Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 1 ժամ առաջ - 10:48 22-09-2026

«Շանթ դաշինքն» առաջադրում է Գևորգ Փարսյանին. ՀՀ-ում ռուսական դեսպանը կփոխարինվի. Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, որոշել է «Շանթ դաշինք»-ով մասնակցել Սյունիքի ՏԻՄ ընտրություններին:

Թերթի աղբյուրի խոսքով՝ այս ուժը կառաջադրվի Կապանի առաջիկա ՏԻՄ ընտրություններին: Նրանց համայնքապետի թեկնածուն, ըստ ամենայնի, կրկին կլինի Գեւորգ Փարսյանը, որը նախորդ ընտրություններին մասնակցել եւ հաղթել է «Շանթ դաշինքի» կողմից առաջադրվելով:

2021 թվականի տեղական ընտրությունների ժամանակ այս դաշինքը բավականին ակտիվ է եղել եւ Սյունիքի որոշ համայնքներում մասնակցել է եւ բավականին շատ ձայներ ստացել` ավագանիների կազմում խմբակցություններ ձեւավորելով, ուստի այս անգամ էլ է որոշել մասնակցել ընտրություններին:

Ի դեպ, Շանթ Հարությունյանը ծնունդով կապանցի է: «Շանթ դաշինք» կուսակցությունը Կապանում ունի կուսակիցների որոշակի բանակ եւ բավականին թվով ձայներ: ՔՊ-ն, թերթի տեղեկություններով, կրկին որոշել է առաջադրել Նարեկ Բաբայանին, որը մի անգամ արդեն պարտվել է Փարսյանին:
--

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեղրիի առաջիկա ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորելու է 41-ամյա գործարար Սերգո Գալստյանը։ Ուշագրավ է, որ Գալստյանը ՔՊ-ի անդամ է դարձել ընտրություններից ընդամենը օրեր առաջ։ Այս մասին հրապարակվել է նաև «Առավոտ»-ում, որտեղ Գալստյանի՝ ՔՊ ցուցակը գլխավորելու մասին տեղեկությունը դեռ սեպտեմբերի 11-ին էր շրջանառվում։

Սակայն Գալստյանի քաղաքական ճանապարհի այս կտրուկ շրջադարձը Մեղրիում մի շարք հարցեր է առաջացնում։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին նախորդած քարոզարշավի ընթացքում, երբ Մեղրի էր այցելել ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, Գալստյանը եղել է նրա հանդիպմանն ակտիվ մասնակից։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ նա ներկա է եղել նաև Քոչարյանի փակ հանդիպմանը և այդ շրջանում իրեն ավելի մոտ է պահել ընդդիմադիր դաշտին։

Սակայն հունիսյան ընտրություններից հետո պատկերը կտրուկ փոխվել է։ Սերգո Գալստյանը հայտնվել է ՔՊ-ի շարքում, դարձել կուսակցության անդամ, իսկ այժմ արդեն գլխավորում է իշխող կուսակցության ցուցակը։
--

«Նովայա գազետա Եվրոպա»-ն գրում է, որ ՌԴ Պետդումայի վերջին ընտրություններում «Եդինյա Ռոսիա» կուսակցության արդյունքը կկազմեր մոտավորապես 34 տոկոս՝ 1.7 անգամ պակաս պաշտոնապես հայտարարված 57.8 տոկոսից։ Այս մասին երկուշաբթի՝ սեպտեմբերի 21-ին։ «Նովայա գազետա Եվրոպան» հաշվարկներ է իրականացրել ռուս ֆիզիկոս և ընտրությունների վիճակագրության հետազոտող Սերգեյ Շպիլկինի մեթոդով, որը թույլ է տալիս հայտնաբերել քվեաթերթիկների լցոնումը։

Մեթոդը հիմնված է առանձին ընտրատեղամասերում մասնակցության և կուսակցությունների արդյունքների համեմատության վրա: Ինչպես բացատրում է հրապարակումը, նշանակալի վիճակագրական անոմալիաներ չունեցող ընտրատեղամասերը գրաֆիկի վրա կազմում են համեմատաբար հարթ «միջուկ», մինչդեռ երբ մեկ կուսակցության օգտին քվեարկած ձայների թիվը միաժամանակ աճում է մասնակցության հետ, ի հայտ է գալիս բնորոշ «գիսաստղի պոչ»։
--

«Հրապարակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչարյանն իր ղեկավարած մարզում վհուկների որս է իրականացնում։ Չնայած ընտրություններն արդեն անցյալում են, երբ մարզպետը խոշորացույցով հայտնաբերում ու պատժում էր հակաիշխանականներին` ազատում էր աշխատանքից կամ այլ մեթոդներով պատժում: Սակայն հիմա էլ է շարունակում, գյուղեգյուղ ընկած, հակաիշխանականներին հայտնաբերելու եւ դատաստան տեսնելու գործը։

Նրա գործողություններն անգամ սեփական թիմակիցների շրջանում են դժգոհություն բարձրացրել: Վերջիններս կարծում են, որ այս քայլերով մարդկանց ավելի են տրամադրում իշխանության դեմ: Մարզպետին փորձել են բարեկամաբար հասկացնել, որ կանգ առնի, քաղաքականությունից հետո էլ կյանք կա»։
--

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ ԲԴԽ ներկայիս նախագահը՝ Արթուր Աթաբեկյանը, ազատվում է Կարեն Անդրեասյանի ղեկավարման ժամանակ քաղաքացիական և վարչական դատարանների դատավորների ցուցակում հայտնված թեկնածուներից։

Օրինակ՝ Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ ԲԴԽ-81-Ո-82 որոշման համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է՝

Հայրապետ Կարապետյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնից։

Դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնի թեկնածու Հայրապետ Կարապետյանին Վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով առաջարկություն չներկայացնել։

Նարինե Առաքելյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնից։

Դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնի թեկնածու Նարինե Առաքելյանին Վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով առաջարկություն չներկայացնել։
--

«Հրապարակ» թերթը գրում է. «Կրկին ակտիվացել են Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին փոխելու մասին խոսակցությունները։ Ըստ թերթի աղբյուրների՝ ՌԴ-ն դեսպանի թեկնածուի փնտրտուքի մեջ է, որպեսզի մինչեւ հունվար Կոպիրկինը հրաժեշտ տա Հայաստանին։ Առհասարակ, ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ռուսաստանում նրան համարում են ՌԴ ամենաանհաջող դեսպանը, որ երբեւէ աշխատել է Հայաստանում:

Պատճառն այն է, որ 2018 թվականի ապրիլին նշանակված դեսպանը չի կարողանում ո՛չ Հայաստանի իշխանությունների հետ համագործակցային հարաբերություններ հաստատել, ո՛չ անգամ պրոռուսական գործիչների հետ սերտ կապ պահել: Համարում են, որ նա իր մեղքի բաժինն ունի, որ Հայաստանում այսքան ծաղկում են հակառուսական տրամադրությունները»։
--

Ձեզ գուցե հետաքրքրի