Ներքին 1 ժամ առաջ - 21:18 14-09-2026

Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Սեպտեմբերին բենզալցակայաններում գրանցվել է գների հերթական աճ, ինչի պատճառով «Պրեմիում» տեսակի վառելիքը պաշտոնապես հատել է 580-600 դրամի սահմանը։

Տնտեսագետ Աղասի Թավադյանի կարծիքով՝ սա ռեկորդային բարձր ցուցանիշ է վերջին վեց տարիների ընթացքում։

«Այսպիսի ցնցում նկատվել է նաև 2022 թվականին։ 2022 թվականի մարտից մինչև 2023 թվականի նոյեմբեր ընկած ժամանակահատվածում (քսան ամիս շարունակ) դիզվառելիքի գինը գերազանցում էր բենզինի գինը։ Այն առավելագույնի հասավ 2022 թվականի մայիսին՝ կազմելով 670 դրամ, իսկ 2023 թվականի սկզբին ԱԻ-95 բենզինի նկատմամբ գնային տարբերությունը կազմեց 180 դրամ։ Եթե այն ժամանակ գների աճը պայմանավորված էր Ուկրաինայում պատերազմի ակտիվ փուլի սկսմամբ, ապա ներկայումս գործում է միանգամից երկու հիմնարար գործոն»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Թավադյանը՝ մանրամասնելով։

«Առաջին գործոնը հում նավթի համաշխարհային գներն են։ Դեկտեմբերին «Բրենթ» տեսակի նավթի միջին գինը մեկ բարելի դիմաց կազմում էր 62 դոլար։ Արդեն ապրիլին այն հասավ միջինը 117 դոլարի՝ մեկ օրվա ընթացքում գրանցելով մինչև 138 դոլար ցուցանիշ։

Սա պայմանավորված էր Մերձավոր Արևելքում արդյունահանման ծավալների կրճատմամբ (շուկայից օրական մոտ 6-7 մլն բարել նավթի դուրսբերմամբ) և Հորմուզի նեղուցում նորմալ նավարկության դադարեցմամբ։ Հետագայում գները նվազեցին մինչև 90-100 դոլարի միջակայք, ինչը, սակայն, շուրջ 50 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

Հայաստանյան գների վրա ազդած երկրորդ ցնցումը կապված է ռուսական դիզվառելիքի հետ։ Հուլիսին, նավթավերամշակման գործարանների վրա անօդաչու թռչող սարքերի շարունակական հարձակումներից հետո, Ռուսաստանն ամբողջությամբ արգելեց դիզվառելիքի արտահանումը, ընդ որում՝ արգելքը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի վերջ։ Բենզինի արտահանման արգելքը, որը գործում է 2025 թվականի օգոստոսից, նույնպես երկարաձգվել է մինչև տարեվերջ։

Ռուսաստանը և Հայաստանը նույն մաքսային միության անդամներ են, և թղթի վրա ԵԱՏՄ անդամ երկրներն ազատված են նման սահմանափակումներից։ Վերջին տարիներին սա խնդիր չէր առաջացրել»։ Տնտեսագետի խոսքով՝ այժմ շուկան բախվել է վառելիքային երկրորդ ցնցմանը՝ ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումների տեսքով, ինչն արմատապես փոխել է իրավիճակը։

«Ռուսաստանն այլևս Հայաստանի վառելիքի հիմնական մատակարարը չէ։ 2026 թվականի առաջին հինգ ամիսներին ՌԴ-ից ներկրվել է բենզինի ընդամենը 20 տոկոսը և դիզվառելիքի 32 տոկոսը։ Ընդ որում, բենզինի մատակարարումների կրճատումը տեղի չի ունեցել աստիճանաբար։ Մինչև 2025 թվականի հուլիս ռուսական մատակարարումները կազմում էին ամսական ներմուծման մեկ երրորդից մինչև երկու երրորդը։ Հարկ է ընդգծել, որ այս միտումը շարունակական բնույթ է կրում, և տարեվերջին Ռուսաստանի մասնաբաժինը կարող է ավելի նվազել»,- դիտարկեց մեր զրուցակիցը։

Իսկ թե որոնք են այլընտրանքային աղբյուրները, Աղասի Թավադյանն ասաց․ «Բենզինի պարագայում՝ Բուլղարիան, Ռումինիան, Թուրքիան, Բելգիան, Կիպրոսը և անգամ Ադրբեջանը։

Խոսքը վերաբերում է Սև և Միջերկրական ծովերի ավազաններում գտնվող նավթավերամշակման գործարաններին, որտեղից վառելիքը նավերով տեղափոխվում է վրացական նավահանգիստներ, իսկ այնուհետև՝ ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով հասնում Հայաստան։

Դիզվառելիքի հիմնական նոր մատակարարներն են Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը և Իսրայելը։ Դեկտեմբերին հանրային հնչեղություն ստացած ադրբեջանական բեռների մատակարարումները հավաստի են. դրանք կազմում են ընթացիկ տարվա բենզինի ներկրման 3 տոկոսը և դիզվառելիքի՝ 8 տոկոսը, ընդ որում՝ այս ցուցանիշներն ունեն աճի միտում։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
22:28 Ազատության հրապարակում՝ բացօթյա ֆիթնես միջոցառում
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:35 Լևոն Մնացականյանն ու Բաքվի բանտերում գտնվող հայերը հրաժարվում են հանձնվել կյանքի ծանր փորձությանը. գեներալ ջան, ծնունդդ շնորհավոր