Հայաստանում ադրբեջանցի զինծառայողի հայտնվելու և հայ գերիների վերադարձի հարցերը շարունակում են փոխկապակցվել հանրային խոսույթում։ Քաղաքացիների շրջանում տարբեր կարծիքներ կան՝ արդյոք ճի՞շտ է ադրբեջանցի զինվորին փոխանակելը Բաքվում գտնվող հայ գերիների հետ, թե՞ հարցին պետք է այլ լուծում տալ։
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիներն ինչպե՞ս են վերաբերվում Հայաստան մտած և հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողին հայ գերիների հետ փոխանակելու հնարավորությանը։
Հարցվածներից մեկը նշեց, որ հայ գերիները վաղուց պետք է տանը լինեին։ «Եթե բոլորին մեկի դիմաց տան՝ այո, դա խելացի բան է։ Եթե մեր վերնախավը ուզենա, ապա գերիների հարցը կլուծվի, քանի որ չլուծվող խնդիր չկա»,- ասաց նա։
Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ ադրբեջանցի զինծառայողին, իհարկե, պետք է փոխանակել, քանի որ դա ճիշտ որոշում կլինի։ «Ինչո՞ւ այդ ադրբեջանցի զինվորին հենց այնպես հանձնել իրենց»,- նշեց նա։
Պատասխան հնչեց նաև, որ ադրբեջանցի զինվորն իրավունք չուներ մտնելու Հայաստանի սահման, և առաջնահերթ պետք է վերադարձվեն հայ գերիները։
Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ պետության կողմից որևէ քայլ չի նկատում մեր գերիների վերադարձի հարցում։
Մանրամասները` տեսանյութում: