Ներքին Տեսանյութ 14 րոպե առաջ - 18:44 01-09-2026

Գիտելիքի որակը հիմա շատ-շատ ընկած է. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, Oragir.News-ը Երևանի փողոցներում քաղաքացիներից հետաքրքրվել է՝ որքանո՞վ են նրանք գոհ Հայաստանի ներկայիս կրթական համակարգից, և ինչո՞վ է այն տարբերվում իրենց դպրոցական տարիների կրթությունից։

Քաղաքացիների մի մասը դժգոհեց կրթության ներկայիս մակարդակից՝ այն համեմատելով խորհրդային և հետխորհրդային տարիների իրենց փորձի հետ։ Մյուսները նշեցին, որ կրթության որակը մեծապես կախված է նաև ծնողների ներգրավվածությունից։

«Եթե ուզում ես, որ երեխադ կրթված լինի, դու էլ պետք է ինչ-որ չափով օգնես իրեն։ Եթե ուզում ես, որ գիտելիք ստանա, ծնողը նույնպես պետք է աջակցի»,– ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի, սակայն, ներկայիս կրթական համակարգը գնահատեց բացասական։

«Մեր ժամանակահատվածում շատ լավ էր, իսկ հիմա՝ ոչ։ Հիմա երեխաներին ամեն ինչ արգելում են։ Մեր ժամանակ շատ ավելի լավ էր»,– ասաց նա։

Քաղաքացիներից մեկը հատկապես դժգոհեց դպրոցներում կարգապահության հարցում սահմանափակումներից։

«Դպրոցում խստություն պիտի լինի։ Ուսուցիչը երեխայի վրա չպետք է վախենա բղավել, ծնողն էլ չպետք է ամեն հարցում միջամտի։ Մեր ժամանակ ուսուցիչը կարող էր ականջս քաշել, նույնիսկ պատժել, և ծնողս չէր գնում ուսուցչին հարցնելու՝ ինչու եք երեխայիս պատժել։ Դրա համար էլ հիմա ջահելությունը անդաստիարակ է՝ մեծ ու փոքր չեն ճանաչում»,– ասաց քաղաքացին։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ կրթական համակարգի մակարդակը գնալով նվազում է։

«Ինձ թվում է՝ գիտելիքի որակը հիմա շատ-շատ ընկած է։ Անհամեմատելի է մեր տարիների և այսօրվա կրթությունը։ Մեր ապագա աշխատակիցները համալսարաններն ավարտում են, գալիս են՝ գիտելիքը զրո է։ Դա պարզ երևում է նաև դպրոցականների մակարդակից»,– ասաց նա։

Քաղաքացին կրթության ոլորտի խնդիրները կապեց նաև պետական քաղաքականության հետ։

«Ես դա կկապեմ մեր քաղաքականության հետ, քանի որ մեր քաղաքականությունը միտված է կրթությունը դեգրադացնելուն, ոչ թե զարգացնելուն»,– ասաց նա։

Միաժամանակ քաղաքացիներից մեկը շեշտեց, որ գիտության և տեխնոլոգիաների զարգացումը պետք չէ շփոթել գիտության նկատմամբ վերաբերմունքի հետ։

«Գիտությունը հիմա տեխնոլոգիաներով շատ է զարգացած, բայց մեր ժամանակ գիտությունը գիտություն էր։ Գիտության նկատմամբ հարգանք կար, վերաբերմունք կար։ Գիտնական մարդն իսկապես գիտնական էր համարվում»,– ասաց նա։

Քաղաքացիները նաև առաջին դասարանցիներին մաղթեցին խաղաղ երկինք, լավ ուսում և հաջողություն։

«Թող խաղաղ երկինք լինի, խաղաղություն, երեխաները լավ սովորեն։ Գիտելիքը մեր երկրի համար միշտ պետք է»,– ասաց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Հակոբյան