«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեղրի համայնքապետի ընտրությունների շուրջ իրավիճակը օր օրի ավելի է թեժանում։ ArmLur.am-ի տեսանկարահանող խումբն այս օրերին գտնվում է Սյունիքի մարզի Մեղրի համայնքում, որտեղ բնակիչների հետ զրույցների ընթացքում արձանագրել է մի շարք ուշագրավ հանգամանքներ։ Մեղրիում համայնքապետի կալանավորման վերաբերյալ քաղաքացիների անձնական վերաբերմունքի մասին հարցումները վկայում են կալանավորված համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի բարձր վարկանիշի մասին։
Տեղացիները մեզ հետ զրույցում նշեցին, որ դեռ «շոկի մեջ են» կատարվածից։ Նրանց համար անհասկանալի է, թե ինչու Նիկոլ Փաշինյանը որոշեց այս կերպ վարվել Անդրեասյանի հետ։ Նրանք նաև հռետորական հարց են բարձրացնում՝ «Գուցե սա՞ էր շնորհակալությունը, որ Անդրեասյանի խաթր սաղ Մեղրին, Ագարակը ՔՊ ընտրեց, Նիկոլին «պաձերժկա» արին»։ «Անդրեասյանը չլիներ, Նիկոլ ո՞վ էր ընտրելու»,- ասում է մեկ այլ քաղաքացի։
Մեղրիում մեզ հետ զրույցում քաղաքացիները նաև հայտնեցին, որ Անդրեասյանը մշտապես դեմ է եղել համայնքում ապօրինի գործունեություն ծավալելուն։ Դրա մասին, ըստ նրանց, վկայում է նաև այն հանգամանքը, որ նա փակել էր մանկապարտեզի մոտ տեղակայված բենզալցակայանը, որը պատկանում է Մեղրիի նախկին համայնքապետ Բագրատ Զաքյանին։
Տեղացիների համար հատկանշական է նաև այն, որ Անդրեասյանի կալանավորման հաջորդ օրը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Մեղրիում ավագանու բոլոր անդամների ներկայությամբ խորհրդի նիստ էր հրավիրել և հայտարարել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շուտափույթ Մեղրիի համար թեկնածու գտնել։
Մեղրի համայնքի բնակիչները նաև ընդգծում են, որ Խաչատուր Անդրեասյանի կալանավորումից երկու օր անց շահագործման է հանձնվել նախկին համայնքապետ Բագրատ Նիկոյանի բենզալցակայանը՝ մարզպետի թույլտվությամբ, որի շահագործումը, ըստ նրանց, կասեցրել էր հենց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Ըստ բնակիչների՝ մարզպետը շահագրգռված է աջակցելու Սերգեյ Գալստյանին։ Եվ, ինչպես սեպտեմբերի 15-ին հայտնի դարձավ, Սերգեյ Գալստյանի թեկնածությունն արդեն հաստատվել է, և նա մասնակցելու է Մեղրիում սպասվող ՏԻՄ ընտրություններին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։