Եվրոպական միության երկրներից ապօրինի միգրանտներին Հայաստան արտաքսելու հնարավորության մասին տեղեկությունները մտահոգություններ են առաջացրել՝ կապված Հայաստանի կողմից նման առաջարկի ընդունման հնարավոր հետևանքների հետ։
Թեմայի շուրջ
Oragir.News-ը մեկնաբանություն խնդրեց քաղաքագետ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանից։
Նա նշեց, որ հրապարակված տեղեկությունների հավաստիությունը չի կարող հաստատել, սակայն չի բացառում նման սցենարի հնարավորությունը։
«Չեմ կարող ասել, թե որքանով են այս տեղեկությունները հավաստի և ինչ նպատակներով են շրջանառվում, սակայն Եվրոպայում նման փորձ արդեն եղել է։ Ժամանակին նմանատիպ ճնշումներ կիրառվել են նաև Հունգարիայի, Բուլղարիայի, մասամբ՝ Լեհաստանի նկատմամբ։ Այդ պատճառով չեմ բացառում, որ նման զարգացում կարող է լինել նաև Հայաստանի դեպքում»,- ասաց նա։
Քաղաքագետի կարծիքով՝ եթե նման առաջարկ իսկապես գոյություն ունի, ապա այն կարող է պայմանավորված լինել Հայաստանի նկատմամբ նախկինում տրված խոստումներով կամ իշխանություններին ցուցաբերված քաղաքական աջակցությամբ։
«Չակերտավոր ասած՝ Հայաստանին տրված որոշ խոստումների կամ աջակցությունների դիմաց երկիրը կարող է ստիպված լինել վճարել որոշակի գին։ Չեմ բացառում, որ արդեն իսկ իշխանությանը մատուցված ծառայությունների կամ դրա լեգիտիմացման դիմաց նման պահանջներ ներկայացվեն։ Հայաստանի համար դա կարող է աղետալի հետևանքներ ունենալ»,- նշեց նա։
Վերջինիս համոզմամբ՝ նման վերաբերմունքը բնորոշ է այն երկրների նկատմամբ, որոնք չեն դիտարկվում որպես լիարժեք գործընկերներ. «Երրորդ աշխարհի պետություններին հաճախ չեն ընկալում որպես արժեքավոր գործընկերներ։ Դրանք դիտարկվում են որպես անցանկալի խնդիրների լուծման կամ, այսպես ասած, «պահեստավորման» վայր, ուստի նման տարբերակը բացառել չի կարելի»։
Անդրադառնալով Հայաստանի հնարավոր արձագանքին՝ քաղաքագետը շեշտեց, որ նման առաջարկը պետք է անհապաղ մերժվի. «Արտաքին քաղաքականության տեսանկյունից Հայաստանը այսօր բավականին բարդ իրավիճակում է։ Իշխանություններն իրենց քաղաքականությունը մեծապես կապել են եվրոպական ուղղության հետ, մինչդեռ այդ ուղղությունն ինքնին հստակ չէ, և եվրոպական կառույցներն էլ Հայաստանի անվտանգության կամ պաշտպանության պատասխանատվություն չեն ստանձնել։ Այդ պայմաններում անգամ նման հարցի քննարկումը պետք է բացառվի, և այն պետք է անմիջապես մերժվի»։
Միաժամանակ, նա ընդգծում է, որ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական իրողությունները կարող են բարդացնել իրավիճակը. «Պետք է հաշվի առնել, որ գործող իշխանության արտաքին լեգիտիմության հիմնական աղբյուրը, փաստացի, եվրոպական ուղղությունն է։ Այդ պատճառով նման հարցերում առաջանում են լրացուցիչ քաղաքական ռիսկեր, և այս տեղեկությունները պատահական չեմ համարում, եթե, իհարկե, դրանք պաշտոնապես հաստատվեն»։
Քաղաքագետը նաև առանձնացնում է, որ, իր գնահատմամբ, խոսքը վերաբերում է ոչ թե Հայաստանի Հանրապետությանը տրամադրված աջակցությանը, այլ իշխանությունների նկատմամբ ցուցաբերված քաղաքական վերաբերմունքին։
«Խնդիրն այն է, որ Եվրոպական միությունը երբեք Հայաստանի Հանրապետությանը անվերապահ աջակցություն չի ցուցաբերել և, իմ կարծիքով, չի էլ ցուցաբերի։ Այս պարագայում խոսքը վերաբերում է իշխանությանը ցուցաբերված որոշակի աջակցությանը։ Եթե այդ տեղեկությունները ճիշտ են, և իշխանությունը համաձայնի նման տարբերակի, ապա դրա գինը կվճարի Հայաստանի Հանրապետությունն ու նրա քաղաքացիները»,- եզրափակեց Սուրեն Պետրոսյանը։
Հասմիկ Մովսիսյան