Ուղիղ եթեր
Ներքին Միտք 33 րոպե առաջ - 11:45 04-11-2026

Մերժի՛ր պոլիէթիլենը. փորձություն է սպասվում

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Փորձություն է սպասվում ժողովրդին։ Մարդիկ վարժվել են պոլիէթիլենի տոպրակներին, առանց դրանց՝ պատկերացնելի չէ կենցաղը։ Բայց դրանք շուտով օրենքից դուրս են հայտարարվելու։

2027 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում, ցուցահանդես-վաճառքներում, շրջածախ առևտրի միջոցով, ինչպես նաև բացօթյա առևտրի դեպքում մանրածախ առևտուր իրականացնելիս արգելվում է պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումն ու առկայությունը։ Այս մասին տեղեկացնում է ՇՄՆ-ն։

Ի՞նչ են անելու մարդիկ՝ առանց պոլիէթիլենի։

Իհարկե, սա բնապահպանական խնդիր է։ Բազմաթիվ երկրներ են հրաժեշտ տվել պոլիէթիլենին։ Եվ այս հարցում բնապահպանական համայնքում լիակատար միաձայնություն կա։ Բոլորն առանց բացառության կողմ են, որ պոլիէթիլենը վերանա կենցաղից, մաքրվի բնությունից։

Բայց պոլիէթիլենը վերացնելու արշավում կան ռիսկեր։ Մարդիկ սովորել են պոլիէթիլենին, և հեշտ չի լինելու միանգամից, մի հարվածով վերացնել դրանք, փոխարինել թղթից, կտորից կամ այլ նյութից պատրաստված առարկաներով։ Մարդիկ այս զրկանքին պատրաստ չեն։

Այս ռիսկերը կառավարելու համար մեծ հասարակական աշխատանք է պահանջվում։ Պոլիէթիլենի վերացման պայքարում մշտապես և ամենուր առաջին շարքում բնապահպաններն են։ Հայաստանում բնապահպանական բազմաթիվ կազմակերպություններ կան։ Եթե ՔՊ-ն իսկապես ազնիվ է իր այս մտադրության մեջ, ապա այսօրվանից նրանք ու նրանց այս հարցում հովանավորող միջազգային հիմնադրամները կհայտարարեն դրամաշնորհային ծրագրեր, մրցույթներ, կներգրավեն բոլոր բնապահպաններին, բոլոր խանութներում ու տոնավաճառներում անվճար կտրամադրվեն էկոլոգիապես մաքուր, որակյալ, ամուր տոպրակներ և այլ տարաներ։ Դրամաշնորհներով ու Կառավարության հատկացումներով կգործարկվեն արտադրամասեր, որտեղ կարտադրվեն ոչ պոլիէթիլենային տոպրակներ, տարաներ։

Դրանից զատ՝ անհրաժեշտ կլինի կազմակերպել քարոզչական արշավներ։ Ընդդիմադիրները ևս կարող են ակցիաներ կազմակերպել՝ «Մերժի՛ր Նիկոլին, մերժի՛ր պոլիէթիլենը» կարգախոսով։ Առավել տպավորիչ կլինի, եթե հունվարի 1-ին հանրային վայրերում կազմակերպեն ցույցեր՝ հրաժեշտ տալով այն նյութին, որը երկար ժամանակ վնաս է պատճառել բնությանը։

Հարկ է, սակայն, հիշել 2022-ը, երբ պոլիէթիլենային տոպրակը դարձավ փողով։ Դրանից առաջ էլ էին ասում, թե մտադիր են հրաժարվել պոլիէթիլենային տոպրակներից։ Սակայն պոլիէթիլենը չվերացավ, այլ դարձավ փողով։ Մինչ այդ խանութներում տոպրակն անվճար էր տրամադրվում գնորդին։ Իսկ 2022-ից այն դարձավ ապրանք, ստացավ գին։ Դա տեղի ունեցավ հետևյալ կերպ։ Մի քանի օր մարդիկ շփոթված էին, քանի որ խանութներում ցելոֆանե տոպրակ չէին տալիս։ Առաջարկվող այլ տոպրակներն անհարմար էին, անորակ, տգեղ ու թանկ։ Մարդիկ անհարմարություն էին կրում։ Հետո, երբ պոլիէթիլենի տոպրակը վերադարձավ, բայց որոշակի գնով, մարդիկ ուրախացան և չբողոքեցին իշխանությունների դեմ այդ թանկացման համար։ Ավելին՝ ասում էին, թե չար մարդիկ՝ հակահեղափոխական նախկինները, թալանչիները, կոռուպցիոներները չեն ուզում մերժել պոլիէթիլենը։ Եվ քանի որ չար մարդիկ չմերժեցին ցելոֆանը, ապա իշխանությունը պատժեց բոլորին՝ տոպրակին տվեց գին, դարձրեց ապրանք, մարդկանց գրպանից հանեց 10-50 դրամ։

Այս առումով՝ հիմնավոր հոռետեսություն կա, որ 2027-ի հունվարի 1-ից պոլիէթիլենը չի վերանա, այլ ընդամենը կթանկանա։ Եթե այսօր խանութներում տոպրակը վաճառվում է 10-50 դրամով, ապա հունվարի 1-ից կվաճառվի մոտ 100 դրամով։ ՔՊ-ական իշխանություններն էլ կհայտարարեն, թե այս թանկացմամբ պատժում են նախկիններին, որոնք չարամտորեն չեն ուզում մերժել պոլիէթիլենը։ Այդ պատճառով պոլիէթիլենի ամբողջական վերացումը հետաձգում են մինչև 2032-ի հունվարի 1-ը, իսկ մինչ այդ կթանկացնեն, որ ժողովուրդն իմանա, թե ինչ վատ բան է այն։

Կարճ ասած՝ եթե բնապահպանները չեն ուզում կրկին խաբվել, ինչպես 2022-ին, ապա կարող են ջանքեր գործադրել, որ հունվարի 1-ին բոլոր խանութներն ունենան ոչ պոլիէթիլենային, անվճար, որակյալ, ամուր տոպրակներ և այլ տարաներ։ Կարող են նաև պատաստրվել հուժկու ցույցերի, պահանջելով Փաշինյանի հրաժարականը, եթե իշխանությունները փորձեն 10 դրամանոց տոպրակի գինը դարձնել 100 դրամ։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են