Այսօր՝ նոյեմբերի 25-ին, Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է: Նրա շիրիմի մոտ՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում, անցկացվել են հիշատակի և ռազմահայրենասիրական միջոցառումներ։
Եռաբլուրի Սուրբ Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Հովհաննիսյանը հոգեհանգստի աղոթք և խնկարկում է կատարել հերոսի շիրիմի մոտ։
Շիրմաքարին ծաղիկներ ու հարգանքի տուրք են մատուցել քաղաքացիներ, դպրոցականներ, պատանիներ, հասարակական և քաղաքական գործիչներ։
«Ապագա զինվոր» ռազմամարզական դպրոցի սաները Մոնթեի շիրիմին երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, չխնայել հանուն դրա կյանքը:
Իրենց երդման մեջ պատանիները մասնավորապես նշել են. «Ես՝ ապագա զինվորս, հանդիսանալով «Ապագա զինվոր» ռազմամարզական դպրոցի սան, հանդիսավոր կերպով երդվում եմ անձնվիրաբար ծառայել հայրենիքիս՝ Հայաստանի Հանրապետությանը, և հանուն նրա չխնայել կյանքս, ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը»։
«Այսօր Մոնթեի ներկայության խիստ անհրաժեշտություն կա: Մոնթեի պայծառ, հայրենանվեր հիշատակը պետք է միշտ ուղեկցի այստեղ հավաքվածներին»,- նշել է ներկաներից մեկը:
«Նրա համար հայրենասիրությունը ապրելակերպ էր: Հայրենիքից վեհ գաղափար նրա համար գոյություն չուներ, որի համար նա եկավ, մարտնչեց: Նրա երազանքը միացյալ Հայաստանն էր»,- այսպես է բնութագրել հերոսին նրա վաղեմի ծանոթներից մեկը:
Տեսանյութ: