Ավելին 1 ամիս առաջ - 23:51 26-09-2026

Կոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետո

Հռոմի Կոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար երեք օր փակվելուց հետո՝ պայմանավորված 22-ամյա աշխատակցի մահվամբ, հայտնել է Ansa-ն։

Երիտասարդ տղամարդը մահացել է չորեքշաբթի՝ մոտ 10 մետր բարձրությունից ընկնելով, երբ հին ամֆիթատրոնում ընթանում էին լուսավորության նոր համակարգի տեղադրման աշխատանքները։

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ, երբ Կոլիզեումն արդեն փակ էր այցելուների համար։ Սկզբում չորեքշաբթի օրը հուշարձանը բացվել էր մի քանի ժամով, սակայն հետո դրա դռները կրկին փակել էին մինչև օրվա վերջ։

Անկման հանգամանքները դեռևս մնում են անհասկանալի։ Հռոմի դատախազությունը կատարվածը քննում է որպես հնարավոր անզգույշ մահվան դեպք։ Քննիչները պարզում են, թե արդյոք աշխատանքների ընթացքում պահպանվել են անվտանգության պահանջները, ինչպես նաև ստուգում են միջադեպի այլ հանգամանքներ։ La Repubblica թերթի տվյալներով, մասնավորապես, ուսումնասիրվում է զոհված աշխատակցի որակավորման հարցը։

Այժմ Կոլիզեումը գրեթե ամբողջությամբ հասանելի է այցելուներին։ Շրջափակված է մնում միայն մոտ 10 քառակուսի մետր մակերես ունեցող հատվածը, որտեղ տեղի է ունեցել դժբախտ պատահարը։

Բացման օրը սպասվում էր մոտ 25 հազար զբոսաշրջիկ։ Հուշարձանի աշխատանքի վերսկսման մասին ուրբաթ հայտարարել է Իտալիայի մշակույթի նախարար Ալեսանդրո Ջուլին։

Միաժամանակ, իտալական իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են արհմիությունների հետ քննարկել անվտանգության հարցերը մշակութային ժառանգության օբյեկտներում աշխատանքների իրականացման ժամանակ։ Մասնավորապես, CGIL արհմիությունը քննադատել է ենթակապալառուների օգտագործումը և կոչ արել խստացնել անվտանգության պահանջների պահպանման վերահսկողությունը։

Կոլիզեումը կառուցվել է մեր թվարկության I դարում և օգտագործվել է գլադիատորական մարտերի ու այլ զանգվածային տեսարանների համար։ Այսօր այն Իտալիայի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է. ամեն տարի այստեղ այցելում է ավելի քան 15 միլիոն մարդ։ 1980 թվականին Կոլիզեումը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
07:13 Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի ԱԽ քարտուղարի պաշտոնից․ «Ժողովուրդ»
23:10 Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար
21:36 Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին
14:41 Եթե դա ճիշտ է, ապա Ադրբեջանին հաջողվել է պատերազմի սպառնալիքի ներքո 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանից կորզել TRIPP-ը․ Սուրենյանց