Քաղաքացիները հետևո՞ւմ են Կառավարության ծրագրի ներկայացմանը, ի՞նչ տպավորություն են ստացել, և կա՞ն ծրագրային դրույթներ, որոնք հատկապես տպավորել կամ մտահոգել են նրանց։
Այս հարցերի պատասխանները պարզելու նպատակով
Oragir.News-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում։
Հարցվածների մի մասը նշել է, որ հետևում է կառավարության ծրագրի ներկայացմանը, սակայն որոշ քաղաքացիներ խոստովանել են, որ ընդհանրապես չեն հետևում քաղաքական գործընթացներին։
«Ճիշտն ասած՝ ես ընդհանրապես քաղաքականությունից չեմ հասկանում, կներեք։ Կլինի՞ չպատասխանեմ»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի նշեց, որ կառավարության ծրագրին հետևում է որոշ չափով։
«Որոշ մասնակիորեն՝ այո, որոշ՝ չէ»,- ասաց նա։
Քաղաքացիներից մեկը դրական գնահատեց գործող իշխանության գործունեությունը՝ նշելով, որ երկրում փոփոխություններ է տեսնում։
«Չգիտենք, ճիշտն ասած, չեմ զբաղվում, բայց գոհ եմ հիմիկվա իշխանությունից, որովհետև ահագին փոփոխություններ կան դեպի լավը»,- ասաց նա։
Մեկ այլ քաղաքացի, անդրադառնալով հարցին՝ ծանո՞թ է կառավարության ներկայացրած ծրագրերին, լավատեսություն հայտնեց․
«Որոշ չափով՝ հա։ Ինձ թվում է՝ լավ է լինելու»։
Հարցվածներից մեկը կառավարության ծրագրի վերաբերյալ ավելի յուրահատուկ առաջարկ ներկայացրեց՝ նշելով, որ կցանկանար պետական կառավարման և օրենսդրության հիմքում ավելի մեծ տեղ ունենային Աստվածաշնչյան սկզբունքները։
«Կուզենայի, որ մեր ընդհանուր օրենքների մեջ ներառեին Աստվածաշնչյան օրենքներ, որոնք Աստծուն հաճելի կլինեին։ Կուզենայի, որ մեր կառավարության ծրագիրը շատ Աստվածաշնչյան հիմքի վրա ստեղծեին, որ Աստված էլ օրհնի»,- ասաց քաղաքացին։
Նա նաև ընդգծեց, որ իր կարծիքով՝ հասարակության և պետության համար կարևոր է կրոնական արժեքներին հետևելը։
«Եթե չունենք մենք Հիսուս Քրիստոսին, չենք ընդունում որպես մեզ Տեր ու Փրկիչ, չենք ապաշխարում ազգովի, մեր ազգում օրհնություն չի լինի»,- ասաց նա։
Մեկ այլ քաղաքացի կտրականապես բացասական վերաբերմունք հայտնեց գործող իշխանության քաղաքականության նկատմամբ։
«Դրանցից ոչ մեկին չեմ ուզում լսել այսօրվա դրությամբ։ Կոպիտ ասած՝ հիմա շատ դեպուտատների կկալանավորեն։ Երկիրը ծախում են։ Ես կռվող տղերքից եմ ու լավ գիտեմ՝ երկիրը ծախում են»,- ասաց քաղաքացին։
Նրա խոսքով՝ իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով Հայաստանը կարող է տարածքային նոր կորուստներ ունենալ։
«Մի երկու-երեք տարի հետո մենք հայրենիք չենք ունենա։ Ես այդքան բան կասեմ՝ մենք հայրենիք չենք ունենա։ Ջահել եք, չեք հասկանում՝ հայրենիք չենք ունենա»,- ասաց նա։
Մանրամասները` տեսանյութում:
Մերի Հակոբյան