Հորմուզի նեղուցում նավագնացության հարցը այլևս միայն ԱՄՆ-ի և Իրանի խնդիրը չէ, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։
«Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ այս խնդիրը այլևս միայն Իրանի և ԱՄՆ-ի խնդիրը չէ։ Մենք դեմ ենք Հորմուզի նեղուցը նավագնացության համար փակելուն։ Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության պաշտպանությունը գերակա նշանակություն ունի։ Հորմուզի նեղուցում ցանկացած լարվածություն անմիջականորեն ազդում է ոչ միայն տարածաշրջանային երկրների, այլև Եվրոպայի, Ասիայի, էներգետիկ շուկաների, տրանսպորտի և միլիոնավոր մարդկանց առօրյա կյանքի վրա։ Հորմուզի նեղուցը պետք է բացվի որպես երկխոսության և բանակցությունների միջոցով խնդիրները լուծելու բանալի»,- ասել է Էրդողանը։
Նա հավելել է, որ «առևտրային նավագնացության վերջին կտրուկ անկումը հստակ ցույց է տալիս խնդրի մասշտաբները։ Նեղուցի բացումը կենսական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ անվտանգության և միջազգային առևտրի համար»։
«Անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ վերադառնալ բանակցությունների սեղանին և բացել նոր դիվանագիտական ուղիներ, այլ ոչ թե նոր ճակատներ», - ասել է Էրդողանը։