա, թե բնակչության քանի տոկոսն է պատվաստվել։ Այն երկրները, որտեղ պատվաստման տոկոսները բարձր են, համարվում են ցանկալի ուղղություն տուրիզմի համար։ Պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որպեսզի պատվաստումը Հայաստանում դառնա համատարած»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիների թիվը 5 000-ից մի փոքր ավելի է:
«Դա ամենևին էլ բավարար ցուցանիշ չէ եւ պետք է շատ արագ ամենօրյա տեմպերն առնվազն կրկնապատկել, ամեն օր պետք է տարվի համապատասխան իրազեկման, տեղեկատվական աշխատանք: Շատ կարեւոր է այս փուլում օպերատիվ կերպով, փաստարկված, համոզիչ, ապացուցելի արձագանքել ապատեղեկատվությանը: Համոզված եմ՝ հիմա էլի ահասարսուռ տեսարանների կամ դեպքերի վերաբերյալ ստահոդ տեղեկություններ կտարածեն, այդ թվում՝ քաղաքական նպատակներով: Այնպես որ, պետք է շատ ուշադիր լինել՝ հակապատվաստումային դիսկուրսն ընդհանրապես վերացնելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: