Ներքին Տեսանյութ 49 րոպե առաջ - 22:18 02-10-2026

Տասնյակ հազարավոր աղաչանքներ են հնչել առ Աստված, ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն. Փաշինյան

2024 թվականի փետրվարին Միացյալ Նահանգների մեր գործընկերներին հետաքրքրում էր մի հարց՝ ինչքանով է իրատեսական մեր տարածաշրջանում խաղաղությունը, և իմ արձագանքը հետևյալն էր, որ ես չեմ կարող ասել՝ որքանով է իրատեսական խաղաղությունը, բայց ես կարող եմ ասել, որ ես հավատում եմ խաղաղությանը, Աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ մասնակցել է ԱՄՆ Կրոնական ազատությունների գագաթաժողովին և Ազգային աղոթքի նախաճաշին, ինչը մեծ տպավորություն է թողել իր վրա։

«Ես ցնցված էի այդ միջոցառման ամեն ինչով, կարևորությամբ ու պարզությամբ, ազատությամբ, կարգապահությամբ և հոգևոր բովանդակությամբ, որը արտահայտվում է աշխարհիկ ձևով։ Եվ այնտեղից վերադառնալիս ինձ մի հարց էր միայն տանջում․ իսկ ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունում չկա այս ձևաչափը»,- նշել է նա։

Վարչապետն ընդգծել է, որ այդ ձևաչափը մի հարթակ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների և պատմությունների մասին։

«Մեր անկախությունից ի վեր ՀՀ 100-ավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված։ Իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն։

Այս հարցի պատասխանը գտա «Անդամալույծի բժշկումն» առակում,- նշել է նա՝ հավելելով, որ պետք էր հավատ ունենալ խաղաղության հասնելու համար։- Մենք հասկացել ենք, որ պետք է վեր կենանք և քայլենք, որովհետև նույնիսկ Աստծո օգնությամբ ոչ ոք մեր փոխարեն վեր չի կենա և չի քայլի»։

Տեսանյութ: