Ուղիղ եթեր
Արտաքին 36 րոպե առաջ - 17:53 03-11-2026

Եվրոպայի գազի պաշարները 2013 թվականից ի վեր ամենացածր մակարդակին են՝ ձմռանն ընդառաջ

Եվրոպան ձմռանն ընդառաջ ունի բնական գազի ամենացածր պաշարները՝ 2013 թվականից ի վեր։

Սա կարող է միջազգային շուկայում ճնշումը երկարաձգել մինչև 2027 թվական, ասված է Էներգետիկայի միջազգային գործակալության «Գլոբալ գազային անվտանգության ակնարկ-2026» զեկույցում:

Էներգետիկայի միջազգային գործակալության տվյալներով՝ հոկտեմբերի վերջին Եվրոպայի ստորգետնյա գազապահեստարանները լցված են եղել ընդամենը 75 տոկոսով։ Սա զգալիորեն ցածր է Եվրամիության սահմանած 80 տոկոսի նվազագույն նպատակային ցուցանիշից և վերջին ավելի քան տասը տարվա ընթացքում գրանցված ամենացածր մակարդակն է։

Իրավիճակը պայմանավորված է մի քանի գործոններով․ ԱՄՆ-Իրան պատերազմի հետևանքով վնասվել են Պարսից ծոցի տարածաշրջանում գործող բնական գազի հեղուկացման գործարանները, իսկ Հորմուզի նեղուցով գազի տարանցումը կրճատվել է։

Բացի այդ, եվրոպական երկրները գազի պաշարների համալրումը սկսել են ջեռուցման նախորդ սեզոնի ավարտին՝ գարնանը, պահեստարաններում մնացած ցածր մակարդակի պայմաններում։ Գնորդներն ի սկզբանե հետաձգել էին գազի գնումները՝ հույս ունենալով, որ գները կնվազեն։

«Օգոստոսին, սեպտեմբերին և հոկտեմբերին մատակարարումների ծավալներն ավելացել են, սակայն դա բավարար չի եղել ուշացումը լրացնելու համար»,- նշում է Էներգետիկայի միջազգային գործակալությունը՝ հավելելով՝ այս սեզոնին պահեստարաններ մղված գազի ծավալը շուրջ 4 տոկոսով պակաս է եղել վերջին հինգ տարիների միջին ցուցանիշից։

Արդյունքում եվրոպական երկրներն ավելի մեծ կախվածության մեջ են հայտնվում հեղուկացված բնական գազի լրացուցիչ մատակարարումներից՝ պահանջարկի գագաթնակետային ժամանակահատվածում իրենց կարիքները բավարարելու համար։

Գործակալության գնահատմամբ՝ դա կարող է նաև մեծացնել նրանց խոցելիությունը, եթե ձմեռը սովորականից ցուրտ լինի, գազային ցանցում տեխնիկական խնդիրներ առաջանան կամ մատակարարումները խափանվեն։

Ավելի վաղ Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, որ երկիրը ձմռանը բավարար գազ կունենա՝ չնայած պահեստարանների լցվածության սահմանված թիրախը չապահովելուն։ Գերմանիայի էներգետիկ ենթակառուցվածքներն ու շուկաները վերահսկող դաշնային գործակալության տվյալներով՝ երկրի գազապահեստարանները միջինում լցված են 61 տոկոսով։

Սա ցածր է նոյեմբերի 1-ի համար օրենքով սահմանված 70 տոկոսի թիրախային ցուցանիշից։ Այն նաև զիջում է Եվրամիության միջին ցուցանիշին, որը, գազի պահեստավորման տվյալները հետևող AGSI հարթակի համաձայն, մոտ 75 տոկոս է կազմում։

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
19:05 Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
19:36 Այգավանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրավորներ
18:30 Oragir.News-ի հրապարակումից հետո սառույցը շարժվեց. Սոցապը տուն է առաջարկել բազմազավակ մորը