2026 թվականի հոկտեմբերի 25-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ են տեղի ունենալու Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Արմավիր և Արաքս, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր և Գառնի, Շիրակի մարզի Արթիկ և Ախուրյան, Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ, Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան, Լոռու մարզի Ստեփանավան համայնքներում, իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրությունները տեղի են ունենալու Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում։
Ախուրյան համայնքի առաջիկա ՏԻՄ ընտրությունները նախորդ ընտրությունների համեմատ էապես այլ պատկեր են խոստանում։
Եթե 2021 թվականին համայնքում իշխանության համար պայքարում էին մի քանի քաղաքական ուժեր, ապա այս անգամ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Զավեն Մանուկյանը փաստացի մրցակից չունի։
Նշենք, որ Զավեն Մանուկյանը մասնագիտությամբ բժիշկ է և Ախուրյան համայնքը ղեկավարում է 2023 թվականի հունիսից։
Oragir.News-ը զրուցել է իշխող ՔՊ կուսակցության կողմից առաջադրված, գործող համայնքապետ Զավեն Մանուկյանի հետ։
- Պարոն Մանուկյան, Ախուրյանում փաստացի մրցակցային ընտրություն չկա․ միայն Ձեր ուժն է մասնակցում։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ընդդիմադիր ոչ մի ուժ հայտ չի ներկայացրել։ - Ավելի ճիշտ կլինի, որ ընդդիմադիր ուժերից ճշտեք, բայց, ըստ իս, եթե հաշվարկները ցույց տային, որ հաջողությունը կարող է թեքվել իրենց կողմ, միանշանակ կառաջադրվեին։
- Պարոն Մանուկյան, արդյո՞ք մտավախություն չկա, որ մրցակցության բացակայությունը կարող է նվազեցնել մարդկանց մասնակցությունը։ - Կարող է որոշ մարդկանց մասնակցության նվազում լինել, բայց նաև նոր օրենքի ուժի մեջ մտնելով՝ ընտրողների քանակն է քչացել՝ հաշվի առնելով վերջին 6 ամսում Հայաստանում լինել-չլինելու հետ կապված հանգամանքը։ Բայց վստահ եմ, որ մեր ընտրողը նույն հաջողությամբ նորից կմասնակցի։
- Եթե ընտրության արդյունքը ցածր մասնակցությունը լինի, դա Ձեզ համար ի՞նչ ուղերձ կլինի։- Ինձ համար ուղերձ չի լինի, վստահ եմ, որ ցածր մասնակցություն չի լինի։
- Համայնքի բյուջեից առաջիկա տարիներին ո՞ր ուղղության վրա եք պատրաստվում ամենաշատ գումար ծախսել։ Ի՞նչ աշխատանքներ են կատարվել նախորդ տարիներին։ Եվ խնդրում եմ՝ խոսեք նաև այս նախընտրական ծրագրում առանձնացրած առաջնահերթությունների մասին։
- Այս ընթացքում ասֆալտապատումն է եղել առաջնահերթություն, գյուղերի գազաֆիկացումը։ Հաջորդ 5 տարում նաև կներառենք մշակութային կենտրոնների ստեղծումը, եղածների բարելավումը, ինչպես նաև սպորտային և երաժշտական դպրոցների բարելավումն ու նորերի կառուցումը։
- Ախուրյանի ընտրողին ի՞նչ եք խոստանում՝ որպես համայնքապետ, ոչ թե որպես ՔՊ ներկայացուցիչ։ -- Ես կարող եմ խոստանալ որպես համայնքի ղեկավար։ Բնակչությունը տեղյակ է, որ ինչ խոստացել ենք, մեր խոսքը գործ է դարձել։
- Պարոն Մանուկյան, Դուք իշխող ուժի թեկնածուն եք։ Կկարողանա՞ք որևէ հարցում հակադրվել կառավարությանը, եթե համոզված լինեք, որ դա բխում է Ախուրյանի շահից։Հակադրվելը չեմ կարող պատկերացնել՝ ինչ է, բայց եթե լինի ծրագիր, որը համայնքի բնակչության սրտով չլինի, կամ համայնքի բնակչությունը չդիտարկի որպես համայնքին օգուտ, այլ դիտարկի որպես վնաս, ապա միանշանակ առարկություններ կլինեն։
- Եթե մրցակից չկա, քննադատներ էլ չկա՞ն։ Ի՞նչ եք կարծում՝ ո՞վ է լինելու Ձեր աշխատանքի վերահսկողը կառավարման հաջորդ տարիներին։ Կառավարման այս տարիներին, եթե այլ ուժերից եղել է ներկայություն, այսինքն՝ ներգրավված են եղել կառավարման պրոցեսին, արդյո՞ք այս 3 տարվա ընթացքում ընդդիմադիր ուժերի կողմից խնդիր է բարձրացվել։- Վերահսկողը լինելու է ավագանին և այն նույն պետական գերատեսչությունները, որոնք մշտապես կատարում են իրենց աշխատանքը՝ վերահսկողության տեսքով։
Անահիտ Չալիկյան