Հայաստանի ճանապարհներին տեղի ունեցող ողբերգական մահերի մասին լուրերը դարձել են մեր կյանքի ամենօրյա, բայց սոսկալի ուղեկիցը։
Ընտանիքներ են կործանվում, երեխաներ են որբանում, իսկ պետական կառույցները շարունակում են չոր թվեր արձանագրել՝ ներկայացնելով դրանք որպես սովորական վիճակագրություն։ Ինչու չեն աշխատում անվտանգության գեղեցիկ ծրագրերն ու թղթի վրա գրված ռազմավարությունները։ Ինչն է իրականում սխալ գնում։
Անհատ վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական գործիչ Պողոս Օղլուկյանը
Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ առաջին ու ամենամեծ բացթողումը հանրային կրթության և դաստիարակչական հաղորդումների բացակայությունն է հեռուստատեսությամբ. «Փնովում էին Սովետական Միությունը, բայց ես միշտ ասում եմ՝ բացեք ձեր արխիվները, նայեք։ Այն ժամանակ նույնիսկ մանկապարտեզի երեխաների համար հատուկ հրապարակներ էին սարքում, փոքր լուսացույցներ դնում, անցումներ գծում ու երեխաներին սովորեցնում։ Իսկ այսօր ինչ են սովորեցնում այդ երեխաներին։ Ոչ մի բան։ Դաստիարակչական հաղորդումները վերացան»։
Ըստ փորձագետի՝ խնդիրը խորանում է նաև հանրային մտածողության և «մոդայի հետևից ընկնելու» պատճառով։
Մարդիկ, ովքեր մինչև 30-40 տարեկանը կյանքում նույնիսկ հեծանիվ չեն քշել, անմիջապես նստում են մեքենաների ղեկին՝ առանց տարրական պատրաստվածության։ «Սա չտեսություն է, սրանք բոլորը կապված են հենց այդ վթարների հետ»,- ցավով արձանագրեց նա։
Օղլուկյանի փոխանցմամբ՝ վրաերթերի 99%-ը տեղի է ունենում այն պատճառով, որ հետիոտնն անցնում է չթույլատրվող տեղից։
Սա նույնպես գալիս է դաստիարակության պակասից, հատկապես այն պատճառով, որ մայրաքաղաքում բնակչության մեծ ներհոսք կա, և շատերը սովոր չեն քաղաքային երթևեկության կանոններին ու լուսացույցներին։ Իսկ ինչ է անում Պարեկային ծառայությունը կանխարգելման համար։
Փորձագետի կարծիքով՝ այս ծառայությունն այսօր իրականում չի զբաղվում երթևեկության կարգավորմամբ. «Պարեկային ծառայությունն այսօր զբաղված չէ երթևեկությունով։ Այն ժամանակ ասում էին՝ ԳԱԻ-ն վերացնում ենք, որ պարեկները նրանց գործառույթներով զբաղվեն, բայց պարզվեց՝ նրանք մենակ զբաղված են կառավարության անդամներին ուղեկցելով։ Ամբողջ քաղաքը տեսախցիկների մեջ խեղդված է։ Դուրս եկեք խցանման ժամերին՝ 17:00-20:00-ն, տեսեք խաչմերուկներում մի պարեկ կանգնա՞ծ է, որ երթևեկությունը կարգավորի։ Չկան»։
Օղլուկյանի խոսքով՝ եթե 7-8-րդ դասարանն ավարտածն այսօր պարեկ է դառնում, որը օրենքից չի հասկանում, ինչի՞ մասին է խոսքը․ «Պարեկին հասարակ հարց եմ տալիս՝ նայում է աչքերիս մեջ, ասում է՝ «կգնամ, կհարցնեմ, կգամ, կասեմ»։ Ինչ ուզում ես ասա՝ իրենք թքած ունեն։ Չեն ուզում մասնագետների հրավիրել ու լսել, մեծամիտ են։ Իրենց թվում է՝ ամեն ինչ գիտեն, բայց իրականում բան չգիտեն, վերլուծություն էլ չեն կարողանում անել»։
Հասմիկ Մովսիսյան