2021 թ.-ի փետրվարի 1-ին ՀՀ կառավարությունը միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ընդդեմ Ադրբեջանի` սանձազերծած 44 օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար:
ՀՀ կառավարությունը պնդում է, որ Ադրբեջանը խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքները:
Կառավարությունը ներկայացրել է բազմաթիվ և ծավալուն ապացույցներ: Փաստաթղթում բարձրացված է նաև ռազմագերիների և քաղաքացիական անձանց, Արցախի տեղահանված բնակչության, զոհված և վիրավորված քաղաքացիական անձանց, նրանց հարազատների, սեփականությունը կորցրածների, տեղական և միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության մի շարք հարցեր։
Հատկանշական է, որ այս գանգատը Եվրոպական դատարան ՀՀ-ի կողմից ներկայացվող առաջին միջպետական գանգատն է:
Նշենք, որ առաջիկայում Եվրոպական դատարան են ուղարկվելու արդեն իսկ ներկայացված պահանջները հիմնավորող լրացուցիչ մեծածավալ ապացույցներ: Ինչպես մինչ օրս, այնպես էլ ապագայում ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հանրությանը կծանուցի հետագա զարգացումների և ձեռնարկած քայլերի մասին: