Ուղիղ եթեր
Արտաքին 1 ամիս առաջ - 19:05 22-08-2026

Արքայազն Հարրին և Էլթոն Ջոնը պետք է վճարեն 13 միլիոն դոլար՝ Daily Mail-ի դեմ ձախողված հայցից հետո

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Արքայազն Հարրին, Էլթոն Ջոնն և ևս հինգ ճանաչված անձինք Մեծ Բրիտանիայի բարձրագույն դատարանի որոշմամբ պետք է նախնական կարգով վճարեն մոտ 13 միլիոն դոլար՝ Daily Mail-ի հրատարակիչ Associated Newspapers-ի դատական ծախսերը հոգալու համար։ Գումարը պետք է վճարվի մինչև օգոստոսի 28-ը։

Ինչպես հայտնում է The Guardian-ը դատարանի որոշումը հաջորդել է նրանց կողմից Associated Newspapers-ի դեմ ներկայացված հայցի ձախողմանը։ Հայցվորները պնդում էին, որ Daily Mail-ի և Mail on Sunday-ի հրատարակիչը տարիներ շարունակ իրենց մասին տեղեկություններ է ձեռք բերել ապօրինի մեթոդներով, այդ թվում՝ հեռախոսների գաղտնալսման և անձնական տվյալների ապօրինի հավաքագրման միջոցով։

Սակայն 11 շաբաթ տևած դատավարությունից հետո դատավոր Մեթյու Նիքլինը հուլիսի 7-ի վճռով մերժել էր հայցվորների բոլոր 97 պահանջները՝ նշելով, որ նրանք չեն կարողացել բավարար ապացույցներով հաստատել ապօրինի տեղեկատվության հավաքագրման մասին իրենց պնդումները։

Հայցվորների թվում, բացի Հարրիից և Էլթոն Ջոնից, եղել են երգչի ամուսին և պրոդյուսեր Դեյվիդ Ֆերնիշը, դերասանուհիներ Էլիզաբեթ Հերլին և Սեյդի Ֆրոսթը, նախկին պատգամավոր Սայմոն Հյուզը և իրավապաշտպան Դորին Լոուրենսը։

Օգոստոսի 21-ին հրապարակված նոր որոշմամբ դատավոր Նիքլինը նշել է, որ գործի որոշ առանձնահատկություններ և հայցվորների վարքագիծը դուրս են եկել քաղաքացիական դատավարության սովորական շրջանակներից։ Դատավորը հատկապես ընդգծել է մեղադրանքների ենթադրական բնույթը, դրանց լայն շրջանակը և այն փաստը, որ լուրջ հանցավոր գործողությունների մասին պնդումները հրապարակայնորեն ներկայացվել են, սակայն դատարանում վերջնականապես չեն հաստատվել։

Դատարանը դատավարության վարումը բնութագրել է որպես անկողմնակալ։ Այս հիմքով Associated Newspapers-ի դատական ծախսերի փոխհատուցումը պետք է հաշվարկվի ավելի խիստ սկզբունքով։ Սա նշանակում է, որ հրատարակիչը կարող է ավելի լայն շրջանակով պահանջել իր ծախսերի փոխհատուցումը։

Associated Newspapers-ը հայտնել է, որ դատավարության ընթացքում իր ընդհանուր իրավական ծախսերը կազմել են մոտ 45.8 միլիոն դոլար։ Սակայն այս ամբողջ գումարը դեռ չի նշանակում, որ Հարրին և մյուս հայցվորները պարտավոր են վճարել հենց 45.8 միլիոն դոլարը։

Այս պահին դատարանի կողմից սահմանված նախնական վճարումը 13 միլիոն դոլարն է։ Associated Newspapers-ը, սակայն, կարող է պահանջել նաև մնացած ծախսերի փոխհատուցումը, ինչի արդյունքում հայցվորների ընդհանուր ֆինանսական պարտավորությունը կարող է աճել ևս մոտ 34 միլիոն դոլարով։ Վերջնական չափը դեռ պետք է որոշվի դատական ծախսերը գնահատող մարմնի կողմից։

Հայցվորների փաստաբանական կողմը փորձել էր սահմանափակել նախնական վճարումը, սակայն դատարանը մերժել է այդ մոտեցումը։ Հարրին և մյուս հայցվորները մինչև հոկտեմբերի 2-ը ժամանակ ունեն որոշելու՝ արդյոք բողոքարկելու են հիմնական դատական որոշումը։

Այսպիսով, Հարրիի և մյուս հայտնի հայցվորների համար Associated Newspapers-ի դեմ դատական գործընթացը ավարտվել է ոչ միայն հայցի մերժմամբ, այլև զգալի ֆինանսական հետևանքներով։ Նրանք այժմ պետք է վճարեն առնվազն 13 միլիոն, մինչդեռ գործի վերջնական հաշվարկը կարող է նրանց համար հանգեցնել ավելի մեծ պարտավորության։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր