Արտաքին 49 րոպե առաջ - 10:22 04-10-2026

Գերմանիայի կանցլեր Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ժամանել է Կիև՝ Ուկրաինային հետագա ռազմական և ֆինանսական աջակցություն խոստանալով, հաղորդում է dpa գործակալությունը։

Գերմանիայի կառավարության շրջանում գործակալության աղբյուրների տվյալներով, խոսքը, մասնավորապես, հազարավոր որսող ԱԹՍ-ների մատակարարումների և հեռահար զենքի արտադրության արագացման մասին է։

Մերցը կիրակի օրը գնացքով ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք։ «Եթե Ռուսաստանին չկանգնեցնեն, նրա ռազմական մեքենան վաղ թե ուշ կշրջվի մեր դեմ», — հայտարարել է կանցլերը։

Նրան Կիև են ուղեկցում էկոնոմիկայի նախարար Կատարինա Ռայխեն և Գերմանիայի բիզնեսի տասը ներկայացուցիչներ՝ պաշտպանական և էներգետիկ ոլորտներից։

Կառավարության աղբյուրների տեղեկացմամբ, այցի ընթացքում Մերցը մտադիր է հայտարարել Ուկրաինայի նկատմամբ Գերմանիայի նոր ֆինանսական և ռազմական պարտավորությունների մասին։ Մասնավորապես, Բեռլինը նախատեսում է Ուկրաինային մատակարարել հազարավոր որսող ԱԹՍ-ներ, որոնք նախատեսված են անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար, ինչպես նաև արագացնել հեռահար սպառազինության արտադրությունը: