ԱՄՆ պաշտպանության նախարարությունն առաջիկա տարիների համար ուսումնասիրում է Լուսնի մերձակայքում գտնվող համակարգերը զինված ուժերի կարիքների համար օգտագործելու հնարավորությունն ու դրանց հնարավոր արժեքը։
Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
«Մենք դիտարկում ենք առաջիկա 5, 10, 15, 20 տարիները՝ հասկանալու համար, թե ինչ է անհրաժեշտ լինելու ձեզ (ԱՄՆ զինծառայողներին՝ խմբ.)․ ի՞նչ համակարգեր են անհրաժեշտ Լուսնի մերձակայքում, տիեզերական, ստորգետնյա համակարգեր և ստորջրյա։ Ինչպե՞ս են ընթանալու ռազմական գործողությունները։ Ինչպե՞ս պետք է այսօրվա բյուջեն պատրաստենք վաղվա մարտերին»,– ասել է նա՝ ելույթ ունենալով Կոլորադոյում։
Սեպտեմբերի կեսերին ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Թրոյ Մեյնքը հայտնել էր, որ Միացյալ Նահանգներն ունի տիեզերական տարածքը վերահսկելու համար նախատեսված ուղեծրային սպառազինություն։
Իր հերթին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մեյնքի՝ Վաշինգտոնի կողմից «ուղեծրային զենք» ունենալու մասին հայտարարություններն ԱՄՆ-ի կողմից տիեզերքում սպառազինություն տեղակայելու ծրագրերի իրականացման ուղղակի ապացույց են։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը անհրաժեշտ է համարում անհապաղ գործնական միջոցներ ձեռնարկել տիեզերական տարածքում սպառազինությունների մրցավազքը կանխելու համար։