Ավելին 37 րոպե առաջ - 18:35 14-10-2026

94-ամյա միլիարդատերը՝ առնետների ներխուժման սկանդալի կենտրոնում

94-ամյա միլիարդատեր Բարե Սեյդը հայտնվել է սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ Չիկագոյի իշխանությունները նրան մեղադրել են վայրի կենդանիներին կերակրելու միջոցով աղավնիներ և առնետներ գրավելու մեջ։ Խնդիրը վերաբերում է քաղաքի Լինքոլն Պարկ թաղամասին, իսկ պաշտոնյաները մտահոգություն են հայտնել հանրային առողջության և հնարավոր լրացուցիչ ծախսերի վերաբերյալ։

Չիկագոյի քաղաքային խորհրդի 43-րդ շրջանի ներկայացուցիչ Թիմի Կնուդսենը Axios-ին հայտնել է, որ իշխանությունները քննարկում են Սեյդի դեմ դատական հայց ներկայացնելու հնարավորությունը։

Նրա խոսքով՝ վերջին ամիսներին կերակրման պրակտիկան ընդլայնվել է՝ չնայած վերահսկողության խստացմանն ու նոր տուգանքներին։ Սեյդը վճարել է նշանակված բոլոր տուգանքները՝ չվիճարկելով դրանք։

Ըստ 43-րդ շրջանի տվյալների՝ ավելի քան երեք տարի Սեյդը մարդկանց է վարձել՝ իր տան մոտ ընկույզներ, սերմեր և այլ սնունդ տեղադրելու համար։ Ժամանակի ընթացքում այս պրակտիկան տարածվել է նաև Լինքոլն Պարկում․ սնունդը թողնվել է ծառերի մոտ, ճյուղերին և այգու տարբեր հատվածներում։

Անցյալ օգոստոսին Կնուդսենը Սեյդին վերջին նախազգուշացումն էր ուղարկել՝ նշելով, որ թռչուններին կերակրելը կարող է վտանգել հանրային առողջությունը։ Պաշտոնյայի պնդմամբ՝ աղավնիների մեծ խմբերն ու դրանց կղանքը նպաստում են առնետների ներգրավմանը։ Սեյդին հանձնարարվել էր դադարեցնել կենդանիներին կերակրելը, աղբը պահել կրծողների համար անհասանելի տարաներում և 15 օրվա ընթացքում միջոցներ ձեռնարկել առնետների բնադրավայրերը վերացնելու համար։ Իշխանությունները, սակայն, նրա կողմից պատասխան չեն ստացել։

Սեյդը նախկինում եղել է էլեկտրոնիկայի ոլորտում գործող Չիկագոյի Tripp Lite ընկերության սեփականատերը։ Նա չի մեկնաբանել մեղադրանքները։ WGN-ի լրագրողները փորձել են կապ հաստատել նրա հետ, սակայն մեկնաբանություն չեն ստացել։

Հարևանուհի Քերոլայն Նովակի խոսքով՝ Սեյդի աշխատակիցները թշնամաբար են արձագանքել, երբ բնակիչներն ու այգու աշխատակիցները հարցրել են ընկույզներ տարածելու մասին։

Միևնույն ժամանակ, Axios-ի լրագրողները միլիարդատիրոջ տան պատշգամբում նկատել են ջրով լի ամաններ և կոտրված ընկույզի կճեպներ։ Դրանք, սակայն, ինքնին չեն հաստատում, թե ով է տեղադրել սնունդը կամ ինչ նպատակով։

Ամենից շատ դիտված