Ներքին Տեսանյութ 52 րոպե առաջ - 21:51 25-09-2026

«Օլիմպռեզիդենս» համատիրությունը անօրինական գործունեության համար դատարանում է

Oragir.News-ի տեղեկություններով՝ Ծաղկաձոր քաղաքի Խաչիկ Մուրադյան փողոց 3/1 հասցեում գտնվող «Ալվինա» համալիրը սպասարկող «Օլիմպռեզիդենս» համատիրության և շենքի բնակիչների միջև դատական լուրջ վեճ է ընթանում։

Oragir.News-ի հետ զրույցում փաստաբան և տվյալ շենքի բնակիչ Լիլիթ Թարջիմանյանը տեղեկացրեց, որ համատիրությունը նորաստեղծ է և նախորդ տարի է ստեղծվել շենքը սպասարկելու համար։ Նրա խոսքով՝ համատիրությունը բնակիչների կողմից իրականացվող հարցումներին և ծախսերի վերաբերյալ պահանջներին պատշաճ պատասխաններ չի տրամադրում։ Լիլիթը համատիրության գործունեության հետ կապված հարցադրումներ է ներկայացրել, որից հետո, իր խոսքով, նույն օրը իր բնակարանը զրկվել է տաք և սառը ջրից, ինչպես նաև էլեկտրականությունից։ Արդյունքում շուրջ մեկ ամիս բնակարանը զրկված է եղել այդ կոմունալ հնարավորություններից։

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ համատիրությունն այդ գործողությունը ներկայացնում է որպես «զսպման միջոց»։ Նա նշեց, որ բնակիչների հետ բանակցելու բազմաթիվ փորձերը արդյունք չեն տվել, ինչի պատճառով ստիպված է եղել դիմել դատարան։ Դատարանը բավարարել է հայցի ապահովման վերաբերյալ նրա միջնորդությունը, ինչի արդյունքում տաք և սառը ջրի մատակարարումը վերականգնվել է։

Նրա խոսքով՝ խնդիրը կապված է նաև համատիրության կողմից սահմանվող սակագների և կատարվող ծախսերի հետ։ Բնակիչները հարցումներ են կատարում ծախսերի վերաբերյալ, սակայն, ըստ Լիլիթի, հիմնավորող փաստաթղթեր չեն տրամադրվում, այլ միայն տեղեկանքներ։

Լիլիթը նաև նշեց, որ կառուցապատողը պոմպակայանը սահմանված կարգով չի հանձնել կառավարությանը, ինչի հետևանքով շենքի ջրի սպասարկումն իրականացնում է համատիրությունը, այլ ոչ թե «Վեոլիա Ջուրը»։ Նա և մեկ այլ բնակիչ դիմել են Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ խնդրելով պարտավորեցնել կառուցապատողին պոմպակայանը սահմանված կարգով հանձնել կառավարությանը։ Դիմումատուները ստացել են պատասխան, որ գործընթացն ընթացիկ փուլում է։

Փաստաբանը համատիրության գործունեության հետ կապված այլ խնդիրներ ևս է նշում։ Մասնավորապես, նրա խոսքով՝ համատիրության կառավարիչները աշխատանքային պայմանագրով աշխատողներ են, սակայն իրենց աշխատանքի ներկայության հետ կապված հարցեր կան։ Նա նշել է, որ համատիրության ներկայացուցիչներից մեկին առաջին անգամ տեսել է դատարանում, մինչդեռ, իր խոսքով, նա մեկ տարի շարունակ աշխատավարձ է ստացել բնակիչների վճարած միջոցների հաշվին։

Լիլիթ Թարջիմանյանի խոսքով՝ համատիրության գործունեության վերաբերյալ այլ հարցեր ևս կան, որոնցով դիմել են համապատասխան մարմիններին, և այս պահին վարույթ է նախաձեռնված։ Նա կարծիք հայտնեց, որ այդ վարույթի շրջանակում կարող են պարզվել և հիմնավորվել համատիրության գործունեության հետ կապված հնարավոր անօրինությունները։

Տեսանյութ:

Ձեզ գուցե հետաքրքրի