Սպասված հայտարարություն է արել ՌԴ նախագահը ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազան դուրս հանելու պատրաստակամության վերաբերյալ։
«Եթե Հայաստանը գտնում է, որ ռուսական ռազմաբազան (Գյումրիում) իրեն պետք չէ, ապա մենք դուրս կգանք հենց վաղը։ Բայց Հայաստանը պատրա՞ստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ իրենց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- ասել է Պուտինը սեպտեմբերի 1-ին ճեպազրույցում։
Ինչո՞ւ է Պուտինն այսպիսի բան ասում այսօր, գուցե եկե՞լ է ՀՀ-ից ռազմաբազան հանելու օրը, և ինչպիսի՞ն պիտի լինի Հայաստանի արձագանքը։
Սա առաջին անգամը չէ, որ ռուս բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են Հայաստանից ռուսական ռազմակայանը դուրս բերելու պատրաստակամության մասին։ 2024-ի մայիսի 9-ին Մոսկվայում ռուսական կողմն ակնարկել է ռազմակայանը դուրս բերելու պատրաստակամության մասին։ Այդ ժամանակ, հիշեցնենք, ՀՀ իշխանության խնդրանքով ռուսական զինվորները դուրս բերվեցին հայ-ադրբեջանական սահմանից և «Զվարթնոց» օդանավակայանից։
Բոլորը գիտեն, որ Սառը պատերազմում Արևմուտքի հաղթանակից հետո պարտված Մոսկվան պարտավորվել էր հանել զորքերը ազդեցության գոտիներից, խորհրդային հանրապետություններից, այդ թվում՝ ՀՀ-ից։ Բայց 1995-ին Մոսկվան ռևանշ է արել և ՀՀ-ում վերստին տեղակայել ռուսական ռազմակայան։ ՀՀ-ում ռուսական ռազմակայանի ներկայությունը պարունակում է ակնարկ, որ Մոսկվան ՀՀ-ում քաղաքականություն որոշելու լեգիտիմ իրավունք ունի։
1995-ի մարտի 16-ի պայմանագիրը ստորագրվել է ի հեճուկս 1994-ի մայիսի 12-ի զինադադարի բանակցություններում ձեռք բերված բազմակողմ պայմանավորվածության, ըստ որի՝ զինադադարից հետո Հայաստանից, Արցախից, Ադրբեջանից պետք է դուրս բերվեին ռուսական զորքերը։ Ըստ այդ պայմանավորվածության՝ Արցախից ու Ադրբեջանից դուրս բերվեցին, իսկ ՀՀ-ում, ի հեճուկս այդ բազմակողմ պայմանավորվածության, տեղակայվեց ռուսական բազան։
Ռուսական ռազմաբազան 1995-ին ՀՀ-ում տեղակայվել է՝ առանց ժողովրդին հարցնելու։ Ուստի՝ կարող է դուրս բերվել առանց ժողովրդի ցանկությունը հարցնելու։ Հարևան Վրաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանը դուրս է բերվել տարիներ առաջ՝ առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։ Սիրիայից ռուսական ռազմակայանը վերջնական դուրս բերելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել շաբաթներ առաջ՝ դարձյալ առանց ժողովրդին հարցնելու։ Այսինքն՝ Մոսկվան գրեթե բոլոր նախկին ազդեցության գոտիներում հանձնել է դիրքերը և դուրս բերել իր զորքերը՝ առանց մարդկանց հարցնելու։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ Հայաստանից ևս վաղ թե ուշ հեռանալու է։ Գուցե այդ օրը եկե՞լ է, որ Պուտինը հանգիստ խոսում է այդ մասին։
Հարկ է նկատել, որ ռուսական ռազմական ներկայությունը անվտանգային լուրջ ռիսկեր է առաջացնում։ Ամենաթարմ օրինակը Սիրիան է, որը տևական ժամանակ թիրախավորվում էր, քանի որ ռուսական ֆորպոստ էր դարձել, ռուսներն էին քաղաքականություն որոշում այնտեղ և հակաքաղաքակրթական կուրս պարտադրում։ Վերլուծաբանների կարծիքով՝ 44-օրյա պատերազմում Թուրքիան և Ադրբեջանը հաղթեցին Փաշինյանի վառ ռուսամետ և հակաքաղաքակրթական կուրսի պատճառով։ Ռուսաստանը կարողացավ վաճառել Արցախը, քանի որ Փաշինյանը ճանաչել էր Մոսկվայի դոմինանտությունը, հայ ժողովրդի շահերը ներկայացնելու, պաշտպանելու իրավունքը զիջել Մոսկվային։ ՔՊ-ական պատգամավոր և բարձրաստիճան գեներալն է հայտարարել, թե Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ ՌԴ-ն աջակցել է Ադրբեջանին, վերցրել է հայկական հողերն ու նվիրել ադրբեջանցիներին։ Ռուս-ադրբեջանական ագրեսիաներից հետո հայ-ադրբեջանական սահմանին եվրադիտորդներ են կանգնել, որ ռուս-ադրբեջանցիները ՀՀ ինքնիշխան իրավունքների դեմ ոտնձգություն չանեն։
Այս ամենը կարող է դաս լինել ՀՀ իշխանության համար, որ օրակարգ բերի հարցը, մանավանդ՝ Պուտինը պատրաստ է հենց վաղը դուրս բերել ռուսական բազան։ Հայրենիքը ռուսական զորքերից մաքրելու ավելի պատեհ պահ կարո՞ղ է լինել։
Խնդիրն ունի նաև տնտեսական աստառ։ Բոլորն են հասկանում, որ հայ-թուրքական սահմանի բացման իրական խոչընդոտը ռուսական ռազմական ներկայությունն է այդ սահմանին։ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկի» խոչընդոտը դարձյալ ռուսական ռազմական ներկայությունն է երկրում։ Մեծ ներդրումներ չեն կատարվում Հայաստանում, քանի դեռ այստեղ է ռուսական ռազմաբազան, ինչը ՀՀ քաղաքականության որոշման վրա ազդելու լեգիտիմ ուժային լծակ է։
ՀՀ-ից ռուսական ռազմաբազայի դուրս բերման անհրաժեշտության մասին խոսել է նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մայիսին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթնաժողովի շրջանակներում։ Սա նշանակում է, որ այսպիսի հարց կա գլոբալ օրակարգում։ Ենթադրաբար՝ կա Արևմուտքի հետ նախնական պայմանավորվածություն ՀՀ-ից ռուսական ռազմաբազան դուրս բերելու ժամկետի և գնի վերաբերյալ։ Եվ Պուտինի ակնարկը, հավանաբար, այդ պայմանավորվածությունների ծիրում է։
Այդ ամենից հետո ինչո՞ւ դուրս չի բերվում ռուսական ռազմաբազան։ Բանն այն է, որ Մոսկվան պատասխանատվությունը գցում է Փաշինյանի վրա, վկայաբերում նրա փոքրոգի լռությունը, ակնարկում, թե Փաշինյանն ուզում է ֆորպոստի վարչապետ լինել, սպասարկել ռուսական շահերը, իսկ խորհրդարանական ընդդիմությունը ռուսամետ է և դժվար, թե այս հարցը բերի օրակարգ։ Ավելին՝ Կրեմլի բնակիչը խոսքն ուղղում է նաև հայ ժողովրդին՝ ակնարկելով, թե հայ ժողովուրդն այն աստիճանի անինքնասեր մանկուրտ է դարձել, որ գուցեև կցանկանա, որ ռուսական զորքերը, որոնք այդքան մեծ կորուստներ են պատճառել, մնան իր հայրենիքում։ Սրանից ծանր վիրավորանք պատկերացնելի՞ է։
Կարճ ասած՝ եթե ՀՀ իշխանությունը անկախության և ժողովրդավարության ջատագով է, ապա օրակարգ կբերի ՀՀ-ից ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարցը, կչեզոքացնի ռուսական ներկայությունից բխող անվտանգային սպառնալիքները, վստահություն կնվաճի ժողովրդավարական աշխարհում, իրապես կնպաստի սահմանների բացմանը, ճանապարհների ու խաչմերուկների գործարկմանը, զարգացման իրական հնարավորությունների դուռ կբացի։ Իսկ եթե փոքրոգի է, ապա կհորինի սուտ, թե ինչու այսօր այդ հարցը չեն բերում օրակարգ։
Ի դեպ՝ ՀՀ-ում ռուսական ռազմակայան տեղակայելու մասին 1995-ի մարտի 16-ի հայ-ռուսական պայմանագրի հայկական բնօրինակը գոյություն չունի, ՀՀ որևէ պետական աղբյուրում չի հրապարակվել, հետևաբար՝ այն վավեր չէ։
Թաթուլ Մկրտչյան