Ներքին Միտք 17 րոպե առաջ - 13:00 10-11-2026

Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Ամոթալի օր է Նոյեմբերի 9-ը։ 2020-ի այս օրն, ավելի ճիշտ՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Պուտինի և Ալիևի հետ ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով փաստացի ավարտվեց 44-օրյա պատերազմը Հայաստանի և Արցախի պարտությամբ։

Այդ հայտարարության ստորագրումից հետո բազմաթիվ մարդիկ վրդովված դուրս եկան փողոց, ոմանք ներխուժեցին Կառավարության շենք։ Ժողովուրդը չէր ուզում հաշտվել պարտության հետ, որովհետև ամեն օր նրան ասում էին՝ «Հաղթում ենք»։ Իսկ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը հանկարծ պարտվեցինք։

Այդ օրը և դրանից ևս մի քանի ամիս անց իշխանությունը դրված էր փողոցում։ ՔՊ-ն այն աստիճան ընկճված էր, որ չէր հակադարձում, երբ գրեթե բոլորը պահանջում էին Փաշինյանի հրաժարականը, նրան դավաճան որակում։

Ինչո՞ւ ընդդիմությունը չկարողացավ Նոյեմբերի 9-ից հետո վերցնել փողոցում դրված իշխանությունը։

Տրամաբանական էր, որ ընդդիմությունն այլ կուրս պետք է առաջարկեր, քան այն, ինչ վարում էր Փաշինյանը։ Օրինակ ընդդիմությունը կարող էր ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին միանալու նպատակ հռչակել, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ՆԱՏՕ-ի աջակցությամբ Արցախը վերստին ազատագրելու քարտեզներ ներկայացնել հանրությանն ու աշխարհին։

Նկատենք, որ այդ ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան չէին ճանաչում ռուս-թուրքական կարգավորման լեգիտիմությունը։ Եվ եթե լիներ նաև հանրային աջակցություն, ապա Հայաստանում հնարավոր կլիներ փոխել իշխանությունը, փոխել Հայաստանի կուրսը։

Ռուս բարձրաստիճան պաշտոնյա Շոյգուն այդ օրերին հայտարարեց, թե Արցախի զավթումը ռուս-թուրքական համատեղ հաջողված օպերացիա էր։ Հաջորդիվ ռուսները խնդիր դրեցին ամբողջությամբ զինաթափել Արցախը։ Նրանք Արցախի ղեկավարներին վերջնագիր ներկայացրեցին ու պահանջեցին նախ զինաթափվել, հետո լուծարել Արցախի Հանրապետությունը։ Արցախի շրջափակման օրերին ռուս խաղաղապահներն աջակցում էին Ադրբեջանին։

Այս և նման փաստերից հետո բազմաթիվ քաղաքացիներ հասկացան, որ Փաշինյանի ռուսամետ կուրսն էր մեր պարտության գլխավոր պատճառը։ Եթե ընդդիմությունն այս գիտակցումն ունենար 2020-ի նոյեմբերին, այսինքն՝ քաղաքական այլ կուրս առաջարկեր, ռուսական բազան դուրս հրավիրելու, ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին միանալու, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ-ի հետ ռազմավարական գործակցությունը խորացնելու նպատակներ հռչակեր, ապա կկարողանար իշխանության հասնել, գուցե նաև ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ չէին զավթվի, Արցախի բանակը կմնար, Հանրապետությունը կմնար, Արցախում հայերը կմնային չէին տեղահանվի։

Հետահայաց այս մտորումներն արդիական են, քանի որ այսօր ընդդիմադիր ուժերի մեծ համախմբում է տեղի ունենում, որը հույս է ներշնչում, թե հաջորդ ընտրություններում կամ նույնիսկ ավելի շուտ կարող է իշխանության հասնել։ Վատն այն է, որ նրանք նույն դիրքորոշումն ունեն, ինչ ուներ ընդդիմությունը նոյեմբերի 9-ի ամոթալի և ոչ իրավաչափ ստորագրությունից հետո։ Տրամաբանորեն ենթադրելի է, որ եթե 2020-ի վերջում ընդդիմությունը չկարողացավ իշխանության հասնել, երբ Փաշինյանի վարկանիշը «0» էր, ապա այսօր նույն ձախողումն է սպասվում, քանի որ նրանց դիրքորոշման և ռազմավարության մեջ էական բան չի փոխվել։

Կարճ ասած՝ այսօր պատեհ առիթ է, որ 2020-ի վերջում կազմակերպված հակակառավարական ցույցերի առաջնորդները ժողովրդին պատմեն, թե ինչու չկարողացան վերցնել փողոցում դրված իշխանությունը։ Ավելին՝ 2020-2021-ին հարթակում կանգնածները կարող են ներկա ընդդիմադիրներին եղբայրաբար խնդրել՝ ռուսամետ դիրքերում չկանգնել, քանի որ այդպես չեն կարող իշխանության հասնել, ինչպես իրենք չկարողացան 2020-2021-ին։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան