Ներքին Տեսանյութ 52 րոպե առաջ - 21:58 28-09-2026

Կառնուտի 6000-ամյա գերեզմանոցը. հողի տակ պահպանված հազարամյակների պատմություն

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Ախուրյան համայնքի Կառնուտ գյուղում հողի տակ հազարամյակների պատմություն է պահպանվում։ Գյուղի բնակիչներից մեկը Oragir.News-ի հետ զրույցում պատմում է, որ գյուղի հին գերեզմանոցը շուրջ 6000 տարվա պատմություն ունի։ Կառնուտի տարածքը հնագետներին հայտնի է որպես վաղ բրոնզի դարի կարևոր հնավայր։

Այստեղ տարբեր տարիների պեղումների ընթացքում հայտնաբերվել են բնակատեղիներ և դամբարաններ, որոնք կապվում են Կուր-Արաքսյան մշակույթի հետ։ Հնագիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Կառնուտի տարածքում մարդիկ բնակվել են հազարավոր տարիներ առաջ։

Պեղումների ընթացքում հայտնաբերված որոշ դամբարաններ նախնական տվյալներով թվագրվում են մոտ 4700-4800 տարվա վաղեմությամբ։ Կառնուտում հետաքրքիր է նաև դամբարանների և բնակատեղիի փոխհարաբերությունը։ Հնագետները դամբարաններ են հայտնաբերել բնակելի կառույցներին շատ մոտ։

Ըստ հնագիտական մեկնաբանության՝ հնարավոր է՝ բնակատեղին մի փուլում լքվել է, և հետագայում այդ տարածքն օգտագործվել է որպես գերեզմանոց, կամ հակառակը՝ բնակատեղին է ընդարձակվել դամբարանադաշտի ուղղությամբ։

Կառնուտի հնագիտական ուսումնասիրությունները շարունակվել են տարբեր տարիներին։ Գյուղի տարածքում հայտնաբերված նյութերը վկայում են, որ այստեղի բնակիչների կյանքը հազարավոր տարիներ առաջ էլ կապված է եղել հողագործության և անասնապահության հետ։

Կառնուտի բնակչի փոխանցած՝ «6000-ամյա գերեզմանոցի» պատմությունը դեռևս առանձին մասնագիտական հաստատման կարիք ունի, սակայն մեկ բան ակնհայտ է՝ գյուղի հողը հազարամյակների պատմություն է պահում։

Տեսանյութ։

Անահիտ Չալիկյան