Ազատան գյուղում գյուղացիների համար գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ զբաղվելը գնալով ավելի դժվար է դառնում։ Տարիների աշխատանքի արդյունքում ստացվող եկամուտը հաճախ չի բավարարում անգամ ծախսերը հոգալու համար։
Ազատանցի Ռոզա Խզեյանը
Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձել է գյուղում առկա սոցիալական խնդիրներին։ Նա թոշակառու է և ասում է՝ գյուղում աշխատանք չկա, իսկ գյուղացիների վիճակը գնալով ավելի է ծանրանում։
«2 անասուն եմ պահում, էդ էլ արդեն ձեռնտու չէ, շատ խեղճ վիճակի մեջ են գյուղացիները»,- ասում է նա։
Ռոզայի խոսքով՝ գյուղում աշխատանքի հնարավորությունները սահմանափակ են, ինչի պատճառով մարդիկ ստիպված են աշխատանք փնտրել քաղաքում, իսկ շատերը՝ նաև արտերկրում։
Գյուղացու համար անասնապահությունը տարիներ շարունակ եղել է ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրներից մեկը, սակայն այսօր պահելը դարձել է ծախսատար։ Անասնակերի, խնամքի և մյուս ծախսերի պայմաններում ստացվող եկամուտը, գյուղացիների խոսքով, հաճախ չի արդարացնում կատարած աշխատանքը։
Արդյունքում գյուղում ապրող մարդկանց համար հարցը միայն եկամուտ ունենալը չէ․ խնդիր է դարձել սեփական աշխատանքով արժանապատիվ ապրուստ ապահովելը։
Ազատանցիների բարձրաձայնած խնդիրները մեկ անգամ ևս ցույց են տալիս, որ գյուղում աշխատատեղերի և գյուղմթերքի իրացման հնարավորությունների բացակայությունը շարունակում է մնալ սոցիալական լուրջ խնդիր։
Մանրամասները` տեսանյութում։
Անահիտ Չալիկյան