Ներքին Միտք 1 ժամ առաջ - 14:00 27-09-2026

Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Տարօրինակ բան չկա, որ Ադրբեջանը փորձում է կեղծել պատմությունը, իրեն վերագրել հայերի ստեղծածը, աշխարհին ցույց տալ, թե դարերի մշակույթ ունի։ Զարմանալին այն է, որ Նիկոլ Փաշինյանը ձայնակցում է այդ կեղծ նարատիվներին։

«Անկախ Հայաստանի և անկախ Ադրբեջանի հարաբերություններում նախկինում երբեք այսպիսի ժամանակաշրջան չենք ունեցել, չնայած հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն»,- սեպտեմբերի 24-ին ասել է Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած ելույթում։

Պատմաբանները միանգամից արձագանքել են վարչապետին՝ ապացուցելով, որ մինչև 1918-ը Ադրբեջան չի եղել, ուստի՝ չեն եղել նաև ադրբեջանցիներ, Ադրբեջանի թագավորներ, արքայական հարստություններ չեն եղել։ Նախքան ադրբեջանցիներն այստեղ ապրել են կովկասյան թաթարներ, որոնք կազմակերպվել ու պետություն են դարձել 1918-ին։ Դրան նախորդած տարիներին էլ խաղաղ գոյակցություն չի եղել։

Խորհրդային բռնազավթման շրջանում, օրինակ՝ ադրբեջանցիները կանաչի էին ծախում Երևանի շուկաներում։ Այդ շրջանում, սակայն, ո՛չ հայերը, ո՛չ ադրբեջանցիները պետություն չեն ունեցել, սովետահպատակ են եղել, նրանց ազգային ինքնությունը ճնշված է եղել։ Բանտում, խորհրդային բանակում կամ օտարության մեջ ևս նրանք խաղաղ, միմյանց կողքի գոյակցել են, ոչ թե որպես հայեր և ադրբեջանցիներ, այլ որպես տարբեր էթնիկ ծագում ունեցող սովետահպատակներ կամ նույն համազգեստով սովետական զինվորներ, կամ նույն հոդվածով դատված կալանավորներ։ Եթե Փաշինյանը նկատի ունի խորհրդային բռնազավթման 70 տարիները, ապա՝ այո, այդ տարիներին հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցել են։ Այսինքն՝ չեն ապրել որպես հայեր և ադրբեջանցիներ, այլ գոյակցել են, գոյություն են քարշ տվել, հանդարտ մահացել են, քանի որ զրկված են եղել պետությունից, ազգային ինքնությունից։ Բայց 70 տարիները դարեր չեն, այլ տասնամյակներ։ Հետևապես ճիշտ կլիներ ասել, որ խաղաղ գոյակցել են տասնամյակներ՝ խորհրդային բռնազավթման շրջանում։

Իսկ երբ Սառը պատերազմում սովետի պարտության ու կործանման արդյունքում այս ազգերը կրկին ազգային ինքնություն են ձեռք բերել, ապա ադրբեջանցիներն իրենց ագրեսիան ու ատելությունն առաջին հերթին ուղղել են հայերի դեմ, հայերի հաշվին փորձել են ինքնահաստատվել որպես ազգային էություն։ Այս փաստը հաշվի առնելով՝ ենթադրելի է, որ եթե Ադրբեջանը դարերի պատմություն ունենար, ապա այն լի կլիներ հայերի հանդեպ նրանց թշնամանքի դրվագներով։

Այսօր էլ ադրբեջանցի իշխանավորի խոսույթի առանցքում հակահայկականությունն է։ Հոգեբանական առումով սա բնորոշվում է որպես սրիկայի վախ։ Այսինքն՝ սրիկան գիտի, որ ինքն արժանի չէ լավ մարդկանց ընկերակցությանը։ Եվ այդ վախի ճնշման տակ էլ լավ մարդկանց հանդեպ կանխավ թշնամանք է տածում, ձգտում ազատվել նրանց ներկայությունից, որ մնա միայն ինքը՝ սրիկան, և շրջապատում չլինեն բարի մարդիկ, որոնց համեմատությամբ ինքն իրեն կզգա տականք, սրիկա։

Նույնկերպ ադրբեջանցիները, ենթադրաբար, գիտեն, որ ապրում են հայկական հողում, այստեղ նրանք հայրենիք չունեն։ Եվ, հավանաբար, վախենում են, որ մի օր տան տերերը նրանց դուրս կշպրտեն որպես սրիկաների։ Ուստի՝ հորինում են կեղծ պատմույթներ իրենց դարավոր պատմության, մշակույթի մասին, իսկ հայերին ներկայացնում որպես մշակույթ ու պատմություն չունեցող անհայրենիք եկվորների։ Այդպիսի մի սադրանք էլ օրեր առաջ կազմակերպեցին Գանձասարում՝ օտարերկրյա դիվանագետների աչքի առաջ։ Հետո հայտարարեցին, թե հայերը Գանձասարից գողացել են ադրբեջանական մշակութային ու պատմական արժեքներ։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը լավատեսորեն սխալվում է, հայերն ու ադրբեջանցիները դարերի խաղաղ գոյակցության պատմություն չունեն։ Աղվանքն ու աղվանացիները հայերի հետ հաշտ են եղել, Հայքի մշակութային ազդեցության տակ, հայերի հետ թշնամաբար չեն վերաբերվել։ Սակայն այսօրվա ադրբեջանցիները հայերի հանդեպ թշնամաբար են վերաբերվում։ Ուստի՝ ադրբեջանցիները աղվան չեն, չեն եղել, Աղվանքի հետ բարոյական կապ չունեն։ Այդ տարածքում ապրած կովկասյան թաթարներն են թշնամաբար վերաբերվել հայերին։ Եվ այդ թշնամանքն էլ ժառանգել են հետագայում՝ 1918-ին ձևավորված ադրբեջանցիները։ Ուստի՝ ադրբեջանցիները կովկասյան թաթարների մի ճյուղն են։

Իսկ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից կարող էր ոչ թե դարավոր խաղաղ գոյակցության մասին խոսել, այլ ուղիղ ամոթանք ուղղել Ադրբեջանին, որը ԹՐԻՓՓ ստորագրելուց հետո շարունակում է հակահայ արշավը։ Այնինչ՝ անկախ Հայաստանի և անկախ Ադրբեջանի միջև խաղաղության համար անհրաժեշտ է, որ Բաքվի իշխանությունները դադարեցնեն հակահայկական խոսույթը, չպղծեն հայկական պատմական ու մշակութային արժեքները, հայերի և Հայաստանի հանդեպ հրապարակավ թշնամանք չարտահայտեն, քանի որ նման թշնամական մթնոլորտում խաղաղության պայմանագիրը կմնա թղթի վրա, Թրամփի արածն էլ ջուրը կընկնի։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը