Իրավապահների կողմից ձերբակալված Արմեն Մանուկյանին դատարանն արդարացրել է և ազատ արձակել դատարանի դահլիճից։
Oragir.News-ը զրուցել է ընտանիքի անդամ Լիլիթ Մանուկյանի հետ՝ պարզելու, թե ինչ իրավիճակում են իրենք այժմ, ինչ աջակցություն են ստացել պետական և համայնքային կառույցներից և արդյոք բնակարանային խնդրի լուծման ուղղությամբ որևէ առաջընթաց կա։
Լիլիթի խոսքով՝ ընտանիքը սոցիալական աջակցության հարցով դիմել է համապատասխան կառույցներին։ Նրանք դիմել են նաև Սոցիալական հարցերի նախարարություն՝ փորձելով հասկանալ՝ ինչ աջակցություն կարող են ստանալ։
«Գնացել ենք նախարարություն, մեզ ասել են՝ դիմում գրեք։ Դիմել ենք, բայց ասել են՝ մեզ չի հասնում։ Ես ինքս եմ գնացել, երեխաներիս բոլոր փաստաթղթերով դիմել եմ, բայց նպաստ չեն տվել»,- պատմեց Լիլիթը։
Հիշեցնենք, որ Լիլիթը հաշմանդամություն ունի, որդիներից մեկն աշխատում է, սակայն ստանում է փոքր աշխատավարձ, ինչն ընտանիքի բոլոր կարիքները հոգալու համար բավարար չէ։ Նրա խոսքով՝ համայնքապետարանից որոշակի աջակցություն ևս ստացել են։ Մասնավորապես՝ երեխաների համար տրամադրվել են հիգիենայի պարագաներ, իսկ ընտանիքին նաև լվացքի մեքենա են խոստացել։
«Ինձ էդ պետք չի, ինձ էդ չի հուզում, էդ մանրուքները չեն հուզում։ Ինձ հուզում է իմ չորս պատը. ինձ իմ երեխեքի տանիքն է հուզում։ Իմ երեխեքը որտեղ են հաց ուտելու, որտեղ են քնելու»,- նեղսրտեց բազմազավակ մայրը։
Oragir.News-ը շարունակելու է հետևել, թե ինչպես կընթանան քաղաքային իշխանությունների հետ հետագա բանակցությունները և ինչ վերջնական իրավական լուծում կստանա Աերացիայի բնակիչների հարցը։
Ավելի վաղ
Oragir.News-ը
հայտնել էր, որ Աերացիայում գտնվող 6 տնակները նախատեսվում էր ապամոնտաժել։ Իրավիճակը կտրուկ սրվել էր, երբ թաղապետարանի աշխատակիցները՝ ոստիկանական մեծ ուժերի ուղեկցությամբ, փորձել էին քանդել տարիներ շարունակ այստեղ գոյատևող բազմազավակ ու անապահով ընտանիքների միակ կացարանները։
Հասմիկ Մովսիսյան