Մամուլ 13 րոպե առաջ - 09:21 03-09-2026

Ընտրել բենզին լիցքավորողի՞ն, թե՞ մսավաճառին. «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթը» գրում է.

Հոկտեմբերի 25-ին կկայանան Դիլիջան համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Թեև պաշտոնապես թեկնածուների առաջադրում, գրանցում չի կատարվել, սակայն Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար, անձնական գործում իր սեռի վերաբերյալ գրառման մեջ «արու» նշած Դավիթ Սարգսյանը նախընտրական ակտիվ գործընթացի մեջ է:

Նա համայնքի գյուղերում բնակիչների հետ հանդիպումներ է ունենում, Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային էջում և Ֆեյսբուքի իր էջում ներկայացնում է կատարված աշխատանքները։ Դիլիջան համայնքի ղեկավարի այլ թեկնածուներ դեռ ի հայտ չեն եկել։

Դիլիջանում ասում են, որ համայնքի ղեկավար դառնալու ցանկություն ունի նաև Դիլիջանում մսի վաճառքի կետ ունեցող մի գործարար, որը Նիկոլ Փաշինյանի բարեկամի փեսան է: Բարեկամը մահացել է կորոնավիրուսի համաճարակի ժամանակ։

Դիլիջանցիներն ասում են, որ եթե այդ անձը որոշի մասնակցել առաջիկա ընտրություններին, ապա իրենք վատ ընտրության առաջ են կանգնելու՝ նախկինում բենզալցակայանում բենզինի լիցքավորող աշխատած Դավիթ Սարգսյանի և մսավաճառի միջև։