Ներքին 46 րոպե առաջ - 16:09 10-10-2026

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Ամուլսարի ծրագրի ազդակիր երեք համայնքներին՝ Ջերմուկ, Վայք և Սիսիան, տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար։ Հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը նաև պարտավորվել է 5 միլիոն դոլար հատկացնել «Ջերմուկ ազգային պարկի» ստեղծմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի արարողությանը հայտարարեց «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գնել Սանոսյանը։

Նրա խոսքով՝ ընկերությունը, Կառավարությունն ու ազդակիր երեք համայնքները վերջերս հստակեցրել են համայնքային աջակցության ծրագրի իրականացման պայմանները։

«Ոչ միայն հստակեցվեց, որ համայնքներին տարեկան կտրվի 7-ից մինչև 9 միլիոն դոլար գումար, այլ նաև հստակեցվեց ծրագրի մեթոդաբանությունը, ուղղությունները, աշխատանքի ձևաչափը։ Սա, կարծում ենք, անչափ կարևոր է»,– նշեց Սանոսյանը։

Նա ընդգծեց մարզպետարանների ու համայնքապետարանների մասնակցությունը համատեղ աշխատանքին՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կարևորելով առաջիկա տարիներին համայնքների զարգացման համար։

Անդրադառնալով բնապահպանական ուղղությանը՝ Սանոսյանը հայտնեց, որ ազգային պարկի ստեղծման ծրագիրն արդեն որոշակի ընթացք ունի։ Ընկերության նախատեսած 5 միլիոն դոլարի աջակցությունը, նրա խոսքով, ուղղվելու է այդ նախաձեռնությանը, որը ներառում է բնապահպանական բազմաթիվ կարևոր ուղղություններ։

Սանոսյանը նաև շնորհակալություն հայտնեց ծրագրի իրականացմանը մասնակցած պետական գերատեսչություններին և գործընկերներին՝ հիշեցնելով, որ հանքավայրի շահագործման մեկնարկին նախորդել են մեծածավալ աշխատանք, բազմաթիվ դժվարություններ և երբեմն անլուծելի թվացող խնդիրներ։

«Մեր նպատակն է ամբողջովին նոր որակի խոսք ասել Հայաստանում հանքարդյունաբերության ուղղությամբ։ Ես համոզված եմ՝ մեր թիմը տրամադրված է, որ այդպես կլինի, այդպես կանենք»,– եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը