Արծվաշենը շատ բերրի հող է, մեծ ջրամբար ունի, հանդարտ կլիմա։ Արծվաշենը ՀՀ սուվերեն տարածքն է, որն ամբողջությամբ բնակեցված է եղել հայերով։ Եթե Ադրբեջանը պատրաստվում է խաղաղության, ապա պիտի Արծվաշենը վերադարձնի՝ ապահովելով Արծվաշեն գնալ-գալու անխոչընդոտ ճանապարհներ։
Ինչո՞ւ Բաքուն չի խոսում Արծվաշենը Հայաստանին վերադարձնելու մասին։
2025-ի օգոստոսի 8-ին եռակողմ փաստաթղթեր են ստորագրվել, նախագահ Թրամփի ներկայությամբ նախաստորագրվել է խաղաղության համաձայնագիրը։ ԱՄՆ-ն ԹՐԻՓՓ է կառուցում Սյունիքում։ Ավելի քան մեկ տարի է անցել, բայց խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլ չկա, չհաշված Ադրբեջանից Հայաստան որոշ ապրանքների ներկրումը երրորդ երկրներով կամ երրորդ երկրներից Ադրբեջանի տարածքով Հայաստան եկող գնացքները։ Սա շատ քիչ է։ Խաղաղության հետ կապված մեծ ակնկալիքներ կային և կան։
Այսօր փաստացի խաղաղություն է, բայց խաղաղության փիլիսոփայություն չկա։ Դեռևս չկա այն գաղափարը կամ նպատակը, հանուն որի հայերն ու ադրբեջանցիները իրար կողքի խաղաղ ապրելու են։ Այս փիլիսոփայությունը թելադրվում է վերևից՝ ամրագրվելով օրենքներով, նորմերով, որոնք դառնում են սովորական։
Մեր պարագայում մեծ տեղ է տրվում հասարակություններին, քանի որ խաղաղության ճանապարհին էական է ժողովուրդների միջև փոխադարձ վստահությունը։ Նախկինում ասում էին, թե հասարակությունները խաղաղությանը պատրաստ չեն, հայերն ու ադրբեջանցիները չեն կարող կողք կողքի խաղաղ ապրել։ Այս առումով՝ քանի դեռ հայերն ու ադրբեջանցիները միմյանցից հեռավորություն են պահպանում, նշանակում է, որ ըստ էության՝ խաղաղություն չկա։
Այս համատեքստում է նաև Նիկոլ Փաշինյանի հետևյալ մոտեցումը. «Կան ներքին ու արտաքին ուժեր, որոնք մտածում են՝ ոնց փլուզեն հաստատված խաղաղությունը, և ես տեսնում եմ, որ կան մի քանի կետեր, որի ներվը փորձ է արվում և արվելու է օգտագործել՝ փլուզելու համար խաղաղությունը, էսկալացիա մտցնելու համար: Ես այդ թեմայի ներվը հանում եմ, որ հնարավոր չլինի դրա շուրջ էսկալացիա կառուցել»,- մոտ մեկ ամիս առաջ ասել է նա՝ հավելելով, որ անկլավ-էքսկլավների հարցը դառնալու է մի սովորական հարց, և երկու կողմերը նստելու են ու խնդիրները միասին լուծելու։
Այսպիսով՝ ակնարկվում է, որ անկլավ-էքսկլավների շուրջ հանրային լարվածություն չի գեներացվելու։ Իրականում՝ այս ենթադրյալ լարվածությունը օբյեկտիվ հիմքեր չունի։ Եթե մարդիկ առաջնորդվեն սահմանազատման հիմք ընդունված միջազգային փաստաթղթերով, ապա Արծվաշենը Հայաստանի անբաժան մասն է, մերն է և օրենքով պետք է վերադարձվի։ Եթե առաջնորդվեն գործնականությամբ, ապա Արծվաշենը մեծ տարածք է, բերրի հողեր ունի, ջրամբար, հանդարտ կլիմա։ Եվ ի վերջո՝ եթե առաջնորդվեն խաղաղության փիլիսոփայությամբ, ապա Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության պայմաններում պետք է բացվեն Արծվաշեն գնալ-գալու ճանապարհները, այնտեղ ապրելը ապահով ու անվտանգ պետք է լինի։
Նույնը կարելի ասել Տիգրանաշենի պարագայում։ Եթե սահմանազատման հիմք է 1991-ի Ալմա Աթայի հռչակագիրը, ապա Տիգրանաշենը Ադրբեջանի տարածք է, ուստի վերադարձման ենթակա։ Այսինքն՝ սահմանազատման հիմք ընդունված փաստաթղթով ինչպես Արծվաշենն է վերադարձվելու Հայաստանին, այնպես էլ Տիգրանաշենն է հանձնվելու Ադրբեջանին։
Ադրբեջանում կան հանրային գործիչներ, որոնք խոսում են Արծվաշենը Հայաստանին վերադարձնելու մասին, սակայն Արծվաշենի Հայաստանին վերադարձնելու հարցում հանրային կոնսենսուս չկա։ Նույնն էլ կարելի է ասել Տիգրանաշենի պարագայում։ Որոշ հանրային գործիչներ կարծիք են հայտնում, թե հնարավոր է վերադարձնել Արծվաշենը, սակայն չհանձնել Տիգրանաշենը։ Այսպիսի արդյունքի համար հիմնովին պետք է փոխվի ոչ միայն ՀՀ քաղաքականությունը, այլև տարածաշրջանը, աշխարհն ու միջազգային փաստաթղթերի լեգիտիմությունը։ Սա ռեալ չէ։ Սակայն հնարավոր է, որ իրական խաղաղություն չհաստատվի, մնա այնպես, ինչպես հիմա է՝ խաղաղության կես ճանապարհին, քանի որ հասարակությունները պատրաստ չեն։
Կարճ ասած՝ եթե Արծվաշենը չեն վերադարձնում, նշանակում է՝ Ադրբեջանում չեն հավատում խաղաղությանը։ Այսինքն՝ Արծվաշենը Հայաստանին վերադարձնելու հարցն օրակարգ չբերելը ցուցիչ է, որ Ադրբեջանը չի հավատում, թե խաղաղություն է։ Նույնպես Հայաստանում չեն հավատում խաղաղությանը, երբ կասկածում են, թե Արծվաշենը Հայաստանին է վերադարձվելու, իսկ Տիգրանաշենը՝ Ադրբեջանին։
Թաթուլ Մկրտչյան