Ներքին 1 ժամ առաջ - 18:29 23-09-2026

Խնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթություն․ ՄԻՊ

Խնամք իրականացնող հաստատություններում երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, մասնավորապես, բռնության կանխարգելման հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի ամենօրյա ուշադրության կենտրոնում են։

Այդ նպատակով ՄԻՊ հաստատությունը պարբերաբար մշտադիտարկման այցեր է իրականացնում խնամք իրականացնող հաստատություններ՝ երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման վիճակը մշտադիտարկելու, առկա խնդիրները վեր հանելու և իրավասու մարմիններին համապատասխան առաջարկություններ ներկայացնելու ու խնդիրների լուծումներ պահանջելու նպատակով։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մշտապես է ընդգծում, որ բռնության դեպքերի կանխարգելման տեսանկյունից կարևոր է ոչ թե պարզապես արձանագրված յուրաքանչյուր դեպքին արձագանքելը, այլև հնարավոր ռիսկերը վաղ հայտնաբերելը և անհրաժեշտ միջոցներ ժամանակին ձեռնարկելը։

Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է իր կողմից ոլորտային խնդիրների հաղթահարմանն ուղղված բազմաթիվ առաջարկների շուտափույթ ու պատշաճ կատարումը՝ խնամք իրականացնող հաստատություններում գտնվող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության նպատակով։