Ներքին Միտք 49 րոպե առաջ - 20:00 29-09-2026

ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանի վարքը ստիպում է ներողություն խնդրել եվրոպացիներից։

«Իրականում Հայաստանի Կառավարությունն ու Հայաստանի պետությունն իրենց գործողություններով պաշտպանում են Եկեղեցին։ Եվ դրա պատճառն այն է, որ անձը, որն այժմ զբաղեցնում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը, ուղղակիորեն ներգրավված է Հայաստանի պետական կարգը տապալելուն ուղղված ապօրինի գործողություններում։ Նրա եղբայրը գործակալ է, միջազգային գործակալ, ինչը հաստատված է փաստերով և փաստաթղթերով, մի երկրի, որը…»,- ասել է Հռիփսիմե Գրիգորյանը, բայց նրա ելույթն ընդհատել է նախագահողը, որը հորդորել է խոսել քննարկվող զեկույցի շրջանակում։ Այսպիսի բան ԵԽԽՎ-ում լինում է հազարից մեկ։

Ինչո՞ւ է Հռիփսիմե Գրիգորյանն այսպիսի ելույթ ունեցել, ինչո՞ւ է ընդհատել նրան նախագահողը, և ի՞նչ հետևանք կարող է սա ունենալ։

ՔՊ-ական պատգամավորն այսպիսով արձագանքել էր ԵԽԽՎ Պահպանողականների խմբի խոսնակ, Միացյալ Թագավորությունը ներկայացնող պատվիրակ Էդվարդ Լեյնի ելույթին, որը մասնավորապես ասել էր, որ աշխարհում ամենահին ազգային եկեղեցի հանդիսացող Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները ճնշումների են ենթարկվում ՀՀ կառավարության կողմից, և ԵԽԽՎ-ն պետք է մտահոգվի այս իրավիճակով և պաշտպանի եկեղեցու ազատությունը։

Բրիտանացի քաղաքական գործիչներն աշխարհում հայտնի են ազնվությամբ ու ճշտախոսությամբ։ Մյուս ազգերի քաղաքական գործիչները նրանցից օրինակ են վերցնում մինչ օրս։ Տվյալ դեպքում Էդվարդ Լեյնը ավելորդ կամ սխալ բան չի ասել, պարզապես արձանագրել է, որ Փաշինյանի իշխանությունը ճնշումներ է գործադրում հոգևորականների վրա, և կոչ է արել ԵԽԽՎ-ին արձագանքել այս իրավիճակին, պաշտպանել կրոնական ինքնավարությունը։

Իսկ ՔՊ-ական պատգամավորի արձագանքը կոռեկտ չէ։ Բրիտանացի պատգամավորը պատկառելի տարիք ունի։ ՔՊ-ականը նախևառաջ պետք է հարգեր գործընկերոջ տարիքը։ Հաջորդը՝ ՄԹ-ն համաշխարհային տերություն է, ՄԱԿ ԱԽ մշտական անդամ, 2022-ի սեպտեմբերի 15-ի ՄԱԿ ԱԽ նիստում աներկբա պաշտպանեց ՀՀ ինքնիշխան իրավունքները, դատապարտեց ՀՀ-ի դեմ ագրեսիան։ Այսինքն՝ ՄԹ-ն ՀՀ ինքնիշխան իրավունքների պաշտպանության դիրքերում է, պոտենցիալ դաշնակիցը։ ՔՊ-ականը սա էլ հաշվի չառավ։ Նա, հավանաբար, կարծեց, թե ՀՀ ԱԺ-ում է, իր առաջ էլ ԱԺ ռուսամետ ընդդիմադիր նորելուկ պատգամավոր է, որի պորտը պարտավոր է տեղը դնել։

Իսկ ինչ կլիներ, եթե Հռիփսիմե Գրիգորյանը չարձագանքեր բրիտանացի պատգամավորին։ Առանձնապես ոչինչ էլ չէր լինի։ ԵԽԽՎ-ն քննում էր ԵԽԽՎ զեկույցը ՀՀ ընտրությունների վերաբերյալ։ Բրիտանացի պատգամավորի դիտարկումը օբյեկտիվ մտահոգություն էր, որ Հայաստանում ճնշումներ են կիրառվում եկեղեցու և հոգևորականների նկատմամբ։ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ավելի խորացրեց այդ մտահոգությունը։ Նա ապացուցեց, որ այո, ճնշում են։

Առավել ամոթալին ՀՀ ներկայացուցչի զրպարտությամբ լի պատմույթն էր, այնքան կեղտոտ, որ ԵԽԽՎ նախագահողը չդիմացավ, ստիպված ընդհատեց նրան։ Եթե Հռիփսիմե Գրիգորյանի կարծիքով՝ կաթողիկոսն «ուղղակիորեն ներգրավված է Հայաստանի պետական կարգը տապալելուն ուղղված ապօրինի գործողություններում», ապա ինչո՞ւ այդ մասին հաղորդում չի ներկայացրել ԱԱԾ, այլ զարմացած դեմքով խոսում է ԵԽԽՎ-ում։ Եվրոպացինե՞րը պետք է կանխեն ՀՀ պետական կարգը տապալելու գործողությունները։ Եթե Հռիփսիմե Գրիգորյանը չի զրպարտում, ապա ո՞ւր է ԱԱԾ-ի հարուցած քրեական վարույթը պետական կարգը տապալելու մասին, որտեղ ներգրավված է կաթողիկոսը։ Կամ ո՞ւ է ԱԱԾ վարույթը կաթողիկոսի՝ միջազգային գործակալ եղբոր մասին։ Ի՞նչ տվեց ՔՊ-ին Հռիփսիմե Գրիգորյանի այս ելույթը. եվրոպացին հավատա՞ց Հռիփսիմե Գրիգորյանի խոսքին, եվրոպացին էլ չի բարձրացնի՞ ՀԱՍԵ-ի նկատմամբ ճնշումների մասին հարցը։

Ենթադրելի է, որ եվրոպացին բացասական կարծիք կազմեց ՔՊ-ի մասին, կարծելով, թե ՀՀ քաղաքականություն որոշողները ոչ միայն ճնշում են եկեղեցականներին, այլև կարող են զրպարտել նրանց միջազգային հարթակներում։ Հավանաբար, վատ կարծիք կազմեցին նաև ժողովրդի մասին, որի մի զգալի մասը ձայն է տվել ՔՊ-ին։

Կարճ ասած՝ ԵԽԽՎ նիստը նախագահողի կողմից ՔՊ-ական պատգամավորին ընդհատելը ամոթալի էր ու ցավալի։ Գուցե ՔՊ-ն դրանից հետևություն կանի, նկատողություն կտա Հռիփսիմե Գրիգորյանին, որ ՔՊ-ական պատգամավորները խրատվեն, միջազգային հարթակներում հարգանքով վերաբերվեն հեղինակավոր գործընկերներին, չխախտեն օրակարգը, չօգտագործեն ամբիոնները զրպարտության համար, նախագահողի կողմից ամոթալի դիտողության չարժանանան։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված