Գյումրին տնակներից ազատելու վերջնական ժամկետը 2027 թվականն է։ Սակայն երկրաշարժից 38 տարի անց քաղաքում դեռ հազարավոր ընտանիքներ ապրում են ժամանակավոր կացարաններում, իսկ բնակարանային խնդրի լուծմանն ուղղված ծրագրերը շարունակվում են։
Մինչ նոր բնակարաններ կառուցելու ծրագրեր են հայտարարվում, Գյումրիի 8-րդ թաղամասում կիսակառույց շենքերը քայքայվում են, բայց չեն բնակեցվում։ Կառավարության որոշմամբ՝ Գյումրին տնակներից պետք է ազատվի մինչև 2027 թվականը։
Սակայն, ըստ վերջին պաշտոնական տվյալների, 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ քաղաքում հաշվառված էր 2465 ոչ հիմնական շինություն։ Այսինքն՝ վերջնաժամկետին հաշված ամիսներ են մնացել, բայց տնակային խնդիրը շարունակում է մնալ չլուծված։ Տնակներից ազատելու խոստում՝ մինչև 2027-ը, բայց փաստացի Գյումրիում 2465 տնակ
կա։
Միևնույն ժամանակ, Գյումրիում նոր բնակարանաշինական ծրագրեր են նախատեսվում։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը «Մուշ-2» թաղամասում կառուցելու է երկու բազմաբնակարան շենք՝ ընդհանուր 68 բնակարանով, ինչպես նաև 75 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ։
Բնակարանները նախատեսված են 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար։ «Հայաստան» հիմնադրամը Գյումրիում 2 շենք և 1 մանկապարտեզ է
կառուցելու։
Նոր բնակարանների կառուցման ծրագրերի ֆոնին, սակայն, տարօրինակ ու մտահոգիչ է մնում 8-րդ թաղամասի կիսակառույց շենքերի վիճակը։ Դրանք տարիներ շարունակ չեն շահագործվում, քայքայվում են, մինչդեռ քաղաքում բնակարանային խնդրի լուծման անհրաժեշտությունը շարունակում է արդիական մնալ։
Oragir.News-ը խնդրի վերաբերյալ դիմել է Գյումրիի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժին։ Բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովիկ Ղազարյանը հայտնել է, որ շենքերը համայնքի հաշվեկշռում չեն գտնվում, այլ պետական գույքի հաշվեկշռում են։ «Մի քանի անգամ դիմել ենք, որ հանձնեն համայնքին՝ սոցիալական բնակարանաշինություն իրականացնելու համար»,- հայտնել է Հովիկ Ղազարյանը։
Ստացվում է՝ համայնքը կիսակառույց շենքերը սոցիալական բնակարանաշինության նպատակով օգտագործելու նախաձեռնություն ունի, սակայն դրանք համայնքին չեն պատկանում, իսկ շինարարական թույլտվություն չկա։ Մինչդեռ Գյումրիում բնակարանային խնդրի լուծման անհրաժեշտությունը շարունակում է մնալ օրակարգում։ Մի կողմից՝ մինչև 2027 թվականը տնակներից ազատվելու խոստում, մյուս կողմից՝ նոր բնակարանների կառուցման ծրագրեր, իսկ քաղաքի 8-րդ թաղամասում՝ կիսակառույց շենքեր, որոնք կարող էին բնակարանային ֆոնդի մաս դառնալ, բայց շարունակում են քայքայվել։
Հարցը մնում է՝ ինչո՞ւ այս շենքերը չեն օգտագործվում սոցիալական բնակարանաշինության նպատակով, և ե՞րբ է լուծվելու դրանց համայնքին փոխանցելու ու բնակեցնելու հարցը։
Ֆոտոշարք։
Անահիտ Չալիկյան