ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑԸ 130 ՏԱՐԻ ԱՆՑ՝ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Սեպտեմբերի 17-ից Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄՔԸ. ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ «ԼՔՅԱԼԸ» ԵՎ ՀՈՒՄԱՆԻՍՏԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ միջազգային ցուցահանդեսը՝ նշանավորելով կարևոր իրադարձություն հայկական արվեստի պատմության մեջ։
Վարդգես Սուրենյանցի հանրահայտ «Լքյալը» (1894)՝ նկարչի ստեղծագործական ժառանգության և հայկական կերպարվեստի նշանավոր գլուխգործոցներից մեկը, ստեղծումից ավելի քան 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում։ Ստեղծագործությունը գալիս է Աբիլխան Կաստեևի անվան Ղազախստանի Հանրապետության արվեստի ազգային թանգարանից՝ բացառիկ փոխառությամբ։
Առաջին անգամ մեկ ցուցադրական տարածքում, որպես ամբողջացող եռապատում, միավորվում են Սուրենյանցի ստեղծագործական ժառանգության առանցքային և մոնումենտալ երեք կտավներ՝ «Լքյալը» (1894), «Ոտնահարված սրբություն» (1895) և «Ջարդից հետո» (1898)։
Ցուցադրության առանձնահատուկ շեշտադրումներից է նաև Սևանավանքի Սբ․ Առաքելոց եկեղեցու պատմական դուռը՝ հենց այն դուռը, որը պատկերված է «Լքյալը» կտավում։ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ներկայացվող պատմական բնօրինակը և դրա՝ Սուրենյանցի ստեղծած գեղարվեստական պատկերը առաջին անգամ կցուցադրվեն կողք-կողքի։
Նախագծի գաղափարական առանցքում հումանիզմն է՝ մարդը, նրա արժանապատվությունը, կարեկցանքը, հիշողությունն ու համամարդկային պատասխանատվությունը։ Ավելի քան մեկ դար առաջ ստեղծված Սուրենյանցի արվեստը բարձրացնում է հարցեր, որոնք այսօր ևս արդիական են՝ արվեստը դարձնելով մարդկային փորձառության, փոխըմբռնման և երկխոսության տարածք։