Ներքին Խոսք 1 ժամ առաջ - 18:30 25-11-2026

Պետությունը պարտավոր է ոչ թե խթանել, այլ երաշխավորել բնության պահպանությունը. Դուլգարյանը՝ Սահմանադրության նախագծի մասին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայաստանի նոր Սահմանադրության հրապարակված նախագծում բնապահպանական բաղադրիչը տեղավորվել է ընդամենը չորս տողում՝ վերարտադրելով գործող Սահմանադրության խնդրահարույց ձևակերպումները։

Իրավապաշտպան և բնապահպան, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի համոզմամբ՝ փաստաթղթի ներկայիս տեսքը չի երաշխավորում բնության պաշտպանությունը և քաղաքացուն զրկում է իր էկոլոգիական իրավունքները սահմանադրորեն պաշտպանելու հնարավորությունից։

Նոր նախագծում շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող հոդվածում նշված է, որ «պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը»։ Ըստ Օլեգ Դուլգարյանի՝ սա ոչ միայն առաջընթաց չէ, այլև նախորդ Սահմանադրության թույլ կետերի կրկնությունն է։

«Այս տեքստը լիովին կրկնում է գործող Սահմանադրության նույն դրույթները՝ պարզապես ավելի կոկիկ և կրճատված ձևակերպումներով, որտեղից հանվել են պարզ ու հստակ բառերը։ Սա, ըստ էության, նախորդ Սահմանադրության չգործող բնապահպանական կետի վերարտադրությունն է»,- Oragir.News-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպանը։

Դուլգարյանը շեշտեց, որ «խթանել» եզրույթը պետությանը չի պարտավորեցնում գործել, այլ ընդամենը ենթադրում է կողմնակի աջակցություն․ «Ի՞նչ է նշանակում «խթանել»։ Դա ընդամենը ձևական մոտեցում է, որը կարծես ասում է՝ լավ կլինի, որ բնությունը պահպանվի, դուք պայքարեք, իսկ մենք կաջակցենք։ Մինչդեռ պետությունը պարտավոր է ոչ թե խթանել, այլ ապահովել ու երաշխավորել շրջակա միջավայրի պահպանությունը»։

Երբ Սահմանադրությամբ պետությունը չի «երաշխավորում» կամ «ապահովում» շրջակա միջավայրի պահպանությունը, բնապահպանական հանձնառությունները դառնում են թույլ, իսկ քաղաքացին մնում է անպաշտպան։ Դուլգարյանի խոսքով՝ առաջին Սահմանադրությունից հետո էկոլոգիական բաղադրիչը միտումնավոր թուլացվել է, ինչը շարունակվում է նաև այս նախագծով։

«Առաջին Սահմանադրության մեջ էկոլոգիական բաղադրիչն ուժեղ էր, սակայն հետագայում այն հանվեց՝ տնտեսական կամ այլ գործողությունների համար ազատություն թողնելու նպատակով, և հիմա նույնն է կրկնվում։ Եթե չկան ամրագրված էկոլոգիական իրավունքներ ու հստակ երաշխիքներ, պետության բնապահպանական հանձնառությունները մնալու են թույլ, իսկ քաղաքացին չի ունենալու սահմանադրական հիմք՝ առողջ և մաքուր շրջակա միջավայրում ապրելու իր իրավունքը պաշտպանելու համար»,- ընդգծեց Դուլգարյանը։

Բնապահպանի դիտարկմամբ՝ Սահմանադրությունը բնությունը պաշտպանող իրական փաստաթուղթ դարձնելու համար պետք է դիմել միջազգային լավագույն փորձին, մասնավորապես՝ Նորվեգիայի, Ֆրանսիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության օրինակներին, որտեղ էկոլոգիական իրավունքները հստակ ձևակերպված են։

«Այդ երկրների սահմանադրություններում հստակ ամրագրված է մարդու՝ առողջ և մաքուր շրջակա միջավայրում ապրելու իրավունքը։ Նշված է, որ պետությունը պարտավոր է կանխել աղտոտումը, ապահովել բնության պաշտպանությունը դրանից և պայքարել աղտոտման դեմ։ Այսինքն՝ դրված են կոնկրետ նորմեր, որոնք սահմանում են էկոլոգիական իրավունքի բոլոր բաղադրիչները»,- բացատրեց մեր զրուցակիցը։

Դուլգարյանը հայտնեց, որ թեև Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն այլևս նախկին ձևաչափով չի գործում և գործընթացը համակարգում է Արդարադատության նախարարությունը, իրենք պատրաստվում են ներկայացնել այս դիտարկումներն ու առաջարկները՝ հասնելու նրան, որ Սահմանադրության մեջ ամրագրվեն հստակ էկոլոգիական իրավունքներ։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
19:36 Ամասիայում՝ նախկին ընդդիմադիրն ընդդեմ նախկին ՔՊ-ականի եղբոր, Աշոցքում՝ ՔՊ-ն առանց մրցակիցների
14:55 Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել
20:01 Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի
20:17 Հարված` գյուղական ամբուլատորիաներին ու դեղատներին. ուշացող գումարների պատճառով հիվանդներին դեղ չեն տալիս
21:25 Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
23:29 Թուրք նախարարը «Զանգեզուրի միջանցքը» անվանել է նաև TRIPP
21:43 «Հայ ժողովուրդ» եզրույթը «ՀՀ ժողովուրդ» ձևակերպմամբ փոխարինելը նշանակում է հրաժարվել հայկական ազգային պետության գաղափարից
12:30 Տիրադավին պարգևատրեցին, կաթողիկոսի անունը շրջանցեցին. ավագանու անդամը՝ Փաշինյան-Սիոն գործարքի մասին