Ներքին Միտք 1 ժամ առաջ - 19:00 15-09-2026

Վանաձորը խոշորացնելու քաղաքակրթական խնդիրը

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Ուրբանիզացիայի հակառակ երևույթն է տեղի ունենում։ Եթե առաջ գյուղից գալիս էին քաղաք կամ գյուղը դարձնում էին քաղաք, ապա հիմա քաղաքից գնում են գյուղ, քաղաքն էլ դարձնում գյուղ։ Ոմանց կարծիքով՝ սա ձանձրույթից ծնված դեգրադացիա է։ Իսկ ոմանք սրա մեջ հակաքաղաքակրթական դավադրություն են տեսնում։

ՀՀ կառավարությունն առաջարկում է Վանաձոր ու Փամբակ համայնքները միավորել և դարձնել մեկ խոշորացված համայնք։ Սեպտեմբերի 14-ին նախագիծը խորհրդարանում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Առնակ Ավետիսյանը։

Ինչո՞ւ են Փամբակ գյուղը միացնում Վանաձոր քաղաքին։

Ընդդիմախոսները կասկած են հայտնում, որ այս խոշորացումը կամայական է։ Իշխանության կուսակցությունն ավանդաբար բարձր ժողովրդականություն ունի գյուղերում։ Այդ պատճառով ՔՊ-ն ուզում է գյուղերը միացնել Վանաձորին, որ կարողանա հաղթել ընտրություններում։ Եթե Վանաձորում ՔՊ-ն մեծ էլեկտորատ ունենար, ապա խոշորացման նախաձեռնությամբ հանդես չէր գա։ Ուստի՝ այս խոշորացումը իշխանության կուսակցության հաղթանակի համար է։

Այսպիսով՝ Վանաձորը կդառնա Երևանից հետո ամենախոշոր համայնքը։ Խոշոր համայնքում բազմաթիվ կուսակցություններ չեն կարող արդյունավետ մասնակցել՝ ռեսուրսների սղության պատճառով։ Եթե ընդդիմադիրները փորձեն վարձու կամավորներ ներգրավել, ապա իշխանությունները կբացահայտեն, որ կամավորներին տրված հոնորարները կամ աշխատավարձերը ընտրակաշառք են։ Իսկ իշխանության կուսակցությունն ազատորեն կարող է կամավորներ հավաքել, առատորեն վարձատրել, նրանց ոչ ոք չի բռնի, չի մեղադրի։ Այսինքն՝ ինչքան համայնքը մեծ լինի, այնքան շատ ընտրակեղծիքներ կարող է անել իշխանության կուսակցությունը, իսկ ընդդիմությունը չի կարողանա վերահսկել ամենուրեք և կանխել ապօրինությունները։

Նկատենք, որ քաղաքում են մշակութային, գիտական, քաղաքական կենտրոնները։ Իսկ գյուղերում մարդիկ մեծ մասամբ զբաղված են գյուղատնտեսությամբ։ Հետևաբար՝ քաղաքը գյուղին խառնելով կարող են տուժել գյուղատնտեսությունը, ինչպես նաև մշակույթը, գիտությունն ու քաղաքականությունը։

Առանց այդ էլ հանրության շրջանում թյուր պատկերացումներ կան քաղաքականության, քաղաքական գործչի կերպարի մասին։ Հայաստանում համայնքապետերի մեծ մասն անկուսակցական են։ Դրանք տեղային մակարդակի հեղինակություններ են, լավ կազմակերպիչներ, լավ տնտեսվարողներ, բայց քաղաքական գործիչներ չեն։ Խոշորացված համայնքներում ՏԻՄ ընտրությունները համամասնական ընտրակարգով են կազմակերպվում։ Սակայն ցուցակները գլխավորում են ապաքաղաքական մարդիկ, քանի որ տարածված կարծիք կա, թե ՏԻՄ ընտրություններն ապաքաղաքական միջոցառումներ են, համայնքապետը քաղաքական պաշտոն չէ։ Նույնիսկ իշխանության կուսակցությունն է իր ցուցակի առաջին տողերում անկուսակցականներ ներառում։ Այս իրավիճակում ոչ ոքի չի էլ հետաքրքրի, որ ընտրություններում հաղթելու համար ՔՊ-ն քաղաքն ու գյուղը խառնում է իրար։

Հիմա ինչպե՞ս է կոչվելու Վանաձորի և Փամբակի միացյալ համայնքի ղեկավարը՝ քաղաքապե՞տ, գյուղապե՞տ, թե՞ Վանաձորափամբակի գյուղաքաղաքապետ։

Կարևոր է հասկանալ, որ քաղաքի և գյուղի խնդիրներն էապես տարբեր են։ Եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է Հայաստանի քաղաքները դարձնել մեծ գյուղեր կամ գյուղերը դարձնել քաղաքի արվարձաններ, ապա պետք է պարզ ասվի այդ մասին, ներկայացվի դրա քաղաքակրթական նշանակությունը։ Գուցե ՔՊ-ի կարծիքով ՀՀ-ում քաղաքներ չպե՞տք է լինեն։ Եվ խնդիր են դրել Վանաձորը դարձնել գյո՞ւղ։ Կամ գուցե ուզում են Փամբակը քաղա՞ք դարձնել։ Ակնհայտ է, որ ՔՊ-ական իշխանություններն այսպիսի խոշորացման դիմելով անտեսում են գյուղի և քաղաքի խնդիրների, կառավարման, զարգացման տարբերությունները։ Եվ երբ մարդիկ տեսնեն, որ ՔՊ-ն այս կարևոր տարբերությունը հաշվի չի առնում, ապա ենթադրելի է, որ նրանք ևս անհարգալից վերաբերմունք կդրսևորեն մշակույթի, քաղաքականության, գիտության, քաղաքակրթական արժեքների նկատմամբ։ Հավանաբար, սա նկատի ունենալով են ասում, թե Վանաձորը Փամբակին միացնելն, ըստ էության՝ հակամշակութային, հակագիտական, հակաքաղաքական և հակաքաղաքակրթական հետևանքներ է ունենալու։

Պարզ ասած՝ Վանաձորը Փամբակին և մյուս քաղաքները շրջակա գյուղերին միացնելը ռիսկային է։ Եթե իրոք խնդիրը ընտրություններում հաղթելն է, ապա ողջամիտ մտավախություն է առաջանում, որ նույն տրամաբանությամբ Երևանի մերձակա մարզերի գյուղերն առաջիկայում կմիավորեն Երևան համայնքի մեջ։
Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
07:42 ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին