Oragir.News-ի տեղեկություններով՝ Արթիկում ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների վերաբերյալ տեղեկություններ են շրջանառվում։ Մեր աղբյուրը պնդում է, որ այդ գործընթացում հիշատակվում է ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանի անունը։
«Տարոն Չախոյանը, հատկապես, իրենց գյուղից՝ Մեծ Մանթաշից, ճնշումներով ցուցակներից դուրս է թողնում ընդդիմադիր թեկնածուներին։ Մարդկանց զանգում, վախեցնում են Տարոն Չախոյանն ու իր հարազատ հորեղբայրը։ Անձնագրային բաժնից տվյալները հասնում են Անան Ոսկանյանին, և արդեն սկսվում են ճնշումները։ Իմ գիտենալով՝ արդեն 70 տոկոսին ճնշել են»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասել է մեր աղբյուրը՝ խնդրելով չհրապարակել իր անունը։
Նշված պնդումների վերաբերյալ
Oragir.News-ը չի ստացել պաշտոնական մեկնաբանություն։ ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանը մեր զանգերն անպատասխան է թողել։ Հիշյալ տեղեկությունը ներկայացնում ենք որպես
Oragir.News-ի աղբյուրի պնդում և պատրաստ ենք հրապարակել նաև պատգամավորի դիրքորոշումը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին ՏԻՄ հերթական ընտրություններ կկայանան Շիրակի մարզի երկու խոշորացված համայնքներում՝ Արթիկում և Ախուրյանում։ Տարեվերջին ընտրական գործընթացներ են սպասվում նաև Աշոցք և Ամասիա համայնքներում։ Արթիկում սպասվող ընտրություններին մասնակցության մասին արդեն տարբեր անուններ են շրջանառվում։
Oragir.News-ի տեղեկություններով՝ ընտրություններին մասնակցելու է նաև Արթիկի նախկին համայնքապետ Մխիթար Վարագյանը։ Վարագյանը Արթիկի համայնքապետ էր ընտրվել 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում։
Նրա պաշտոնավարումն ավարտվել է 2021 թվականին՝ Արթիկ խոշորացված համայնքում կայացած ընտրություններից հետո, երբ համայնքի ղեկավար ընտրվեց Անան Ոսկանյանը։
Ներկայիս համայնքապետ Անան Ոսկանյանը ևս պատրաստվում է մասնակցել ընտրություններին և, ըստ շրջանառվող տեղեկությունների, կրկին կլինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն։ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններից առաջ Արթիկում «Քաղաքացիական պայմանագիր» և «Ազատական» կուսակցությունները համագործակցության հուշագիր էին ստորագրել, որի համաձայն՝ համայնքի ղեկավարի միասնական թեկնածուն Անան Ոսկանյանն էր։
«Ապրելու երկիր» կուսակցությունից քննարկվում է նաև Արթուր Աստոյանի թեկնածությունը։ Այլ թեկնածուների անուններ այս պահին դեռևս չեն շրջանառվում։
Անահիտ Չալիկյան