Աղմկահարույց հայտարարություն է արել նախօրեին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Այո, Սերժ Սարգսյանը պարտվել է ավելի հզոր ուժերին։ Իսկ դուք, հարգելի գործընկերներ, պարտվել եք Նիկոլին, որովհետև դուք Նիկոլով ուզում էիք հանել Սերժին, իսկ Նիկոլը ձեզ կրեց։ Նիկոլը Սերժին չի կրել։ Սերժ Սարգսյանը պարտվել է ավելի հզոր գեոպոլիտիկ ուժերի վերադասավորումներին և այլն։ Իսկ Նիկոլը կրել է իրենց»։
Ի՞նչ հզոր ուժերի մասին է ակնարկը։
Այս հարցն արդեն 5 տարի շարունակ հանգիստ չի տալիս ժողովրդին։ 5 տարի առաջ՝ 2021-ի ապրիլին, ԱԺ ընտրություններից մի քանի շաբաթ առաջ, Սերժ Սարգսյանը կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ հարցազրույցում անդրադարձել է այս հարցին ու ասել հետևյալը. «Ես չեմ պարտվել սրանց. ես պարտվել եմ շատ ավելի ուժեղ մարդկանց, շատ ավելի մեծ ուժերի»։
Առաջին հայացքից ենթադրելի է, որ խոսքը Կրեմլի մասին է։ ՌԴ-ն իսկապես շատ մեծ ազդեցություն ունի ՀՀ-ում։ Ռազմաբազան, էներգակիրները, ենթակառուցվածքները ռուսների ձեռքում են։ Ռուսամետ են քաղաքական ուժերի մի մասը։ Այս ամենը Մոսկվային դարձնում է հզոր ուժ։ Եվ ենթադրելի է, որ Արմեն Աշոտյանը հենց Պուտինին էլ նկատի ունի։
Այս վարկածի օգտին է նաև այն, որ իշխանափոխության օրերին Հայաստան էին եկել մի քանի բարձրաստիճան ռուս գործիչներ, որոնց ներկայությամբ է Սերժ Սարգսյանը հրաժարական տվել, նրանց միջնորդությամբ է Նիկոլ Փաշինյանը ստացել իշխանություն, ի դեմս նրանց՝ Կրեմլի հետ ձեռք են բերվել քաղաքական մի շարք պայմանավորվածություններ։ Այսպիսով՝ ռուսները Սերժ Սարգսյանից իշխանությունը վերցրել են ու տվել Նիկոլ Փաշինյանին մի շարք պայմաններով։
Սակայն այս ենթադրությունը լիարժեք ապացուցված չէ, քանի դեռ Սերժ Սարգսյանը կամ Նիկոլ Փաշինյանն այդ մասին չեն խոստովանել։ Դրանից զատ, եթե Մոսկվան լիներ, ապա Սերժ Սարգսյանը դա չէին թաքցնի, Արմեն Աշոտյանն էլ ուղիղ կասեր, որովհետև նրանք ազնիվ, արդարամիտ ու ճշտախոս քաղաքական գործիչներ են։ Եթե իսկապես Կրեմլն է գահընկեց արել Սերժ Սարգսյանին, ապա Հանրապետական կուսակցությունը, որը «Ռուսաֆոբիան աշխարհում 2016» զեկույցում որակվել է հակառուսական ուժ, բաց կխոսեր այդ մասին, կբերեր ապացույցներ, որ ոչ ոք չկասկածեր։ Եթե ուղիղ չեն ասում, որ այդ հզոր ուժը ՌԴ-ն է, հետևապես՝ ենթադրելի է, որ այն չէ։ Այլ տեղ պետք է փնտրենք հզորներին։
Այլ երկրների հնարավոր ներգրավվածության մասին ենթադրությունների համար հիմքեր չկան։ Բոլորն էլ կարող են հասկանալ, որ եթե Արևմուտքը լիներ Սերժ Սարգսյանին տապալելու և Փաշինյանին իշխանության բերելու կազմակերպիչն ու ճարտարապետը, ապա հեղափոխությունը չէր լինի թավշյա, կլիներ գունավոր, իշխանափոխության առաջին թիրախը կլիներ արտաքին քաղաքական կուրսի փոփոխությունը։ 2018-ին Փաշինյանն արտաքին կուրս չի փոխել։ Հակառակը՝ ավելի է խորացրել Հայաստանի կախվածությունը Կրեմլից, ինչը աղետալի հետևանքներ է ունեցել՝ պատերազմ, Արցախի կորուստ և այլն։ Ուստի՝ ենթադրելի է, որ Արևմուտքը չէ ակնարկող հզոր ուժը։
Աշոտյանի՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների մասին կիսատ խոսքն է ուշագրավ։ Այդ ի՞նչ աշխարհաքաղաքական վերադասավորումներ են տեղի ունեցել աշխարհում, որ հայ քաղաքական համայնքն այդ մասին չի իմացել, միայն Փաշինյանն է իմացել։ Այդ վերադասավորվածն ինչպե՞ս է արտացոլվել Հայաստանի վարած քաղաքականության վրա 2018-ին։ Էական, բովանդակային ի՞նչ է փոխվել այդ վերադասավորումների արդյունքում աշխարհում և Հայաստանում։ Այս հարցերի պատասխանները կա՞ն։
Կա նաև լուսանցքային վարկած։ Ասում են, թե այդ հզոր ուժերը այլմոլորակայիններն են, որոնք բոլոր երկրներում էլ կան։ Նրանց մասին բոլորը գիտեն, բայց խոսում են միայն հոգեկան խանգարում ունեցողները։ Այդ պատճառով Արմեն Աշոտյանը կոնկրետ չի ասում այլմոլորակայինների մասին։ Այս վարկածով, սակայն, մութ է մնում, թե այլմոլորակայինների ինչի՞ն էր պետք, որ Սերժ Սարգսյանին տապալեին, Նիկոլ Փաշինյանին բերեին։
Կարճ ասած՝ ժողովուրդը խարխափում է չիմացության խավարում, քանի դեռ չի պարզվել, թե որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը։ Գուցե այս պատմությունն այդպես էլ մութ մնա, և ոչ ոք, այդ թվում՝ Արմեն Աշոտյանը, այդպես էլ չիմանա, թե այդ հզոր ուժերն ինչպե՞ս հաղթեցին Սերժ Սարգսյանին, ի՞նչ զենքով, ինչ ասացին նրան, որ նա հրաժարական տվեց։
Ի դեպ՝ 2021-ի ընտրություններում ՀՀԿ-ն մասնակցել է «Պատիվ ունեմ» դաշինքով ու պարտվել, դարձել խորհրդարանական ընդդիմություն։ Եթե Աշոտյանը կարծում է, որ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը քաղաքական տարբեր ակտորներ են, ապա այո, նա իրավացի է՝ Սերժը չի պարտվել։
Թաթուլ Մկրտչյան