Ուղիղ եթեր
Արտաքին 55 րոպե առաջ - 15:36 02-11-2026

Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել բյուջեի շուրջ բանակցությունների ձախողումից հետո

Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վևերը նոյեմբերի 2-ի առավոտյան ժամանել է թագավորական պալատ՝ Ֆիլիպ թագավորին ներկայացնելու կառավարության հրաժարականը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը, որոշումը հաջորդել է բյուջեի շուրջ գիշերը շարունակված բանակցությունների ձախողմանը։

Դե Վևերը շուրջ մեկուկես ժամ տևած հանդիպումից հետո լքել է թագավորական պալատը՝ առանց լրագրողների հետ զրուցելու։

Հանդիպումից հետո պալատից հայտարարել են, որ Ֆիլիպ թագավորը «մտորում է իր որոշման շուրջ» և նոյեմբերի 3-ից խորհրդակցություններ կսկսի կոալիցիոն կուսակցությունների ղեկավարների հետ։

Թագավորը նաև ափսոսանք է հայտնել, որ համաձայնության հասնել չի հաջողվել՝ ընդգծելով, որ երկիրը չի կարող իրեն թույլ տալ երկարատև քաղաքական ճգնաժամ։ Նա կոչ է արել բոլոր ներգրավված կողմերին «առաջնահերթություն տալ ընդհանուր շահին և փոխզիջման պատրաստակամությանը»։

Դե Վևերը թագավորի հետ հաջորդ հանդիպումը կունենա նոյեմբերի 7-ին։
Բելգիայի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոն բանակցությունների ձախողման պատճառը համարել է կողմերի միջև առկա բազմաթիվ տարաձայնությունները։ «Եթե փորձեմ թվարկել բոլոր վիճահարույց հարցերը, դա անվերջ կտևի», – ասել է նա բելգիական լրատվամիջոցներին։

Բելգիայի կառավարությունը պետք է 10 միլիարդ եվրոյի խնայողություն ապահովի՝ Եվրամիության ծախսային սահմանափակումները պահպանելու համար։

Անցյալ տարի երկրի բյուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 5 տոկոսը, մինչդեռ եվրոպական կանոններով թույլատրելի առավելագույն ցուցանիշը 3 տոկոսն է։ Բելգիայի պետական պարտքը գերազանցում է 735 միլիարդ եվրոն՝ կազմելով երկրի ՀՆԱ-ի ավելի քան 110 տոկոսը, մինչդեռ սահմանված շեմը 60 տոկոս է։

Բանակցությունների ձախողումից հետո բարձրացել են պետական պարտատոմսերի տոկոսադրույքները, ինչի հետևանքով Բելգիան ստիպված է ավելի մեծ ծախսեր կատարել։
Եթե թագավորն ընդունի Դե Վևերի կառավարության հրաժարականը, երկրում կնշանակվեն արտահերթ ընտրություններ։