Ներքին 13 րոպե առաջ - 20:32 01-09-2026

Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայաստանի առողջապահական համակարգը կանգնած է լուրջ ճգնաժամի առաջ՝ կապված Առողջապահության նախարարության կողմից ֆինանսավորման կտրուկ կրճատումների և նախկինում փոխանցված պետպատվերի գումարների զանգվածային հետպահանջների հետ։

Իսկ թե ինչու են բժիշկները լռում, և չեն բարձրաձայնում տիրող իրավիճակի մասին, «Առողջության իրավունք» ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը Oragir.News-ի հետ զրույցում տվեց կարճ պատասխան․ «Վախենում են»։

«Մեր համակարգում, ինչպես և Հայաստանի Հանրապետությունում, վախի մթնոլորտ է, և էդ վախի մթնոլորտը բերել է նրան, որ մարդիկ էսպես կապսուլավորվել են, քարանձավի մեջ են մտել, զգուշանում են...սա միանշանակ արված է նախընտրական դիվիդենտներ հավաքելու համար... չի կարող այսպես անպատրաստ գումարներ դնել... մենակ նրա համար, որ մի քանի հարյուրավոր վիրահատություններ անել, որ պետք է ընտրվեն։ Նպատակը կա, բայց բացի նպատակից, մարդիկ պետք է իրականացնեն սա, հետևաբար սկսվել է շատ քաոտիկ իրավիճակ։ Մարդիկ չգիտեին՝ ոնց մուտք անեին տվյալները»,- նշեց Վարդանյանը։

Նրա գնահատմամբ, բուն ֆինանսական կոնֆլիկտը ծագել է այն պատճառով, որ տարեսկզբին պետական ապահովագրական հիմնադրամն ի վիճակի չի եղել անհատական կարգով մշակել միլիոնավոր հայցերը և կիրառել է ավտոմատ հաստատման մեթոդը։ Բժիշկները ներկայացրել են անվանական, ժամով ու պացիենտի տվյալներով հստակ հայտեր, համակարգը տվել է «Օքեյ» հաստատում, իսկ ամիսներ անց պետությունը հայտարարում է, թե սխալ է հաստատել և փողերը հետ է ոզում։

Ծաղիկ Վարդանյանը սա որակում է որպես ներդնողների և հիմնադրամի ղեկավարության բացարձակ անփութություն և զուգահեռներ է անցկացնում մասնավոր շուկայի հետ։ «Մասնավոր ապահովագրության ժամանակ անպայման հայտը ներկայացվում է, կազմակերպությունն ընդունում է, հետո նոր սկսում են հետազոտել, խորհրդատվություն անել։ Էստեղ էլ նույն սխեման աշխատել է, բայց աշխատել է ֆորմալ։ Հիմա եկել, ասում են՝ չէ, մենք սխալ ենք հաստատել, հետ ենք գնում։ Դուք հաստատել եք, դուք ընդունել եք, դուք ֆինանսավորել եք...

Դուք ո՞ր սկզբունքով եք ընդունել։ Հաստատեիք ոչ ավտոմատ, կազմակերպեիք այնպես, որ ամեն ինչը լիներ պատրաստ, նոր մտնեիք ապահովագրական համակարգ»,- նկատեց մեր զրուցակիցը։

Վարդանյանի կարծիքով, կառավարչական նման անփութության արդյունքում բժշկական կենտրոններից հետ պահանջվող միլիոնավոր դրամները ուղղակիորեն ճեղքվածք են առաջացնելու հիվանդանոցների բյուջեում։

«Ով է տուժում՝ բժիշկը։ Միևնույն է, բժշկական կազմակերպություն եկած գումարներից կրճատվելու են էդ գումարները, հետ են վերադարձնելու, որը, բնականաբար, ազդեցություն է ունենալու բժշկական կենտրոնի գործունեության և բժիշկների, և բուժքույրերի աշխատավարձի վրա։ Սա հաշվապահական ատչոտ չէ... ամեն դեպքը առանձին տրվել է անունով, ազգանունով, դեմքով... իսկ հիմա գիտեք ինչ են անելու՝ խուսափելու են մարդկանց ընդունելուց»։

Առողջապահության ոլորտի փորձագետի դիտարկմամբ, համակարգային ռեֆորմի անվան տակ ներդրված կիսատ մեխանիզմները վերածվել են ֆինանսական թակարդի բժշկական հաստատությունների համար։ Եթե Առողջապահության նախարարությունը չվերանայի իր աշխատելաոճը և պատասխանատվություն չստանձնի սեփական համակարգի սխալների համար, ապա ֆինանսական ճգնաժամից բացի, երկիրը կկանգնի բժշկական օգնության հասանելիության լուրջ խաթարման առաջ, որտեղ ամենամեծ գինը վճարելու է ՀՀ շարքային քաղաքացին։

Հասմիկ Մովսիսյան