Ուղիղ եթեր
Ներքին 45 րոպե առաջ - 17:25 13-10-2026

Ուժը համայնքի բնակիչների մեջ է․ Ամուլսարի պայքարը մարեց, քանի որ պայքարողներից շատերը զոհվել են

Ամուլսարի ոսկու հանքավայրի պաշտոնական բացումից հետո համացանցում բազմաթիվ հուսահատական գրառումներ կատարվեցին, որոնցում հաճախ մեղադրանքի սլաքներն ուղղվում են հենց բնապահպան ակտիվիստներին՝ նրանց պասիվության կամ «պայքարը տապալելու» մեջ։

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, բնապահպան Օլեգ Դուլգարյանը Oragir.News-ի հետ զրույցում ներկայացնելով ստեղծված իրավիճակը՝ առաջարկում է հարցին նայել ավելի գլոբալ համատեքստում և չկենտրոնանալ միայն տեսանելի անհաջողությունների վրա։ Ըստ նրա՝ Թեղուտի և Ամուլսարի հսկայական շարժումները ձևավորեցին մի միջավայր, որտեղ համայնքներն ինքնուրույն կարողացան կասեցնել բազմաթիվ այլ վտանգավոր նախագծեր։

«Մենք սևեռված ենք Թեղուտից մինչև Ամուլսար, որովհետև ամենախոշոր շարժումներն են իրենք այդ տարիների։ Բայց մենք մի կարևոր հանգամանք բաց ենք թողնում, որ Թեղուտից մինչև Ամուլսար Հայաստանում ավելի քան 20 նոր տարածքներում նոր հանքավայրերի բացման նախագծեր չիրականացվեցին։ Այսինքն դա մի մեծ պայքարի փուլ է, որտեղ հիմնական պայքարում եղել է համայնքի բնակիչը, և դա մենք անտեսում ենք։ Այսինքն, մեծ հաշվով, Հայաստանի տարածքը կարող էր տասնապատիկ անգամ ավելի վտանգված լինել»,- նկատում է Դուլգարյանը։

Անդրադառնալով քննադատություններին, բնապահպանը բացահայտում է շարժման թուլացման օբյեկտիվ պատճառները․ «Ամուլսարի պայքարը բավականաչափ ուժեղ պայքար էր, բայց այն սկսեց մարել, երբ սկսվեց քովիդը, հետո տեղի ունեցավ պատերազմը։ Տեղի համայնքների պայքարողներից շատերն այսօր չկան՝ նաև զոհվել են, և դրա արդյունքում պայքարը մարեց։ Այդ պայքարն ուժեղ էր նրանով, որ համայնքի բնակիչներն էին պայքարում։ Ակտիվիստները կամ կազմակերպությունները ընդամենն աջակցողներ են, ուժը համայնքի բնակիչների մեջ է։ Երբ համայնքի բնակիչը թուլացավ իմ նշած պատճառներով, օգտվեցին այդ իրավիճակից»։

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում իրավական արձագանքին, ապա մի խումբ քաղաքացիներ և հասարակական կազմակերպություններ արդեն հանդես են եկել հստակ հայտարարությամբ՝ հիմնավորելով, թե ինչու պետք է հենց այս պահին կասեցվի հանքի շահագործումը։ Ըստ Դուլգարյանի՝ նման հայտարարությունները կարևոր են, քանի որ դրանք արտահայտում են հանրության պահանջն ու դիրքորոշումը և շատ դեպքերում նպաստում են գործընթացներին, թեև Ամուլսարի պարագայում տարիներ տևած այդ պահանջն ի վերջո անտեսվեց պետության կողմից։

Բնապահպանը վստահ է, որ պետական համակարգի կողմից քաղաքացիների կամքի անտեսումը միայն խորացնելու է անվստահությունը պաշտոնական խողովակների հանդեպ և ծնելու է ինքնապաշտպանության բնական մեխանիզմներ․ «Յուրաքանչյուր նման նախագիծ, որը անտեսում է ժողովրդի ձայնը, ինքը բերում է ավելի մեծ դիմակայության։ Ինչ կատարվեց Թեղուտից հետո․ ավելի խորացավ անվստահությունը պետական համակարգում նման գործընթացների վերաբերյալ։ Մարդիկ սկսեցին չվստահել եզրակացություններին, փորձաքննություններին, հանրային լսումներին, և տեղի ունեցավ մի մեծ շղթա տարիներ շարունակ, երբ մարդիկ, որպեսզի երաշխավորեն իրենց էկոլոգիական անվտանգությունը, տապալում էին այդպիսի լսումները, որոնք նախաձեռնվում էին իրենց համայնքներում»:

Նրա պնդմամբ՝ սա ոչ թե նախապես մշակված ռազմավարություն է, այլ բնական հակազդեցություն. «Դա նշանակում է, որ յուրաքանչյուր այսպիսի նախագիծ չի ավարտվում, որովհետև քաղաքացիները հիմա ավելի աչալուրջ են լինելու։ Վստահությունն ավելի է իջնում, և իրենք փորձելու են բոլոր իրենց հնարավոր ժողովրդավարական մեթոդներով պաշտպանել իրենց շրջակա միջավայրը։ Դա ոչ թե ինչ-որ ռազմավարություն է, այլ բնական ընթացք, երբ քաղաքացին տեսնում է, որ իրեն չեն լսում»։

Օլեգ Դուլգարյանը շեշտում է համայնքների իրազեկվածության կարևորությունը։ Որպես օրինակ նա հիշեցնում է Թեղուտի փորձը, որտեղ սկզբնական շրջանում բնակիչները կողմ էին հանքի բացմանը. «Եթե Թեղուտի պայքարի ժամանակ տեղի համայնքների բնակիչների ճնշող մեծամասնությունը կողմ է եղել, որպեսզի այնտեղ հանքավայր բացվի, ապա եթե գնանք հիմա հարցնենք տվյալ քաղաքացիներին, իրենք կերազեին այն ժամանակի մասին, երբ իրենց տարածքներում ընդհանրապես հանքեր չկային»։

Անդրադառնալով էկոլոգիական սպառնալիքներին՝ բնապահպանը միայն հիշեցրեց, որ նույնիսկ կառավարության պատվիրած «Էլարդ» ընկերության ուսումնասիրությունը փաստել է՝ ռիսկերը չեզոքացված չեն, և ցանկացած արդյունաբերական գործունեություն վնասելու է շրջակա միջավայրին։ Խնդիրը, ըստ նրա, Հայաստանի զարգացման ընդհանուր տեսլականի մեջ է։

«Հայաստանում հանքարդյունաբերության ծավալը կազմում է ՀՆԱ-ի ընդամենը 3-4%-ը։ Արդյունահանումը վնասում է ոչ միայն բնությանը, այլև մարդկանց մտածելակերպին ու մշակույթին։ Երբ մի օր ավարտվի հանքարդյունահանումը, այդ մարդիկ կամ նրանց սերունդները կանգնելու են ստրեսի առաջ, որովհետև կտրված են լինելու իրենց բնական գործունեությունից։ Երկարաժամկետ կտրվածքով նման գործունեությունն արդարացված չէ։ Սա վերաբերում է Հայաստանի տնտեսական զարգացման տեսլականին․ արդյոք մենք մեր տնտեսական քաղաքականությունը հիմնելու ենք ոչ առողջ գործունեությա՞ն, թե՞ առողջ շրջակա միջավայրի և կայուն զարգացումը ենթադրող տնտեսության կառուցման վրա։ Համայնքի բնակիչները պետք է թելադրեն իրենց կարիքներին համապատասխան տնտեսական քաղաքականություն»,- եզրափակում է բնապահպանը։


Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
18:10 Սիրուշոն մայրիկին իր բրենդի առաջին ոսկյա զարդն է նվիրել
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
19:04 Ամուլսարը՝ որպես Հայաստանի պղծման մոդել․ Լևոն Զուրաբյան
18:51 ՀԿ-ների հայտարարությունը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման և Հայաստանի միջազգային պարտավորությունների մասին